Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ



Զրույց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ ՔՀԾ 1-ին դասի խորհրդական ՄՀԵՐ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ

-Պարոն Շիրինյան, կապված բանակաշինության ձեռքբերումների և ժամանակի պահանջների հետ, բնականաբար, ՊՆ կադրային քաղաքականությունը որոշակի փոփոխություններ է կրում՝ փոխվում են առաջնահերթություններն ու գերակայությունները, առաջ են գալիս նոր խնդիրներ, նոր ուղղություններ։ Ինչո՞վ է բնորոշվում ՊՆ կադրային քաղաքականությունը բանակաշինության ներկայիս փուլում, որո՞նք են առանցքային խնդիրներն ու նպատակները։

-Կադրային քաղաքականությունը այն տեսակետների, սկզբունքների, կանոնների, նորմերի համակարգն է, որոնք սահմանում են անձնակազմի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները և ապահովում են մարդկային ռեսուրսի համապատասխանեցումը կազմակերպության ռազմավարությանը։

ՊՆ կադրային քաղաքականության առանցքային խնդիրներն են՝ բանակը համալրել ռազմական կրթությամբ կադրերով, զինվորական կրթօջախներում ապահովել բարձրորակ կրթություն ու դաստիարակություն, արդյունավետորեն կազմակերպել քաղաքացիական կրթությամբ կադրերի վերապատրաստումը զինվորական բուհերում, ապահովել կադրերի տրամաբանված, արդարացի և երաշխավորված առաջխաղացումը և այլն։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման փուլում պատերազմական գործողություններն ստիպում էին նորաստեղծ բանակը շուտափույթ կերպով համալրել սպայական կադրերով, որոնք, սակայն, հիմնականում չունեին ռազմական կրթություն։ Այդ էր պատճառը, որ ԶՈՒ-ի ստեղծման առաջին տասնամյակում զինվորական կրթությամբ սպաների թիվը չէր գերազանցում 5 տոկոսը։ Մինչդեռ այսօր դրանց թիվը կազմում է գրեթե 55 տոկոս։

Ուզում եմ խոսել նաև ռազմակրթական ոլորտի մասին։ Վերջին շրջանի կարևորագույն ձեռքբերումներից է ՀՀ կառավարության 2012թ. մարտի 7-ի հմ. 9 արձանագրային որոշումով ընդունված «Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգը»։ Հայեցակարգը, հիմնվելով ազգային կրթական փորձի և ռազմական կրթության ոլորտում տեղի ունեցող միջազգային զարգացումների վրա, նախանշում է ռազմական կրթության գործող համակարգի բարեփոխումների ուղղությունները, մասնավորապես՝ ռազմական կրթության շարունակականությունը, եռաստիճան կրթական համակարգի ներդրումը, փոխհամագործակցությունը, գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, որակավորումը, ռազմական կրթության բնագավառում ենթասպայական կազմի կրթության ներառումը, ինչպես նաև նախազորակոչային պատրաստումը՝ որպես սպաների պատրաստման փուլ։

-Վերջին շրջանում կարծես թե խրախուսվում է քաղաքացիական անձանց մուտքը բանակ, նրանք վերապատրաստվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և համալրում սպայակազմի շարքերը։

-Որոշ նեղ մասնագիտությունների գծով մենք օգտվում ենք քաղաքացիական բուհական կոնտինգենտից։ Սահմանված նախապատրաստական փուլը անցնելուց հետո նրանք համալրում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողների շարքերը, նրանց հետ սովորում են մեկ տարի և, որպես սպա, համալրում են զորքերը։ Քաղաքացիական բուհերի շրջանավարտները վերապատրաստվում են նաեւ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում։ Ասեմ, որ կա բավարար հոսք, այսինքն՝ քաղաքացիական կրթություն ստացած անձինք պատրաստակամ են համալրելու բանակի շարքերը, և ներդրված համակարգը արդեն իսկ դրական արդյունքներ է ցույց տվել և պիտի շարունակվի։

-Քաղաքացիների մուտքը բանակ չի՞ թուլացնի արհեստավարժության ընդհանուր մակարդակը…

-Քաղաքացիական բուհական կրթությամբ անձինք կազմում են ռազմական ինստիտուտի շրջանավարտների 7-8 տոկոսը, որոնք նախապատրաստական շրջանում և 4-րդ կուրսում սովորելիս զինվորական կրթություն են ստանում։ Հետագայում նրանք համալրում են դասակի հրամանատարական օղակը (հրամանատարական ամենակրտսեր օղակը) և հետագա առաջխաղացման համար պարտավոր են կատարելագործել իրենց գիտելիքները, յուրացնել գործնական աշխատանքի փորձառությունը և դառնալ լավ մասնագետ։

-Պարոն Շիրինյան, վերջին շրջանում ներդրվել է զինվորական առաջխաղացման նոր համակարգ, որը, իմ դիտարկմամբ, առաջին հերթին միտված է փակելու կամայականությունների, անօրինականությունների և սուբյեկտիվ գործոնի ճանապարհը։ Կխնդրեի՝ մանրամասն ներկայացնեիք առաջխաղացման ռեզերվ հասկացությունը և բացատրեիք, թե ինչ պիտի անեն մեր սպաները՝ առաջխաղացման ռեզերվում հայտնվելու համար։

-Առաջխաղացման ռեզերվը համալրում են այն սպաները, որոնք իրենց ծառայական արդյունքներով՝ իրենց բարեխիղճ ծառայությամբ, մտավոր ունակություններով, հոգեբանական հատկանիշներով արժանի են առաջխաղացման։

-Որո՞նք են առաջխաղացման չափանիշները գործնականում։ Ո՞վ է որոշում, թե որ սպան է ավելի բարեխիղճ, մտավոր բարձր ունակություններով կամ հոգեբանական պատշաճ հատկանիշներով… Զորամասի հրամանատա՞րը… ղեկավարությո՞ւնը… Նրանք կարող են կողմնակալ լինել։

-Ռեզերվում ընդգրկվելու համար հիմք են ծառայում սպայի ղեկավարած ստորաբաժանման ամփոփիչ ստուգման գնահատականները և սպայի անհատական գնահատականը։ Բոլոր մտավախությունները փարատելու համար ասեմ, որ ստուգումներ են իրականացվում զորամասի, զորամիավորման, նախարարության մակարդակով, ինչպես նաև հանրապետության նախագահին կից գլխավոր ռազմական տեսչության միջոցով։ Այսինքն՝ զորամասի հրամանատարության գործոնը (կողմնակալ լինելու հնարավորությունը) էականորեն նվազեցված է։ Առաջխաղացումը իրականացվում է վերապատրաստումից եւ քննություններից հետո։ Նրանք, ովքեր հաջողությամբ են հանձնում քննությունները, ստանում են որակավորում։ Նրանք, ովքեր ցածր գնահատականներ են ստանում վերապատրաստման ավարտական քննությունների ժամանակ, ստանում են հավաստագիր, որ մասնակցել են վերապատրաստման դասընթացներին, բայց չեն ավարտել այն։

-Չի՞ կարող, ասենք, զորամիավորման հրամանատարը առաջխաղացման հրաման տալ որևէ սպայի, որը չի անցել վերապատրաստման դասընթացները։

-Ո՛չ, չի կարող։ Առաջխաղացման համար ընտրվում են միայն առաջխաղացման ռեզերվում ընդգրկված սպաները, որոնք անցել են վերապատրաստում:

-Պատմեք, խնդրեմ, որակավորման (ատեստավորման) գործընթացի մասին։ Դա նորամուծություն է պաշտպանության համակարգում։

-Ատեստավորումը իրականացվում է երեք տարին մեկ՝ բարձր հրամանատարական կազմի համար եւ չորս տարին մեկ՝ մնացած սպայական կազմի համար: Գնդապետի և ավելի բարձր կոչում ունեցող զինծառայողների ատեստավորումը իրականացնում է կենտրոնական որակավորման հանձնաժողովը, որի ղեկավարն է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

Ինչպես բարձրաստիճան կազմի, այնպես էլ փոխգնդապետի և ավելի ցածր կոչում ունեցող սպաների որակավորումը կատարվում է համակարգչային ստուգումով, (թեստավորման միջոցով)։ Որակավորումից երկու ամիս առաջ սպաները ծանոթանում են թեստի հարցերին։

-Ի՞նչ հարցեր են ընդգրկված թեստում։

-Ավագ սպայակազմի համար հարցերի 30 տոկոսը մասնագիտական է, հարցերի 70 տոկոսի միջոցով ստուգվում է սպաների ընդհանուր զարգացածության աստիճանը, այդ հարցերը վերաբերում են աշխարհաքաղաքական խնդիրներին, իրավական դաշտին եւ այլն։ Կրտսեր հրամկազմի համար 70 տոկոսը մասնագիտական հարցեր են, և միայն 30 տոկոսն է կոչված գնահատելու զինծառայողի ընդհանուր մտավոր մակարդակը։

-Պարոն Շիրինյան, արդեն 3 անգամ իրականացվել են որակավորման ստուգումներ։ Ինչպիսի՞ պատկեր է արձանագրվել։

-Որակավորման առաջին փորձը անցյալ տարի էր, նոյեմբերին։ Որոշ զինծառայողներ հույս ունեին, թե այն կրելու է ձևական բնույթ, և այնքան էլ լավ չէին պատրաստվել ստուգմանը։ Ապրիլին կայացած որակավորման ժամանակ երկու գնդապետ թեստավորման ժամանակ ցուցաբերած անբավարար արդյունքների պատճառով զորացրվեցին, երկուսը տեղափոխվեցին ցածր պաշտոնի։ Այս տարվա նոյեմբերին որակավորման հանձնաժողովը որոշում կայացրեց անբավարար արդյունք ցուցաբերած 7 գնդապետի կապակցությամբ։ Եթե նախկինում 70 տոկոս ճիշտ պատասխանի դեպքում անցողիկ շեմը համարվում էր հաղթահարված, ապա այս տարի մենք բարձրացրել ենք նշաձողը, և զինծառայողները պարտավոր են հաղթահարել 80 տոկոսի շեմը։

80-90 տոկոս ճիշտ պատասխանների դեպքում զինծառայողը համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնին։ 90-100 տոկոսի դեպքում ենթակա է ուսուցման կամ առաջխաղացման։

-Ի՞նչ սկզբունքով է ընտրվում ռազմական ակադեմիաներ գործուղվող կոնտիգենտը։ Այստեղ նույնպես անհրաժեշտ է նվազեցնել սուբյեկտիվ գործոնը և հաստատել ընտրության թափանցիկություն և արդարացիություն։

-Կան ռազմական ակադեմիաներ գործուղվելու համար ներկայացվող նվազագույն պահանջներ. 1. զբաղեցրած պաշտոնը, 2. ծառայության ստաժը։ Այս պահանջները բավարարող յուրաքանչյուր զինծառայող իրավունք ունի դիմելու ռազմական ակադեմիայում սովորելու համար։

-Դիմելու ո՞ւմ…

-Իր հրամանատարին։ Ու եթե հրամանատարը մերժել է և նրա պատճառաբանությունը չի գոհացրել զինծառայողին, վերջինս իրավունք ունի դիմելու վերադաս ատյաններին և մասնակցելու քննությանը։

-Եթե չեմ սխալվում, անցյալ տարի խնդիր էր առաջացել ռազմաբժշկական օղակում։

-Այո՛, զինվորական բժիշկը ցանկացել էր կրթությունը շարունակել օրդինատուրայում, հրամանատարը մերժել էր։

Զինծառայողը դիմել էր վերադաս հրամանատարությանը։ Եվ նրա խնդրանքը բավարարվել էր։ Օբյեկտիվությունն ապահովելու նպատակով օրդինատուրա դիմելու համար կադրերին ընտրող հանձնաժողովը կազմավորվում է քննությունից մեկ օր առաջ, և հանձնաժողովի կազմը լրացնում են ոչ թե պաշտպանության համակարգի, այլ ԵՊԲՀ մասնագետները՝ ֆակուլտետների դեկանները։

-Փաստորեն, ուսումը շարունակելու համար կադրերն ընտրվում են քննությամբ։

-Դարձյալ գործում է թեստավորման մեխանիզմը։

-Ինչպե՞ս է կանոնակարգվում տույժերի և խրախուսման մեխանիզմը։

-Ունենք նոր «Կարգապահական կանոնագիրք», որը առավել թափանցիկ, պարզ ու վերահսկելի է դարձնում և՛ տույժերի, և՛ խրախուսանքների տրման կարգը։ Տույժերը տրվում են ծառայողական քննության արդյունքում, առնվազն 5-6 հոգու մասնակցությամբ ու երաշխավորությամբ։

Զորամասերում կան սոցիալ-իրավական հարցերով զբաղվող սպաներ, որոնք պատրաստ են լսել սպաների դժգոհությունները, ցուցաբերել իրավական աջակցություն, բարձրացնել նրանց հարցերը ինչպես ՊՆ իրավական, այնպես էլ սոցիալական ապահովության վարչությունում։

-Պարոն Շիրինյան, ՊՆ կադրային քաղաքականության հենքային ուղղություններից է ռազմական կրթադաստիարակչական քաղաքականությունը։ Արդյունավետ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան հենք, երաշխավորված մեկնարկ։

-Մենք ռազմական բուհերի ընդունելության ժամանակ հիմք ենք ընդունում միասնական քննության սերտիֆիկատը «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից, դիմորդները քննություն են հանձնում նաև ֆիզպատրաստությունից և ստուգվում է նրանց առողջական վիճակը։ Եթե նախորդ տարիներին մենք ստիպված էինք բավարարել առկա պահանջը ամբողջությամբ՝ մեծ քանակությամբ դիմորդների հնարավորություն տալով սովորելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա այս տարի մենք բավարարել ենք պահանջարկի 70 տոկոսը եւ ընտրել ենք քննությունների ժամանակ բարձր արդյունքներ ցուցաբերած դիմորդներին։

-Իսկ մնացած 30 տոկոսը ինչպե՞ս է համալրվելու։

-Եկել է մի ժամանակաշրջան, որի պահանջներից մեկն էլ որակական լիարժեք ապահովումն է. այլևս անհնար է զիջել դիրքերը և բավարարվել միջակ արդյունքներով։ Եթե դիմորդների մեջ չկան համապատասխան գիտելիքներով օժտված բավարար քանակի քաղաքացիներ, ապա մենք կփորձենք բացը լրացնել քաղաքացիական բուհերի կադրերին վերապատրաստելու ճանապարհով։

-Հանրակրթական դպրոցների շրջանավարտների ո՞ր շերտն է դիմում ռազմական ուսումնական հաստատություններ։

-Ռազմաբժշկական ֆակուլտետում և ավիացիոն ինստիտուտում հանրակրթական դպրոցների լավագույն շրջանավարտներն են։ Այս տարի 5-6 դիմորդ այնքան բարձր միավորներ ունեին, որ կարող էին անվճար սովորել ցանկացած բուհի ցանկացած ֆակուլտետում։ Անցողիկ շեմը 24-ն էր՝ երկու քննության արդյունքով, որը բավականին բարձր ցուցանիշ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պատկերը փոքր-ինչ այլ է, մեկնարկային մակարդակը համեմատաբար ցածր է։

-Ինչի՞ հետ է կապված։

-Այն զինվորական մասնագիտությունները, որոնք ուսուցանվում են ռազմական ինստիտուտում, նվիրում, տքնանք պահանջող մասնագիտություններ են։ Ոչ բոլորն են ուժ գտնում իրենց մեջ ստանձնելու այդ ծանր աշխատանքը կատարելու պարտականությունը։

-Վերջերս փոխվեցին մի քանի ռազմական կրթօջախների ենթակայությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված։

-Հայաստանի բոլոր ռազմաուսումնական հաստատությունները, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում, անցել են պաշտպանության նախարարի ենթակայության տակ եւ վերահսկվում են նրա առաջին տեղակալի միջոցով։ Այսօր մենք շեշտը դնում ենք ռազմական բուհերում կուրսանտների մասնագիտական-հոգեբանական որակների դաստիարակության վրա։ Դասավանդվող մի շարք առարկաներ ուղղակիորեն միտված են կամային և հոգեբանական հատկանիշները զարգացնելուն, ինչպես, օրինակ, «Ռազմական հոգեբանություն», «Առաջնորդություն և կառավարում» առարկաները։ Մենք այն կարծիքին ենք, որ ռազմարվեստը էականորեն շաղկապված է մարդկային գործոնի հետ, և զինվորական կոլեկտիվի մարտունակությունը առաջին հերթին հոգեբանական հենք ունի։

-Պարոն Շիրինյան, սա Ձեր առաջին հարցազրույցն է «Հայ զինվոր» թերթին ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի պաշտոնում, և կխնդրեի կենսագրական տեղեկություններ հաղորդել մեր ընթերցողներին։

-Ծնվել եմ Երեւան քաղաքում: Մանկությունս անցել է Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով, սովորել եմ Երևանի պետհամալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ծառայել եմ ազգային բանակում՝ որպես դասակի հրամանատար (սպա)։ Եվ մինչ օրս բանակում եմ։ Եղել եմ ուսումնական վաշտի հրամանատար, գումարտակի, գնդի հրամանատարի տեղակալ, խաղաղապահ զորամասի հրամանատարի տեղակալ, կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետի տեղակալ։ Գերազանցությամբ ավարտել եմ նաև Ֆրունզեի անվան ակադեմիան և վերապատրաստվել եմ մի շարք արտասահմանյան երկրներում։ ՊՆ կադրերի վարչությունը ղեկավարում եմ 2011-ի մարտից։ Ամուսնացած եմ, ունեմ երկու աղջիկ։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/12/2012