Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՌԵԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ



Այս վերնագիրն է կրում ադրբեջանական «Haqqin.az» կայքի հրապարակումներից մեկը, որը մեծ արձագանք է գտել համացանցում: Խնդիրը հետևյալն է: Վերջերս Ռուսաստանում ստեղծվել է «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն», որից հետո Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները լարվել են, քանի որ Ադրբեջանում համարում են, որ այդ միության գործունեությունն ուղղված է Իլհամ Ալիևի իշխանության դեմ: Իսկ երբ նոյեմբերի կեսին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն այցելեց Ադրբեջանի հյուսիսային շրջաններ և հանդիպեց անջատական «Սադվալ» կազմակերպության ներկայացուցիչների հետ, Բաքվում ուղղակի հիստերիայի մեջ ընկան, ինչն արտահայտվեց ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածություն ունեցող հրապարակումների «հրավառությամբ»:

ՏԵՂԵԿԱՆՔ. Լեզգիական ժողովրդական «Սադվալ» շարժումը հիմնվել է 1989թ.: 1990թ. հուլիսի 14-ին Բելիջի ավանում տեղի է ունեցել կազմակերպության հիմնադիր համագումարը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լեզգիների մի մասը հայտնվեց Ռուսաստանի, մյուսը` Ադրբեջանի կազմում: «Սադվալ» շարժման հետևորդները ձգտում էին ազգային պետություն ստեղծել Դաղստանի և Ադրբեջանի տարածքների մի մասի վրա: 1993թ. հունիսի 15-ին «Սադվալի» ներկայացուցիչների 8 հոգանոց մի խումբ Դաղստանի տարածքից հարձակվեց Ադրբեջանի Կուսարի շրջանի սահմանապահ ուղեկալներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվեց մեկ սպա, երկու զինվորներ վիրավորվեցին: «Սադվալի» մի խումբ ակտիվիստներ ձերբակալվեցին, նրանք մեղադրվեցին բռնի ուժով Լեզգիստանի Հանրապետություն ստեղծելու փորձերի համար: 1994թ. մարտին Բաքվի մետրոյում ահաբեկչություն կատարվեց, որը իրագործելու մեղադրանքով ձերբակալվեցին «Սադվալի» մի շարք անդամներ:

«Haqqin.az»-ը գրում է. «Անկասկած է, որ իշխանության կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը պատրաստվել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իջեցրած հիմնադրույթների հիման վրա: Այդ նյութերի միջով կարմիր թելի նման ձգվում է Կրեմլի կողմից Ադրբեջանում անջատականության հաղթաթուղթը գործածելու, տարբեր ուժերի, մասնավորապես` «Միլիարդատերերի միությունը» (հիմա` «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությունը»-Ա.Յ.) Բաքվի դեմ օգտագործելու մեղադրանքը, որի շարժառիթը Կրեմլի նոր կայսերապաշտական նկրտումներն են»:

Ադրբեջանը բացահայտորեն մեղադրում է Ռուսաստանին իր ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու փորձերի համար: Ցայսօր ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներն այսչափ կտրուկ մեղադրանքներ չէին ուղղել Ռուսաստանի հասցեին: Հետևաբար, եզրակացնում են քաղաքական դիտորդները, դրությունը լուրջ է:

Ադրբեջանական կառավարամետ «Օլայլար» թերթը, օրինակ, «Ռուսաստանը կրակի հետ է խաղում» վերտառությամբ հոդվածում գրում է. «Ադրբեջանում «Սադվալի» գաղափարը հրահրող Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ վաղն օրակարգում կարող է հայտնվել Դաղստանի անկախության գաղափարը: Ռուսաստանում ինքնավարությունների մեծ մասը մահմեդական ծագում ունի: Վաղը հանուն անկախության նրանց շարժումը կստանա մահմեդական ամբողջ աշխարհի աջակցությունը»:

Ռուսաստանի հասցեին նույն սպառնալիքներն է տեղացել կառավարամետ պատգամավոր Զախիդ Օրուջը: «Շարգ» թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Էթնիկական խաղաքարտը սեղանին նետելու Կրեմլի փորձը կարող է իր իսկ դեմ դուրս գալ, քանի որ մենք հնարավարություն ունենք ապաստան տրամադրելու չեչեն ժողովրդի մեծ մասին, որը հակամարտությունից տուժել է: Թաթարստանում, Ինգուշիայում նույնպես ուժեղ են ազգային անկախության գաղափարները: Հասկանալի է, որ Ադրբեջանը մտադիր չէ այս հարցի պատրվակով պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Բայցեւ բավական է փոքր-ինչ թուլացնել Ադրբեջանի սահմանի հսկողությունը, և նա կվերածվի հակառուսական ուժերի հենահարթակի»:

Որոշ փորձագետների կարծիքով, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների սրումը կապված է նաև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետագա վարձակալության շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունների` փակուղի մտնելու հետ: Վարձակալության ժամկետն արդեն ավարտվում է, իսկ Ադրբեջանը դեռևս չի ուզում զիջել ու պահանջում է 300 մլն դոլար «աստղաբաշխական» գումարը:

Դատելով ըստ ամենայնի` Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է: Այդ է վկայում Ադրբեջանի առաջարկությունը ՆԱՏՕ-ին` ապահովելու իր տարածքով անցնող նավթի ու գազի խողովակաշարերի անվտանգությունը: Որպես հիմնավորում` Ադրբեջանը նշել է Թուրքիայի և Վրաստանի տարածքներում խողովակաշարերին սպառնացող վտանգը: Որոշ փորձագետների կարծիքով, Ադրբեջանը չի խոստովանում, որ իրականում իր մտահոգությունը պայմանավորված է Հայաստանում հոկտեմբերի 1-13-ը անցկացված համաբանակային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ հակառակորդի էներգետիկ ենթակառուցվածքներին հրթիռային հարվածների հաջող մոդելավորմամբ: Անշուշտ, չի բացառվում նաև, որ Բաքուն իր խողովակաշարերի համար սպառնալիք է տեսնում նաև Իրանի և քրդերի կողմից:

Եթե հաշվի առնենք նաև այն, որ միայն այս տարի արևմտյան ընկերությունները Ադրբեջանում գրեթե 10%-ով նվազեցրել են նավթի արդյունահանման ծավալները, և Ալիևը նրանց մեղադրում է իրեն 8 մլրդ դոլար «գցելու» համար, ապա ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում հասունանում է քաղաքական համակարգային ճգնաժամ:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Ռազմական


05/12/2012