Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2011թ. հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված իր «Ինտեգրացման նոր գործընթաց Եվրասիայի համար. ապագա, որ ծնվում է այսօր» հոդվածում առաջ քաշեց Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը: Այդ միության ստեղծման հաջորդական քայլերի շղթան հետևյալն է` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև գործող մաքսային միություն (գործում է 2011թ. հուլիսի 1-ից) – նույն երկրների միջև ստեղծված Տնտեսական միասնական տարածություն (գործում է 2012թ. հունվարի 1-ից) – Եվրասիական միություն: Տնտեսական միասնական տարածությունը ավելի քան 165 մլն սպառող ունեցող վիթխարի շուկա է, որում գործում է միասնական օրենսդրություն, որտեղ կապիտալը, ծառայություններն ու աշխատուժն ազատ են տեղաշարժվում: Նշված երկրների քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրելու իրենց բնակության վայրը, կրթական հաստատությունը, աշխատանքը: Վ.Պուտինի խոսքով, նույնիսկ ԽՍՀՄ-ում այդպիսի ազատություն չի եղել: Ռուսաստանցի, ղազախստանցի կամ բելառուս ցանկացած գործարար իրավունք ունի ընտրելու, թե նշված երկրներից որում գրանցի իր ընկերությունը, վարի իր գործերը, որտեղ մաքս վճարի:

Վերազգային կառույցի` Եվրասիական միությանն անդամակցելը, Վ.Պուտինի խոսքով, չի խանգարելու Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին, քանի որ երկու միությունների հիմքում էլ ազատության, ժողովրդավարության և շուկայական օրենքների արժեքներն են, և նույնիսկ նպաստելու է, որովհետև Եվրասիական միությանն անդամակցած պետությունները տնտեսապես զարգանալուց հետո ավելի մեծ իրավունքով կարող են հավակնել Եվրամիության անդամ դառնալու:

Կազմավորման համանման ճանապարհ է անցել նաև Եվրամիությունը. 40 տարվա ընթացքում զուտ տնտեսական կազմակերպությունը` Ածխի և պողպատի եվրոպական միավորումը, վերածվեց վերազգային կառույցի` Եվրամիության: Վ.Պուտինի կարծիքով, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությունն ու Տնտեսական միասնական տարածությունը կկայանան շատ ավելի արագ, որովհետև հաշվի է առնվում Եվրամիության փորձը, և վերջինի սխալները չեն կրկնվելու:

Որոշ փորձագետների կարծիքով, Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը ծնվել է Ռուսաստանի համար օբյեկտիվ անհրաժեշտությունից: Նրանք շեշտում են, որ ժամանակակից աշխարհը տնտեսական խոշոր խմբավորումների աշխարհ է: Դրանցից ամենամեծը Եվրամիությունն է. նրա կազմի մեջ մտնող երկրների փոխադարձ ինտեգրման արդյունքում Ռուսաստանի սահմանների մոտ հայտնվում է 500 մլն բնակչություն և 15 տրլն դոլարի հավասար համախառն ներքին արդյունք ունեցող մի վիթխարի կայսրություն: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում ապրում է մոտ 140 մլն մարդ, իսկ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2 տրլն դոլարից փոքր-ինչ ավելի է: Փորձագետներն իրավամբ նկատում են, որ այս պայմաններում Ռուսաստանը կարող է վերածվել իր արևմտյան հզոր հարևանի հումքային կցորդի. չէ՞ որ Ռուսաստանն իր ապրանքների ավելի քան 50%-ը վաճառում է Եվրոպային, վաճառածի մեծ մասն էլ հումք է:

Մյուս կողմից Ռուսաստանին սահմանակից է Չինաստանը` 1.3 մլրդ բնակչությամբ և 11 տրլն դոլար ՀՆԱ-ով: Ի տարբերություն Եվրամիության` ՉԺՀ-ն զարգացող երկիր է և ակնկալվում է, որ նրա հզորությունը մեծանալու է: Մինչդեռ ռուսական Հեռավոր Արևելքը շարունակում է դատարկվել, իսկ նրան սահմանակից չինական նահանգների բնակչության քանակը մոտ 200 մլն է:

Եթե Ռուսաստանը այլ պետությունների հետ ինտեգրման ճանապարհով արագորեն չավելացնի իր բնակչության քանակն ու ՀՆԱ-ն, ի վիճակի չի լինի համաշխարհային շուկայում դիմանալու տնտեսական և գիտատեխնիկական մրցակցությանը և կվերածվի իր հզոր հարևանների կիսագաղութի: Այս դրույթը, ճիշտ լինելով Ռուսաստանի պարագայում, առավել ևս ճիշտ է հետխորհրդային տարածքի մյուս երկրների համար, որոնց մարդկային ու տնտեսական ներուժը անհամեմատ ավելի քիչ է Ռուսաստանի ներուժից:

Մի շարք փորձագետներ կարծում են, որ միայն միջինասիական պետություններին ինտեգրվելու դեպքում Ռուսաստանի առջև կծառանա էթնիկական հավասարակշռության խախտվելու վտանգը, որը դեռ նախկին ԽՍՀՄ-ի համար իրական էին համարում ամերիկյան վերլուծաբանները: ԽՍՀՄ-ի փլուզումը կանխեց այն, սակայն Միջին Ասիան, որտեղ այժմ ապրում է 61 մլն մարդ, և որտեղ ռուսների քանակը շարունակում է նվազել, հեռանկարում կարող է ազգային խնդիր ստեղծել Ռուսաստանի համար: Ռուսաստանի, որի հաշվին, ինչպես կարծում են ոմանք, նախկին ԽՍՀՄ-ում սնունդ առան տեղային ազգայնականությունները և հետո դուրս եկան հենց Ռուսաստանի դեմ: Ահա ինչու գիտնականների մի խումբ գտնում է, որ եվրասիական վերազգային նոր կազմավորման միջուկը պետք է կազմեն սլավոնական երեք պետությունները` Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան, որոնցում բնակվում է մոտ 200 մլն մարդ:

Այսօր խնդրահարույց է Ուկրաինայի մասնակցությունը: Սոցիոլոգիական հարցումների համաձայն` այդ երկրի բնակչության 50-60%-ը հենց եվրասիական և ոչ թե Արևմուտքի հետ ինտեգրման կողմնակից է: Սակայն արևմտամետ է Ուկրաինայի իշխող վերնախավը, որը և խոչընդոտ է սլավոնական պետությունների միություն ստեղծելու ճանապարհին: Բացի դրանից, փորձագետները նկատում են, որ Ուկրաինայում եվրասիական ինտեգրման աջակիցների մեծ մասը նրանք են, ովքեր ապրել են ԽՍՀՄ-ում: Մինչդեռ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծնվածներն արդեն ընտրական իրավունք ունեցող երիտասարդներ են, որոնց համակրանքը շահելը շատ դժվար է: Եվս մի քանի տարվա հապաղում, և Ռուսաստանն ուկրաինական հասարակության մեջ կկորցնի իր աջակիցներից շատերին: Ակնհայտ է, որ նույն խնդիրը գոյություն ունի նաև հետխորհրդային տարածքի մյուս պետություններում, այդ թվում՝ Հայաստանում: Միգուցե նաև սա է պատճառը, որ Վ.Պուտինը շտապում է Եվրասիական միություն ստեղծելու ճանապարհին:

Հայաստանի համար Եվրասիական միության տնտեսական առավելությունները տեսանելի չեն` Ռուսաստանի, հետևաբար` այդ միության հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, անդրադառնալով այդ խնդրին, «Panarmenian.net»-ին տված հարցազրույցում անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ասել է. «Կյանքն անընդհատ փոփոխվում է: Մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի 5 տարի անց, և արդյոք Հարավային Կովկասում քաղաքական պայմանները նույնը կմնա՞ն»: Վ.Կովալենկոն լավատես է և կարծում է, որ Եվրասիական միությանը Հայաստանի միանալու նախադրյալներ կստեղծվեն, և Հայաստանը դրանից միայն կշահի:

Միգուցե լավատեսությունն այս դեպքում իսկապես հիմնավորված է. այս տարվա նոյեմբերի 2-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը հրապարակեց Վրաստանի վերաինտեգրման պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի ասածը. «Մենք պետք է նպաստենք Աբխազիայի տարածքով տրանսպորտային շարժին՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային: Մենք պարտավոր ենք բացառել քաղաքական ենթատեքստը և խնդիրը դիտարկել բացառապես տնտեսական տեսանկյունից»: Նա հիշեցրել է, որ 2003թ. Սոչիում Ռուսաստանի ու Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էդուարդ Շևարդնաձեն պայմանավորվել էին, որ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվի վրաց փախստականների՝ Աբխազիա վերադառնալուն զուգահեռ: «Սակայն հենց սկզբից պարզ էր, որ դա իրատեսական չէ. Վրաստանը ոչնչի չհասավ, նույնիսկ մեկ փախստական չվերադարձավ»,- ասել է Զաքարեիշվիլին: Ըստ նրա՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կնպաստի փախստականների վերադարձին և Աբխազիայի տնտեսական զարգացմանը: Վերջինը ձեռնտու է Վրաստանին, քանի որ այդ դեպքում Աբխազիան տնտեսապես կկապվի նաև իրեն: Աբխազական երկաթուղու գործարկումը, բնականաբար, ձեռնտու է նաև Հայաստանին:

Ասվածը չի նշանակում, թե Եվրասիական միությանն անդամակցելը միանշանակորեն բխում է Հայաստանի ազգային շահերից: Այսօր մենք ականատեսն ենք Եվրամիության մեջ կատարվող այն գործընթացների, որոնց արդյունքում թուլանում են ազգային պետությունները: Հեռանկարում դրանք կարող են վերանալ: Այս տեսանկյունից անդամակցումը Եվրասիական միությանը, ինչքան էլ որ ապագայի գործ լինի, մտահոգության տեղիք է տալիս:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


14/11/2012