Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱԽԵՐԸ



Ինքնապահովության հարցում Մաո Ծեդունը գերազանցում էր անգամ Իոսիֆ Ստալինին. ուղևորությունների ժամանակ «չինացիների հայրը» հանկարծակի փոխում էր գնացքի երթուղին՝ խափանելով ողջ երկրի երկաթուղու և տրանսպորտի աշխատանքը։ Բայց ամենից շատ Մաո Ծեդունը վախենում էր թունավորումից։ Թույնը նրա աչքին երևում էր ամենուր՝ ոչ միայն ուտելիքում, այլև, օրինակ, ջրավազանում։

Ի դեպ, թունավորվելու վախը ամենատարածվածն էր տիրակալների շրջանում։ Հենց թունավորումից վախենալով ինքն իրեն սովամահ արեց Ֆրանսիայի Կարլ VII թագավորը։

♦♦♦

Ադոլֆ Հիտլերը վախենում էր կեղտից և իր մարմնին դիպչելուց։ Այդ պատճառով նա լոգանք էր ընդունում օրական մի քանի անգամ և ատում էր մերսողներին։

♦♦♦

Հուլիոս Կեսարը սարսափում էր ամպրոպից և նրա ձայնը լսելիս անմիջապես վազում էր դեպի թաքստոց։

♦♦♦

Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակն աշխարհում ամենից շատ վախենում էր ամուսնանալուց։ Երկար տարիներ նա սիրահարված էր ամուսնացած մի կնոջ՝ կոմսուհի Էվելինա Հանսկային։ Սակայն այնպես պատահեց, որ նրանց առաջին հանդիպումից 10 տարի անց Էվելինան այրիացավ։ Բալզակը 8 տարի էլ «դիմադրեց», բայցևայնպես, կոմսուհին իրենը պնդեց՝ պետք է հարսանիք լինի։ Մեծ գրողը վախից հիվանդացավ և նույնիսկ գրեց հարսնացուին, թե «առողջականս այնքան վատ է, որ ավելի շուտ դուք ինձ գերեզման կճանապարհեք, քան կհասցնեք վերցնել իմ ազգանունը»։ Բայց հարսանիքը կայացավ։ Ճիշտ է, Բալզակին պսակադրության բերեցին բազկաթոռով, քանի որ նա ինքնուրույն շարժվել չէր կարող։ Պսակադրությունից հինգ ամիս անց մեծ գրողը մահացավ։

♦♦♦

Սալվադոր Դալին խուճապահար էր լինում… մորեխներից։ «Եթե ես կանգնած լինեի ժայռի եզրին, և մորեխը ցատկեր դեմքիս, ես կգերադասեի թռչել անդունդը, քան զգայի դրա հպումը»,- գրում է Դալին։ Նա սուրճը խմում էր ոչ թե տնամերձ բացատում, այլ տան սանդղամուտքում՝ վախենալով մորեխի հետ հանդիպումից։

♦♦♦

Անվախ էր թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որն իր երկրի զինված ուժերի հրամանատարն էր, երկիրը պաշտպանում էր անգլիացիներից և հանուն ուրիշների փրկության վտանգում էր սեփական կյանքը։ Բայց նա պարզապես սարսափում էր վաղաժամ թաղվելուց։ Դա հատկապես նկատելի էր նրա կյանքի վերջին օրերին՝ 1799 թվականին, երբ Վաշինգտոնն իր օգնականներին ստիպեց խոստանալ, որ նրանք մինչև իրեն հողին հանձնելը երկու օր կսպասեն։

♦♦♦

ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը հայտնի էր 13 թվից իր վախով։ Նա երբեք չէր մասնակցում այն միջոցառումներին, որոնք անցկացվում էին 13-րդ հարկում, և եթե նրա կազմակերպած ընդունելությունների կամ ճաշկերույթների ժամանակ հյուրերի թիվը 13 էր լինում, շտապ կանչում էր իր քարտուղարին։ Նա երբեք ուղևորության չէր մեկնում ամսվա 13-րդ օրը (ծայրահեղ դեպքում ուղևորությունն սկսում էր նախորդ օրվա կեսգիշերից մի քանի րոպե առաջ)։ Հետաքրքիր է, որ Ռուզվելտը ունեցել է ամսի 13-ին մահանալու բոլոր «հնարավորությունները». նա կյանքից հեռացավ 1945թ. ապրիլի 12-ի ուշ երեկոյան։

Ռուզվելտը Սպիտակ տան տերերից միակը չէր, որ վախենում էր 13 թվից։ Նման վախ, ճիշտ է՝ փոքր-ինչ «մեղմ» արտահայտված, ուներ նաև նրա նախորդը՝ 31-րդ նախագահ Հերբերտ Քլարկ Հուվերը:

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Պատմության էջերից


14/11/2012