Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՏՐՈՆ ԵՎ ԿՅԱՆՔ



Թատրոնի ռեժիսոր Հայրապետ Նահապետի Մեսրոպյանը, որ հիմա արդեն վաթսունն անց է, դեռ այրվում է հայրենասիրական թեմայով մի այնպիսի պիես բեմադրելու կրքով, որը սիրո ու հպարտության արցունքներ կքամի և որոտընդոստ ծափահարություններ կկորզի մեծից ու փոքրից։ Հայաստանի տարբեր քաղաքներում բեմադրած նրա մեկ տասնյակից ավելի ներկայացումները ժամանակին երեք անգամ ճանաչվել են համամիութենական թատերական փառատոների հաղթող։ Հիմա էլ հենց խոսում է ստեղծագործելուց, հանդիսատեսի հոգին հայրենասիրական զգացումներով ջերմացնելուց, բայցևայնպես, Մոսկվայի կուլտուրայի պետական ինստիտուտի նախկին շրջանավարտը ձեռքը թափ է տալիս ու բարձրաձայն դժգոհում. «Իրական կյանքը թողած, էս մեր գրողները, սցենարիստները, դրամատուրգները, ինչե՞ր են գրում։ Ախր, պետք չէ հորինել, մատից ծծած սյուժեներ մոգոնել, ընդամենը պետք է աչքերը բացել և մեզ շրջապատող մարդկանց, աշխարհը տեսնել… Հո իզուր չե՞ն ասել՝ կյանքը շատ հաճախ այնպիսի անակնկալ ողբերգություններ է բեմադրում, որ Շեքսպիրն ինքը կնախանձեր… Նայեք, տեսեք՝ մեր շուրջն ինչքան Համլետներ, Մարզպետունիներ, Վարդաններ, Լիրարքաներ ու հայր Գորիոներ կան…»։

Ես իմ ընկերոջ՝ Հայրոյի պաթոսով լեցուն խոսքերն ունկնդրում եմ ընկողմանած կաշվե հնամաշ բազմոցի մեջ, որի վրա ժամանակին նստել, ննջել, հանգստացել են Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Ֆրունզե Դովլաթյանը և հայ բեմարվեստի շատ երախտավորներ։ Նայում եմ Հայրոյի ձյան պես սպիտակ մազերին, մորուքին, արևահարված դեմքին ու մտածում. «Հայրոն հենց ինքը ինչ-որ առումով Համլետ է, Լիր արքա, Մարզպետունի և Հայր Գորիո…»։

Հայրապետ Մեսրոպյանն այս էլ քսան երկար ու ձիգ տարիներ շփոթված-կանգնած է ներկայի և անցյալի միջև, և երբ կողքից նայում է իր ապրածին, ապա այն որպես հպարտ ու տխուր մի բեմադրություն է ներկայանում իրեն։

-Երբ 88-ին Սևակս՝ ավագ որդիս, բարձրացավ գործկոմի շենքի կտուրն ու հրապարակում խռնված հազարավոր մարդկանց աչքի առաջ առաջին անգամ եռագույն դրոշը ծածանեց, ինձ թվաց՝ մի դրվագ եմ տեսնում իմ բեմադրած «Ների՛ր, մայր հող» ներկայացումից, որում Սևակս խաղում էր գնդապետ Լալայանի որդու՝ Վահանիկի դերը… Ես այդ օրը կորցրել էի իրականության զգացողությունը։ Իրական կյանքը, աշխարհը վեր էր ածվել բնական դեկորացիաներով մի հսկա թատերաբեմի, որի վրա հայրենասիրական պիես էր բեմադրվում, և իմ որդին գլխավոր դերում էր։

♦♦♦

Սկսվում է Արցախյան պատերազմը։ Հայրապետ Մեսրոպյանն իր երկու որդիների և եղբոր հետ մեկնում է ճակատ… Մարտական հերթական առաջադրանքը կատարելիս ծանր գլխուղեղային վնասվածք է ստանում Սևակն ու տուն է վերադառնում… «Մարտական ծառայություն» մեդալով… Եվ այդ օրվանից Հայրոյի կյանքը վերածվում է չսպիացող վերքի կամ էլ անվերջ ձգվող անավարտ մի դիմակայության։

-Երբ հոգուս վերքերն ինձ ցավ են պատճառում, ես ակամայից բարձրաձայն կանչում եմ. «Սևա՛կ, տղա՛ս, որտե՞ղ ես»։ Եվ նա պատասխանում է. «Այստեղ եմ, հայրի՛կ, այգում խաղող եմ քաղում»։ Ես նայում եմ նրան ու… չեմ ճանաչում։ Չեմ հավատում, ինձ թվում է՝ նա պատերազմից դեռ չի վերադարձել, ինձ թվում է՝ անվանի հրամանատար Շահեն Մեղրյանի հետ նստած դեռ նարդի է խաղում… Հրամանատարը չկարողացավ իր կյանքը փրկել, բայց սիրելի զինվորինը փրկեց։ Ճակատագրական այն թռիչքից մի օր առաջ նա ցուցակից հանել էր Սևակի անունն ու նույն օրը ուրիշ ուղղաթիռով վիրավոր զինվորների հետ Երևան ճամփել։

Ես իմ որդիներին դաստիարակել եմ մեր հին հեթանոս աստվածների ոգով՝ քաջ, համարձակ, ուժեղ, արդարամիտ։ Սևակս ըմբշամարտի Հայաստանի պատանիների չեմպիոն էր, հաջողակ բռնցքամարտիկ, թատրոնի սիրահար, երբ պատերազմ գնաց։ Գուցե հենց այս հատկանիշների համար էլ հրամանատարները, մարտական ընկերները նրան սիրել են ու դեռ սիրում են։

Այն, որ Հայրոն կարողանում է իր կյանքին կողքից՝ արվեստագետի, բեմադրող-ռեժիսորի աչքով նայել, ամենևին էլ չի թեթևացնում նրա ապրումներն ու մտատանջությունները։ Նա արվեստագետի իր վառ երևակայության շնորհիվ ամեն անգամ շատ կենդանի և տեսանելի վերականգնում է այն բոլոր անցքերն ու իրադարձությունները, որոնց կիզակետում է հայտնվել իր զինվոր որդին։ Ահա ծանր վիրավոր, արնաքամ զինվորի և վաշտի հրամանատարի հանդիպումը հոսպիտալում տեսարանը։

-Սևակիս ծանր վիրավոր՝ գլխից և ուսից, հոսպիտալ են հասցնում։ Հոսպիտալում պառկած վաշտի հրամանատար Սամվել Մինասյանը, երբ իմանում է, խնդրում է, աղաչում, գոռում ու պահանջում է.

-…Փրկեք իմ զինվորի ձեռքը… Գոնե ձեռքը փրկեք, անաստվածներ…

Ընդամենը մեկ օր առաջ բժիշկները անդամահատել էին հրամանատարի ոտքը… Ահա իսկական հրամանատարի կերպար։ Նման վեհ նկարագրի տեր մարդու ու զինվորականի անգամ գրական ստեղծագործություններում չես գտնի… Հրամանատարը դողում է իր զինվորի կյանքի համար՝ արհամարհելով սեփականը։ Մեր հաղթանակի համար մենք պարտական ենք Սամվել Մինասյանի նման հզոր ու ինքնազոհ հրամանատարներին։

♦♦♦

Ձեռքիս Սևակ Մեսրոպյանի մարտական ուղին է, որը գրված է նույն՝ ԿՊՇ-ի տանկային վաշտի հրամանատար Սամվել Մինասյանի ձեռքով. «Հաստատում եմ, որ 1973թ. Արմավիրի մարզի Արմավիր գյուղում ծնված Սևակ Հայրապետի Մեսրոպյանը իմ վաշտի կազմում, որպես տանկի նշանառու-օպերատոր, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ 1994թ. հունվարի 9-ին, Ֆիզուլիի շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում, խփվում է թշնամու դիրքերում խորացած Սևակի տանկը։ Հրանոթներից և գնդացիրներից կրակ բացելով՝ թշնամուն հաջողվում է սպանել անձնակազմի անդամներ Արթուրին և Ռոբերտին։ Սևակը ծանր վիրավորվում է ուսից և արմունկից՝ միաժամանակ ստանալով գանգուղեղային վնասվածք։ Այնուամենայնիվ, նրան հաջողվում է դուրս սողոսկել այրվող տանկի միջից ու թշնամու կրակոցների տարափի տակ իրեն մի կերպ նետել մոտակա թփուտները… Մի ամբողջ օր արնաքամ սողում է այգիներում՝ թաքնվելով հետապնդող թշնամուց։ Եվ միայն լուսաբացին է նրան հաջողվում շարժվել յուրայինների ուղղությամբ։ Նկատելով նրան՝ թշնամին դարձյալ կրակի հեղեղի տակ է առնում… Սևակին, այնուամենայնիվ, հաջողվում է հասնել մեր դիրքերը՝ համարյա արնաքամ, անգիտակից ու ծանր ստրեսային վիճակում։

Վերը նկարագրված մարտական գործողությունը Սևակ Հայրապետի Մեսրոպյանի թվով 11-րդ մարտն էր և վերջինը»։

Սույն մարտական ուղին վավերացված է Արցախի Ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ստորագրությամբ եւ կնիքով:

Սևակ Մեսրոպյանը երբեք չի խոսում այդ վերջին մարտի մասին, բայց հարազատները գիտեն՝ հենց որ նա աչքերը լուռ փակում է ու սուզվում իր աշխարհի մեջ, այնժամ նա տեսնում է, թե ինչպես է հզոր պայթյունից օդ բարձրանում իր տանկի աշտարակն ու ընկնում իրենից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։

-Օրեր առաջ Սևակս արժանացավ այս անգամ արդեն հայկական բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական մեդալի,- պատմում է Հայրապետ Մեսրոպյանը։ -Մեդալը դրված էր սեղանի կենտրոնում, իսկ շուրջը հավաքվել էին իմ որդիները, դուստրս, թոռներս և անխոս նայում էին մեդալին։ Եվ հանկարծ հիշեցի, որ քսան տարի առաջ, երբ ես, տղաներս ու եղբայրս որոշում ընդունեցինք գնալ հայրենիքը պաշտպանելու, էլի այսպես հավաքվել էինք նույն սեղանի շուրջը, որի կենտրոնում, որտեղ հիմա մեդալն էր դրված, վառվում էր նավթի մխացող ճրագը…

♦♦♦

Չէ, Հայաստանն անպարտ է, քանի դեռ Մեսրոպյանների նման ընտանիք կա… Եթե հայրենիքը պաշտպանելու կարիք լինի, Մեսրոպյանները կրկին կհավաքվեն իրենց հին սեղանի շուրջ ու կկայացնեն հայրենիքին ծառայելու իրենց վճիռը։

-Եվ դարձյալ, ինչպես հաճախ է պատահում, երբ ինձ խեղդում են ծանր ապրումներն ու զգացումները, ես նայում եմ սեղանի կենտրոնում դրված շողշողացող մեդալին ու ակամայից բարձրաձայն կանչում եմ. «Որտե՞ղ ես, Սևա՛կ, որդի՛ս»։ Եվ երբ նա պատասխանում է՝ «Այստեղ եմ, հայրի՛կ, սեղանի մոտ, մի՞թե չես տեսնում», ես նորից ու նորից եմ նայում նրան ու… չեմ ճանաչում… Ինձ դարձյալ թվում է, թե պատերազմը չի վերջացել, և Սևակս դեռ տուն չի վերադարձել…

♦♦♦

…Հայրապետ Նահապետի Մեսրոպյանը դեռ սպասում է այն միակ, ճշմարիտ, կյանքից վերցված պիեսի լույս աշխարհ գալուն, որի բեմականացումը թերեւս իրեն փառք բերի…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Ճակատագրեր


24/10/2012