Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԴԱՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ



Գաղտնիք չէ, որ ռուս ժողովուրդն առանձնահատուկ, ընդգծված սեր ու հարգանք է տածում զինվորի, զինվորականի նկատմամբ։ Այդ վերաբերմունքը ձևավորվել է դարերի խորքում, պատմական ծանր ժամանակաշրջանում։ Ամենևին էլ պատահական չէ, որ ռուսական էպոսը՝ «Ասք Իգորի գնդի մասին», ոչ թե առանձին հերոսի, այլ մի ամբողջ զորագնդի փառաբանություն է։ Միայնակ հերոսը, որքան էլ քաջ ու հզոր լինի, չի կարող իրականություն դարձնել ժողովրդի երազանքը, ապահովել երկրի անկախությունն ու ազատությունը։ Այդ բանը կարող է իրականություն դարձնել կանոնավոր բանակը, զորքը, զորագունդը։ Պատահական չէ նաև այն, որ «գունդ» բառը դարերի ընթացքում պահպանել է իր կենսունակությունը, ավելին, բառը փոխառել և ճիշտ նշանակությամբ օգտագործում են տարբեր ժողովուրդներ։ Ռուսական բանակը միշտ էլ կարևոր գործոն է եղել աշխարհում կայունություն, խաղաղություն պահպանելու գործում։ Փոխվում են ժամանակները, փոխվում է աշխարհը, բայց ռուսական բանակի նշանակությունը մնում է նույնը։ Սա զարմանալի, բայց շատ ու շատ ժողովուրդների համար ցանկալի իրողություն է։

Բարեբախտաբար, չափազանց հարուստ է Հայաստանում ռուս զինվորականների, ռուսական բանակի պատմությունը, չափազանց մեծ է Ռուսաստանի Դաշնությունում, ռուսական բանակում հայ զինվորականների, զինվորական տարբեր ստորաբաժանումների պատմությունը։ Հայ և ռուս զինվորականները երբեք բարիկադի հակառակ կողմերում չեն եղել։ Ճիշտ այդպես բարիկադի հակառակ կողմերում չեն եղել հայերն ու բելառուսները, հայերն ու ղազախները, ռուսներն ու բելառուսները, ռուսներն ու ղազախները, ղազախներն ու տաջիկները, ղրղըզներն ու տաջիկները։ Թեև էական նշանակություն ունեցող գործոն չէ. և ինչպես հայ բանաստեղծ Համո Սահյանն է գրում. «Բարեկամները թշնամանում են, թշնամիները իրար ներում են…», բայց ՀԱՊԿ անդամ երկրների պատմությունները, հարաբերությունները չափազանց մաքուր են, պարզ ու թափանցիկ։ Եվ պատահական չէ, որ տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ զորավարժություններ անցկացնելու համար հյուրընկալող կողմը բոլորին դիմավորում ու ճանապարհում է սրտաբաց, աղուհացով։ Ակնհայտ է մեր հարաբերությունների անկեղծությունը, և դրա վկայությունն այն իրողությունն է, որ կազմակերպության անդամ երկրները ԱԱՀՈՒ-ին են տրամադրել իրենց լավագույն, ամենամարտունակ զորամիավորումներն ու զորամասերը։ Մենք գտնում ենք, որ զորավարժարանում առաջադրանք կատարող տարբեր երկրների զինվորականները պետք է շատ լավ ճանաչեն իրենց գործընկերներին, ճանաչեն, որպեսզի է՛լ ավելի վստահեն։ Հենց այդ նպատակով էլ հարցազրույց ունեցանք ՌԴ զորախմբի՝ 98-րդ օդադեսանտային գվարդիական դիվիզիայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ գվարդիայի փոխգնդապետ Ալեքսանդր Խոտուլյովի հետ:

-Պարոն փոխգնդապետ, մեր ունեցած համառոտ տեղեկություններով՝ դիվիզիոնն ունի հարուստ պատմություն։ Համոզված եմ՝ այն ուսանելի կլինի ինչպես հայոց ազգային բանակի զինվորականների, այնպես էլ «Փոխգործակցություն-2012» զորավարժության բոլոր մասնակիցների համար։

-Ասեմ, որ այժմ մեր դիվիզիայի հրամանատարը գվարդիայի գնդապետ Ալեքսեյ Նիկոլայի Ռագոզինն է։ Դիվիզիան ներկայումս տեղակայված է Իվանովո քաղաքում։

Մեր կարմրադրոշ, Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանակիր Սվիրսկյան 98-րդ օդադեսանտային դիվիզիան կազմավորվել է 1944թ. մարտի 3-ին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում մասնակցել է Հարավային Կարելիայում՝ կատարելով գետանցում Սվիր գետի և հարակից ջրային տարածքներում, այնուհետև մասնակցել է Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը, ինչպես նաև Սվիրսկ-Պետրոզավոդսկի և Վիեննայի ուղղությամբ ծավալված հարձակողական գործողություններին։

1944թ. ապրիլի երկուսին վերոնշյալ գետանցման ժամանակ ցուցաբերած արիության և խիզախության համար դիվիզիային շնորհվել է «Սվիրսկյան գվարդիական» կոչումը, իսկ 1945թ. ապրիլի 26-ին, Հունգարիայի ազատագրությանը մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր դրոշի մարտական շքանշանով։

Պատերազմում մարտական գործողություններում աչքի ընկնելու համար դիվիզիայի 11539 զինծառայողներ՝ զինվորներ, սերժանտներ ու սպաներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, իսկ նրանցից 19-ին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1968թ. խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորման 50-ամյակի, ինչպես նաև մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողությունների համար դիվիզիան պարգևատրվել է Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով։ Դիվիզիայի անձնակազմի մասնագիտական հմտությունների և գիտելիքների զարգացման համար կարևոր նշանակություն են ունեցել այնպիսի մասշտաբային զորավարժությունների մասնակցությունը, ինչպիսիք են «Հարավ-71», «Գարուն-72», «Ղրիմ-73», «Եթեր-74», «Գարուն-75», «Վահան-79», «Ամառ-90» զորավարժությունները։

Դիվիզիայի սպաներն ու զինվորները մարտական գործողությունների են մասնակցել Աֆղանստանում, իսկ 1994-95թթ. գումարտակներից մեկը հատուկ առաջադրանքներ է կատարել Չեչնիայում։ 1996թ. հունվարին դիվիզիայի բազայի վրա կազմավորվել է օդադեսանտային առանձին բրիգադը, որը խաղաղապահ առաքելություն էր իրականացնում Բոսնիայում և Հերցոգովինայում։ 1998թ. հուլիսից մինչև 1999թ. ապրիլը գումարտակներից մեկն էլ խաղաղապահ առաջադրանք էր կատարում վրաց-աբխազական հակամարտության գոտում, իսկ 1999թ. մարտ ամսին դիվիզիայի անձնակազմը մասնակցեց «Օդային կամուրջ-99» զորավարժությանը։ Նույն տարվա հուլիսին գումարտակներից մեկը խաղաղապահ առաքելության առաջադրանքով մեկնեց Կոսովո։ Միաժամանակ, 1999-2000թթ. դիվիզիայի մարտիկները հակաահաբեկչական գործողությունների մասնակցեցին Չեչնիայում և Դաղստանում։ Նույնատիպ գործողությունները շարունակվեցին նաև հաջորդ տարում։ 2005-2007թթ. ընթացքում դիվիզիայում ներդրվեց պայմանագրային ծառայությունը։

2009թ. մայիսի 3-ին դիվիզիայի կազմավորման 65-ամյակի կապակցությամբ, ՌԴ նախագահի հրամանագրով դիվիզիայի և նրա մի շարք զորամասերի օդադեսանտային զորքերի հրամանատարության կողմից շնորհվեցին նոր Գեորգիևյան դրոշներ։

2009թ. սեպտեմբեր ամսին 217 գվարդիական դեսանտային գունդը Բելառուսում մասնակցեց «Արևմուտք-2009» զորավարժությանը։ 2010թ. փետրվարից 98-րդ գվարդիական դիվիզիան ԱԱՀՈՒ-ի կազմում է, մասնակցել է «Փոխգործակցություն-2010» և «Կենտրոն-2011» զորավարժություններին։ Դիվիզիայի զինծառայողների այժմյան սերունդն իր ամենօրյա քրտնաջան աշխատանքով շարունակում է նախորդ սերունդների փառավոր ավանդույթները։

-Ալեքսանդր Արկադիի, խնդրում եմ ասեք, ե՞րբ ժամանացիք Հայաստան, տեղաշարժն ինչպե՞ս անցավ, ինչպե՞ս եք տեղավորվել, և կա՞ն արդյոք առաջադրանքների կատարմանը խոչընդոտող խնդիրներ։

-Երևան ենք ժամանել սեպտեմբերի 7-ին, բարձր տրամադրությամբ, այսինքն՝ թռիչքը շատ հաջող էր։ Մեզ դիմավորեցին աղուհացով ու տեղավորեցին այստեղ՝ զորավարժարանի վրանային ավանում։ Այստեղ թիկունքային ապահովվածությունը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գտնվում ենք դաշտային պայմաններում, շատ բարձր է։ Կարծում եմ՝ կլիմայափոխության խնդիր չկա, որովհետև բոլորն իրենց հրաշալի են զգում։ Մենք ունենք բժիշկներ, բայց արդեն տեսել ենք, որ վրանային ավանում էլ շատ բարձր մակարդակի բուժծառայություն է կազմակերպված։ Սնունդը հրաշալի է, բացի այդ, կան բազմաթիվ սպասարկման կետեր, խանութներ, կա նաև արժույթի փոխանակման կետ։ Կրկնում եմ, ամեն ինչ շատ լավ է, և մեզ մնում է շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարությանը, երկրի ղեկավարությանը գործին այսպիսի բարձր պատասխանատվությամբ մոտենալու համար։

-Սկսվել են ուսումնական պարապմունքները, և նույնիսկ զորավարժության փորձեր են եղել, իրենց ինչպե՞ս են զգում զինվորներն ու սպաները։

-Գիտեք՝ մեր դիվիզիան պարապմունքներ է անցկացնում ամենատարբեր աշխարհագրական, բնակլիմայական պայմաններում։ Անձնակազմը ոչնչից չի դժվարանում, ընդհակառակը, շոգ եղանակը, քարքարոտ տեղանքը նպաստավոր են կոփվածության աստիճանը բարձրացնելու համար։

-Անձնակազմերը, զինծառայողները տեղեկություններ ունե՞ն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի մասին։

-Մենք կազմել ենք գիրք (ցույց է տալիս) Հայաստանի մասին, որն օգտագործում ենք ուսումնական գործընթացում։ Հնարավոր է՝ մեր ունեցած նյութերը շատ խորքային չեն, բայց դրանց միջոցով կարելի է պատկերացում ունենալ հայոց պետականության, ղեկավար մարմինների, զինված ուժերի կառուցվածքի ու պատմության մասին։

-Ձեր դիվիզիայում հայեր ծառայել կամ ծառայո՞ւմ են։

-Իհարկե, շատ հայեր են ծառայել մեր դիվիզիայի տարբեր ստորաբաժանումներում, սպաներ, զինվորներ։ Այժմ էլ են ծառայում։ ՌԴ քաղաքացի հայերը զորակոչվում են բանակ և բարեխղճորեն իրենց պարտքը կատարում։ Ի դեպ, նախորդ զորավարժությունից հետո այստեղ մենք հանդիպում ենք ծանոթ, հարազատ դեմքերի, մեր ընկերներին։

-Պարապմունքներից հետո անձնակազմն ինչո՞վ է զբաղվում։

-Տեղավորվելուց հետո վրաններից մեկը վերածել ենք տեղեկատվության և հանգստի սենյակի և պատշաճ կերպով կահավորել ենք, բացի այդ, պատրաստել ենք տեղեկատվական վահանակներ։ Ձեռքի տակ ունենք նախատեսված միջոցառումների ծրագիրը, որն ի դեպ հարուստ է զանազան միջոցառումներով։ Մասնակցում ենք մարզական խաղերին, մրցումներին, էքսկուրսիաներին։ Ասեմ նաև, որ մեր դիվիզիան ունի վոկալ-գործիքային շատ բարձրակարգ նվագախումբ, որը նույնպես այստեղ է և առաջին համերգը կտա սեպտեմբերի 13-ին։ Այդ համերգին կմասնակցեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինվոր-կատարողները։ Մենք մեր դիվիզիայում ունենք նաև թանգարան, որն անընդհատ համալրում ենք նոր նյութերով։ Հայաստանից նույնպես կտանենք շատ լուսանկարներ, այլ հետաքրքիր առարկաներ այդ թանգարանի համար, այսինքն՝ կստեղծենք հայկական ցուցասրահ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Նորություններ, Ռազմաքաղաքական


20/09/2012