Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԼՐՈՒՄ



Սկսվեց նոր ուսումնական տարին: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը համալրվեց քննաշրջանի ընթացքում բարձր ցուցանիշներ արձանագրած, առողջ եւ նպատակասլաց երիտասարդներով: Այդ առիթով զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ:

Նարեկ Խռոյան- 2011 թ. Նարեկը զորակոչվեց Տավուշի սահմանային զորամասերից մեկը եւ 8 ամիս դիրքային ծառայություն անցկացրեց: Նա պատմում է, որ ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորություն էր իրեն բաժանում ադրբեջանցի զինվորից։ «Կարգապահությունն ու զգոնությունը շատ կարեւոր են, ոչ մի րոպե չպետք է ուշադրությունից դուրս թողնես դիմացի դիրքերը: Այդ ութ ամիսները ինձ հասուն եւ գիտակից մարդ են դարձրել: Այդ ընթացքում յուրացրել եմ բարոյական եւ հոգեւոր այն արժեքները, որոնց կրողն է հայ զինվորականը: Ընտելացել եմ զինվորական կյանքի նրբություններին, հասկացել զինվորական ծառայության բովանդակությունը: Համապատասխան եզրահանգումներիս արդյունքը եղավ այն, որ կիսատ թողեցի ժամկետային ծառայությունս, ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այս տարվա սեպտեմբերը առանձնահատուկ է ինձ համար. ես կուրսանտ եմ»։ Նարեկը եղբորը` Անդրեյին էլ խորհուրդ տվեց հետեւել իր օրինակին: Նա քննություններ հանձնեց եւ ընդունվեց Սանկտ-Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմական ակադեմիա: Երկուսն էլ կյանքի նոր փուլ մտան` հստակեցնելով իրենց տեղը, ընտրելով բոլոր մասնագիտություններից ամենավսեմագույնը` Հայրենիքի պաշտպանության գործը:

♦♦♦

Արմեն Ռուշանյան – ««Հայրենիք» հասկացությունը բացի հոգեւոր իմաստից, ունի նաեւ աշխարհագրական իմաստ: Աշխարհագրական իմաստով` հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, այդ տարածքի ճանաչումը օգնում է քեզ, որպեսզի այն որպես քո Հայրենիք ընկալես եւ արմատավորվես»,-այս տրամաբանությունից ելնելով` Արմենը ընտրեց քարտեզագրողի մասնագիտությունը եւ ընդունվեց Երեւանի պետական համալսարանի համապատասխան բաժինը: Այն միտքը, որ քարտեզում Արաքսը նշված է որպես սահմանագիծ, որից այն կողմ պապերի հողն ու ջուրն է, Արմենի զինվորական դառնալու որոշման պատճառը դարձավ: Նա ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ եւ մեկ տարի ուսանելուց հետո լեյտենանտի կոչումով պայմանագրային սպայական ծառայության կանցնի զինված ուժերում. «Այն փաստը, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի համագյուղացին եմ, մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է դնում ուսերիս: Նա ինձ համար իրապես մարդկայինի, ազգասիրության ու հայրենիքին անմնացորդ նվիրումի չափանիշ է: Առաջին սեպտեմբերն է, որ դիմավորում եմ զինվորական համազգեստով…»:

♦♦♦

Մոնթե Գրիգորյան– Երբ 1994 թ. ծնվեց Խաչատուրի առաջնեկը, երկար չմտածեց, թե ինչպես է անվանակոչելու նրան, վաղուց էր որոշել` կրելու է լեգենդար Մոնթեի անունը. «Հայրս պատմում էր՝ երբ Մոնթեն եկավ ծննդավայրս` Մարտունի, ծանոթ չէր երկրամասի դիրքին, ոչ ոքի չգիտեր եւ հազիվ էր հասկանում տեղական բարբառը: Սակայն շուտով հաջողություններ արձանագրեց: Հայրս ասում էր` Մոնթեն իր հանդիպած մարդկանցից ամենա-ամենաազնիվն էր աշխարհում, եւ որ նրա հիշատակի հավերժացումը կլինի կիսատ թողած գործը ավարտին հասցնելը: Հայրս էլ էր լավ կռվող, Ֆիզուլիի կողմերում դիրք կա, որը ազատագրեց իր ջոկատի տղաներով, եւ այսօր այն նրա անունով է հայտնի: Եթե հայրս ողջ լիներ, կհպարտանար, որ համազգեստով եմ, կուրսանտի ուսադիրներով, կհպարտանար, որ որոշել եմ շարունակել Մոնթեի եւ իր գործը»:

♦♦♦

Հայկ Էդիլյան – «Համոզված եմ` մեր հայրենիքին անհրաժեշտ են պարկեշտ, առաքինի, անաչառ, հետեւողական, մտավորական զինվորականներ: Դեռ դպրոցական տարիներից հետաքրքրված էի հայոց պատմությամբ եւ ազգային խնդիրներով, ուստի ընդունվեցի եւ ավարտեցի ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը։ Վստահ եմ, որ մասնագիտությամբ պատմաբան, բայց հոգով զինվորական Հայկ Էդիլյանները միմյանց հետ հաշտ կապրեն (ժպտում է): Ինձ համար Մայիսյան հերոսամարտը հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Կարծում եմ, եթե չլինեին 1918 թ. մայիսյան հաղթանակները, չէր լինի նաեւ երրորդ Հանրապետությունը՝ անկախ Հայաստանը: Հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Մենք փոքրաթիվ ուժերով եւ առանց այլ պետությունների օգնության փակեցինք հայ ժողովրդի ողբերգական պատմության շրջանը: Այսօր անկախ պետություն ունենք, իսկ զինվորականը երաշխավորում է նրա հավերժականությունը, շարունակական զարգացումը։ Այս խորհուրդն է, որ ինձ բերել է ռազմական ինստիտուտ: Հավատարմություն գործին, դիմացինիդ սիրելու եւ հասկանալու կարողություն, նվիրում, ազնվություն, ցանկացած դեպքում ընկերոջ կողքին լինելու պատրաստակամություն ու կամք. ըստ իս, այս որակները անհրաժեշտ են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունված յուրաքանչյուր կուրսանտի»:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ազգային բանակ


19/09/2012