Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՏՐԱԾ ՊԱՅՏԸ



Վարազդատ քեռուս հիշատակին

Սկիզբը՝ նախորդ համարներում

Գալուստը նորից սկսեց.

-Բեղավորը վախեցավ, չվերցրեց մեր հողերը, մեկ հարված էր պետք, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ, ինչպես ճիշտ գամված պայտը։

Հետո հախուռն շարունակեց.

-Ճարպիկ է Արսենը, շնորհքով, գայլի հետ ուտում է, տիրոջ հետ՝ լաց լինում։ Իսկ դու՝ անընդհատ կարգ ու կանոն։ Գերմանացին էլ էր շատ մաքրասեր ու կարգապահ, ամեն տեղ «Ordnung uberalles», ինչ շահեց, հո՛ պարտվեց, հո՛ գերմանացի գերիները մեր փողոցներն են սալարկում, Սեւանի կասկադի թունելները փորում։

Գալուստը խարխափելով ընտրեց գործիքները, քթի տակ խոսելով.

-Լոռու անտառներից գերաններ են բերել, էժան են բերել, էժան, շատ ամուր են, լավ կահույք կլինի…

Նա դժգոհելով մոտեցավ Քուռկիկին, ետեւի աջ պայտը մաշված էր։ Արագ հանեց ծռված գամերը, փնտրեց ու գտավ մեկ ուրիշ պայտ։ Նրա միտքը արագ ավարտելն էր, Վարազդատի հետ նստելը, նարդի խաղալը, աշխարհի գործերից խոսելը, խելք խրատ տալը։ Ընտրված պայտը հարմար չէր, ծուռ էր, ալարեց նորից քուրան թեժացնել։ Նա մեջքով դեպի ձին՝ բարձրացրեց սմբակը, մանգաղաձեւ քերիչով մաքրեց, հարմարեցրեց պայտը եւ սկսեց գամել։

Վարազդատը կողքից նայում էր։ Նա մտածեց, որ պայտը նախապես պետք է կոփվի, գամերը շտկվեն, բայց արդեն գործի վերջն էր։ Գալուստը խփեց վերջին ծուռ գամը…Հետո, ձեռքերը շփելով, մոտեցավ սեղանին, լցրեց օղու բաժակն ու մեկեն կուլ տվեց, խորը ներս քաշեց դառնահամ ծխախոտի ծուխն ու դարձավ դեպի Վարազդատը.

-Արի՛, արի՛ մոտ, մի հատ դաս տամ…

Վարազդատն ուզում էր վճարել եւ շուտ՝ ժամ առաջ ճանապարհ ընկնել, բայց, կարծես, հիպնոսացած, տեղի տվեց, նստեց Գալուստի առջեւ։ Խաղն իր օգտին էր։ Որոշեց կարճ կապել, սակայն Գալուստը չէր ընկրկում.

-Զա՛ռ, փախավ, զա՛ռ, հրամանատա՛ր, դեռ չես հաղթել, դեռ առջեւում ինչե՜ր կան… Ախալքալակ երթալ կա, սելը կոտրել, ճամփեն մնալ կա…

Սենյակի խորքում Գալուստի կինը՝ Արմենուհին, ցածր երգելով, կերակուր էր եփում։ Նա բարետես էր՝ սեւ. նշաձեւ աչքերով, ծագումով սասունցի էր, արագաշարժ եւ ուղղախոս։

Նա գորովալից հայացք նետեց դեպի կաղալով մոտեցող Վարազդատը, նկատելի արհամարհանքով մի կողմ հրեց նարդին ու լիքը մոխրամանը եւ սկսեց սեղան գցել՝ օղի, լավաշ, հորած պանիր, թթու, ուզում էր երշիկ կտրատել, բայց Վարազդատը սաստեց. նա կարծում էր, թե երշիկի մեջ ձիու միս կա։

Օրն արդեն մթնում էր։ Նա դուրս նայեց, ոտքի կանգնեց։

-Մի խաղ էլ,- թախանձեց Գալուստը։

-Ո՛չ,- կտրուկ պատասխանեց Վարազդատը։ Նա դժվարությամբ ուղղեց պրոթեզը ու կաղալով դուրս եկավ։

Քիչ գինովցած էր, սկսեց լծել ձիերը։ Մտածեց, որ մինչեւ կեսգիշեր կհասնի ճամփակեսը՝ Թորոս գյուղ, կգիշերի քրոջ տանը։

Երբ դուրս եկավ՝ քաղաքը քնած էր, հատ ու կենտ բեռնատարներ էին անցնում սառցապատ ճանապարհով՝ ռիթմիկ շխկացնելով անիվներին ամրացված շղթաները։

Վարազդատը կանգնեց սահնակի մեջտեղում, քաշեց սանձերը, մտրակ ուներ, բայց չէր օգտագործում։

-Նոո՜, գնացի՛նք,- եւ շարժվեցին։

Քաղաքից դուրս սկսվեց քամին, որ շատ շուտով վերածվեց ձնաբքի։ Ձյունամրրիկը ծածկեց ճանապարհը։ Համարյա ոչինչ չէր երեւում, միայն աջակողմյան երկաթգծի կամուրջները, ծանոթ շինություններն ու էլեկտրասյուները։ Ճանապարհը Քեթի գյուղի ոլորանների վերեւում համարյա ծածկված էր, ձիերը այլեւս վազքով չէին գնում։

Պետք էր շատ արագ հասնել հաջորդ գյուղը։ Վարազդատը առաջին անգամ օգտագործեց մտրակը։ Ձիերը ծառս եղան, սկսեցին արագ գնալ։ Սահնակը մի կողմից մյուսն էր ընկնում, շուրջը ոչինչ չէր երեւում։ Եվ հանկարծ ձիերից մեկը ձախ գնաց, մյուսը՝ Քուռկիկը՝ աջ, ու գայթեց, ճռնչոցով կտրվեցին հիմնական երասանի կապերը։

Քուռկիկն անջատվեց սահնակից, խարխափեց, մի քանի քայլ արեց, ընկավ ու շուռ եկավ մեջքի վրա։ Վարազդատը արագ մի կողմ նետեց մտրակը, ուղղեց պրոթեզը, սայթաքելով շտապեց դեպի ձիերը։

-Օ՜, Աստվա՜ծ, Քուռկիկի ոտքը սմբակից վերեւ փշրված էր, սմբակը կախված էր կաշվից, իսկ սմբակի վրա պայտն էր, որ պոկվել էր ծուռ մեխերից ու կոտրվել…

Վարազդատը քարացավ. չգիտեր անելիքը։

-Քուռկի՛կ ջան, Քուռկի՛կ ջան,- կրկնում էր նա։

Ձին մեղմ վրնջում էր, սպիտակ ձյունը ներկվում էր բոսոր կարմիրով։

Վարազդատը սահնակի միջից հապճեպ ինչ-որ փալասներ գտավ, փորձեց կապել կոտրված տեղը, բայց ամեն մոտենալուց ձին ցնցվում էր, փորձում կանգնել եւ արագ ընկնում էր կողքի։

Շրջապատում քար լռություն էր, մրրիկն արդեն դադարել էր, սառած ձյունը կայծկլտում էր։ Երկնքում սկսեցին երեւալ աստղերը, լուսինը։ Սկսվեց լեռնային ձմռան ցրտաշունչ ու պարզկա գիշերը… Ճանապարհը չէր երեւում, ոչ մի կողմից շարժում չկար։ Շատ հեռվում մեքենայի լույս երեւաց, որը եւ կորավ, ինչպես հայտնվել էր։ Վարազդատը գրկել էր Քուռկիկի գլուխը ու հոնգուր-հոնգուր լաց էր լինում։

Գինովությունն ամբողջովին անցավ։

-Վա՜յ, Գալո՛ւստ, վերջին ծո՛ւռ մեխդ…

Հանկարծ բլրի այն կողմում փայլփլեցին ինչ-որ կանաչ լույսեր, կորան ու նորից երեւացին՝ ավելի ու ավելի մոտ։

Եվ քարափի գլխից տարածվեց գայլի՝ դեպի լուսինն ուղղված չարագույժ ոռնոցի ելեւէջները…

Շիրակ, ք. Գյումրի
Մայիս, 1987թ.

ՄԱՐՏԻՆ ԿԱԿՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Հոգևոր-մշակութային


19/09/2012