Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՈԿՈՒՄ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ



Ժամանակակից համազորային մարտի վարման ընթացքում ավելի ու ավելի մեծ տեղ է հատկացվում փոքր ստորաբաժանումների գործողություններին: Աշխարհի շատ բանակներում ամրապնդվում է այն մոտեցումը, որ դասակը, ջոկը (կամ համարժեք օղակները) կարող են կատարել ինքնուրույն խնդիրներ, նպաստել ընդհանուր հաղթանակին, իհարկե, համապատասխան պատրաստության դեպքում: Արդիական սպառազինությամբ համալրված դասակը (ջոկը) ընդունակ է ոչնչացնելու հակառակորդի կենդանի ուժը, տանկերը, զրահապատ տեխնիկան, հակատանկային և այլ կրակային միջոցները, պայքարելու ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և այլ օդային թիրախների դեմ, ինչպես նաև պաշտպանելու իր զբաղեցրած բնագիծը հակառակորդի գերակշռող ուժերից, հարձակում գործելու, հետախուզություն վարելու և այլն: Դասակի ընդհանուր հաջողությունը պայմանավորված է բաղկացուցիչ մաս կազմող ջոկերի ճիշտ գործողություններով: Օրինակ՝ դասակի հարձակման ճակատը մինչև 300 մետր է, իսկ մոտոհրաձգային ջոկինը հետիոտն կարգով՝ մինչև 50 մետր: Այսինքն՝ մի քանի ջոկերի առաջխաղացումը բարենպաստ պայմաններ և հարմար բնագիծ է ստեղծում խոշոր ուժերի լայնածավալ հարձակման համար: Իհարկե, ջոկի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է, որ ջոկի հրամանատարը լինի փորձառու, գրագետ, կարողանա ղեկավարել անձնակազմը և ճիշտ հրամաններ արձակել:

Մեր զինված ուժերում կրտսեր հրամանատարների պատրաստությանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Ուսումնական բրիգադում արդեն քանի տարի է ջոկի հրամանատարներ են պատրաստում մեր զինված ուժերի համար: Զորամասի մոտոհրաձգային գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալ մայոր Մ. Քոսյանի հետ հետևեցինք ջոկերից մեկի պատրաստության ընթացքին:

-Վերջին շրջանում ուսումնական գործընթացի արդյունավետությունը զգալիորեն ավելացել է,- նշեց մայորը,-դա պայմանավորված է առավելապես երկու գործոնով: Նախևառաջ մեր ուսումնական զորամասն արդեն այլ զորամասերից է զինվորներ ընդունում և վերապատրաստում որպես ջոկի հրամանատարներ: Այսինքն՝ հավաքակայանից նորակոչիկներ չեն գալիս, իսկ այլ զորամասերի հրամանատարներն արդեն իրենց մոտ ծանոթանում են յուրաքանչյուր զինվորի անհատական և ծառայողական որակներին, տեղում որոշում՝ տվյալ զինծառայողը կարո՞ղ է ստորաբաժանում ղեկավարել, թե ոչ, և թեկնածուներին գործուղում են մեզ մոտ: Մի քանի ամսվա պատրաստությունից և քննությունները հաջող հանձնելուց հետո տվյալ զինծառայողները վերադառնում են իրենց հիմնական զորամաս՝ որպես ջոկի հրամանատարներ: Նման մոտեցման շնորհիվ ուսուցումն ավելի նպատակային է, միջոցներ և ժամանակ չենք ծախսում այնպիսի զինվորների պատրաստության վրա, որոնք հետագայում կթերանան որպես կրտսեր հրամանատարներ: Իհարկե, մեծացել է նաև պատասխանատվության աստիճանը: Եթե ամփոփիչ քննությունների ժամանակ կուրսանտը թեկուզև մեկ առարկայից անբավարար գնահատական ստանա, նա չի դառնա կրտսեր հրամանատար, իսկ այդ դեպքում առաջնահերթ մեղավորը նրան ուսուցանող ջոկի հրամանատարն է լինելու: Եվ միանգամայն բնական է, որ բոլորն էլ ձգտում են առավելագույն գիտելիքներ փոխանցել կուրսանտներին:

Բացի այդ, մեր հիմնական կազմի ջոկի հրամանատարներին սկսել են փոխարինել պայմանագրային սերժանտներով: Այս համակարգի առավելությունների կամ թերությունների մասին կարելի է երկար խոսել, միայն նշեմ, որ մեր զորամասի պարագայում նման մոտեցումը միանգամայն արդարացված է: Երկու դեպքում էլ ծառայության կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները նույնն են, տարբերությունը միայն այն է, որ պայմանագրայինները աշխատավարձ են ստանում և երեկոյան զորամասի տարածքից դուրս գալիս: Բայց հավատացնում եմ, հիմնականում վերջիններս ավելի լուրջ են մոտենում ծառայությանը, չէ՞ որ ժամկետային սերժանտներն ի վերջո իրենք էլ զինվորներ են և շատ հաճախ փորձում են չծանրաբեռնել իրենց ենթականերին: Թեև արդարության համար պետք է նշեմ, որ ամեն ինչ կախված է անձի անհատական որակներից:

Մայոր Քոսյանի հետ ուղևորվում ենք հրաձգարան, ուր կրակային պատրաստության պարապմունքներ էր անցկացնում կրտսեր սերժանտ Միքայել Միքայելյանի ղեկավարած մոտոհրաձգային ջոկը: Միքայելյանը պայմանագրային է, ընդամենը մի քանի ամիս առաջ է անցել ծառայության, սակայն հասցրել է աչքի ընկնել որպես ջոկի լավագույն հրամանատար: Ինչպես ինքն է ասում, պարզապես առաջնորդվում է զինվորական կանոնագրքերի պահանջներով:

-Ջոկի հրամանատարը պարտավոր է խորամուխ լինել իր ենթակաների խնդիրների մեջ, հետաքրքրվել նրանց անձնական կարիքներով: Մեր շփումն սկսվում է առավոտյան ստուգման ժամանակ, երբ ես հետևում եմ նրանց արտաքին տեսքին, հանդերձանքին: Այնուհետև սկսվում են պարապմունքները, և մենք գրեթե ամբողջ օրը միասին ենք անցկացնում: Բնականաբար, բոլորի խնդիրներն ընդհանուր են դառնում, և զարգանում է կոլեկտիվ գործելաոճը, իրար փոխօգնության հասնելու ձգտումը, ինչը շատ կարևոր է նման փոքր ու կարևոր օղակում:

Մեր ուսումնական զորամասում ջոկի հրամանատար լինելը մի քիչ ավելի դժվար է, քան սովորական զորամասում: Այլ զորամասերում ջոկի անդամներից յուրաքանչյուրը իր հստակ պարտականություններն ունի, նրանց հենց դա էլ սովորեցնում են: Իսկ մեզ մոտ ջոկի անդամներից յուրաքանչյուրն ինքը ապագա ջոկի հրամանատար է: Հետևաբար, այսօր ես պարտավոր եմ յուրաքանչյուրի հետ աշխատել անհատապես, աշխատել այնպես, որ հետագայում նա կարողանա կատարել և՛ ջոկի հրամանատարի, և՛ մեխանիկ-վարորդի, և՛ նշանառու-օպերատորի պարտականությունները: Միևնույն ժամանակ, ջոկի հրամանատարը պետք է պատրաստ լինի դասակի հրամանատարի պարտականությունները կատարելուն:

Կրտսեր սերժանտը ներկայացրեց յուրաքանչյուր ջոկի պատրաստության ընթացքը: Նա նշեց, որ ամենից առաջ կուրսանտի հետ անցկացվում են անհատական զրույցներ, նրանց հենց սկզբից հոգեբանորեն նախապատրաստում են անձնակազմ ղեկավարելուն: Մի շարք տեսական դասընթացներից հետո սկսվում է գործնականում ստացած գիտելիքներն ամրապնդելու շրջանը: Բացի հրաձգարանում անցկացվող կրակային, մարտավարական պատրաստության պարապմունքներից, կուրսանտները հնարավորություն ունեն իրենց վարպետությունը հղկել նաև վարժասարքերով, ինչն էականորեն նպաստում է բարձր արդյունքներ ցույց տալուն:

Օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքներից մենք առանձնացրինք կրակային պատրաստությունը: Յուրաքանչյուր զինծառայողի պատրաստության աստիճանը առավել խորն է երևում զորավարժության, տարբեր վարժանքների ժամանակ, իսկ մարտական հրաձգությունը, դրան նախորդող փուլերն արդեն որոշակի վարժանքների տարրեր են պարունակում, որոնց հետևելով կարելի է կարծիք կազմել թե՛ տվյալ ստորաբաժանման, թե՛ անհատապես ամեն մի զինվորի մարտունակության մասին:

Հրաձգարանում երեք տեղամաս կա՝ ինը ուսումնական կետով, վերջինը մարտական հրաձգությունն է: Ամեն պարապմունքի ժամանակ անձնակազմը անցնում է բոլոր ուսումնական կետերով, վերհիշում անցածը, նոր միայն անցնում կրակային բնագիծ: Տվյալ օրը ջոկը կատարում էր երկրորդ ստուգողական վարժությունը՝ հրաձգություն հարձակման ժամանակ: Ինչպես նշեց Միքայելյանը, ջոկի հարձակումը պաշտպանվող հակառակորդի վրա կատարվում է նրա հետ անմիջական շփման դրությունից կամ ընթացքից, և գործնական ամեն մի պարապմունք լրացուցիչ վստահություն, փորձառություն է հաղորդում անձնակազմին: Երբեմն նաև տարբեր ջոկերի միջև ուսումնական մարտեր են անցկացվում, անսպասելի առաջադրանքներ են տրվում՝ զարգացնելով տեղում ինքնուրույն որոշում ընդունելու կարողությունը:

Անցնում ենք ուսումնական կետերով: Սովորաբար հարձակման ժամանակ ջոկը գործում է դասակի կազմում, սակայն կարող է գործել նաև ինքնուրույն՝ կախված մարտական իրավիճակից: Ամեն դեպքում ջոկի հրամանատարը պարտավոր է հստակ որոշել կողմնորոշիչները, հայտնել անձնակազմին՝ յուրաքանչյուրին հանձնարարելով տեղամասի կոնկրետ հատվածի վերահսկողություն: Նախնական դիտարկումից հետո նա պետք է հայտնի հակառակորդի մոտավոր կազմը, գործողությունների բնույթը, պաշտպանության առջևի եզրի ուրվագիծը և կրակային միջոցների տեղաբաշխման վայրերը: Դասակի հրամանատարից հրամաններ ստանալով՝ ջոկի հրամանատարը պետք է խնդիրներ առաջադրի անձնակազմին, տեղանքում մարտ կազմակերպի՝ գրագետ օգտագործելով տվյալ տեղանքի առանձնահատկությունները, զենքի և ռազմական տեխնիկայի հզորությունը: Այս թեմաների շուրջ ծավալվեց գործնական պարապմունքը ուսումնական կետերում, ինչպես նաև արգելափակոցների և խոչընդոտների հաղթահարման եղանակների, կրակային դիրք զբաղեցնելու կարգի և այլնի մասին: Հատկապես երկու թեմա առանձնացրեց կրտսեր սերժանտ Միքայելյանը՝ կրակի վարման հաջորդականությունը և հարևան ստորաբաժանումների հետ համագործակցությունը: Առաջինի դեպքում նա մանրամասն պարզաբանեց, որ ջոկում կան տարբեր հաստիքներ, և յուրաքանչյուր զինծառայող ունի իրեն ամրակցված զինատեսակը: Կոնկրետ մարտի վարման ընթացքից է որոշվում, թե հակառակորդի որ նշանակետն է առաջնահերթ խոցվելու՝ տեխնիկան, անձնակազմը, թե այլ: Եվ ջոկի հրամանատարի ճիշտ որոշումից կարող է կախված լինել առաջադրանքի կատարման հաջողությունը: Ընդ որում, նա պետք է պատրաստ լինի որոշում կայացնել ինչպես նախնական դիտարկման արդյունքներով, այնպես էլ հանկարծակի, մարտի ընթացքից ելնելով: Եվ երկրորդ հարցը, որի վրա առավել երկար կանգ առավ սերժանտը: Նա նշեց, որ առանց մյուս ստորաբաժանումների հետ համագործակցելու, ջոկը կարող է խոչընդոտել ընդհանուր խնդրի իրագործմանը, ժամանակին չհետևել առաջ ընթացող կամ նահանջող ստորաբաժանմանը, նաև հայտնվել շրջափակման մեջ: Այնպես որ՝ հարձակումը, պաշտպանությունը և նահանջը պետք է կատարվեն հիմնական ուժերի հետ սերտորեն համագործակցելով:

Տարբեր թեմաների շուրջ լրացուցիչ հարցերին պատասխանելուց հետո ջոկի հրամանատարի հրամանով անձնակազմը պատրաստվեց մարտական հրաձգության, սակայն մինչ այդ մայոր Քոսյանը, կրտսեր սերժանտ Միքայելյանը միմյանց լրացնելով, տղաներին ասացին.

-Միշտ հիշե՛ք, ջոկը մեկ միասնական մարմին է, որի յուրաքանչյուր անդամի դերակատարումը անչափ կարևոր է: Թեկուզև մեկ զինծառայողի թերացումը կամ մեկի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել: Ուշադիր եղեք միմյանց նկատմամբ և հիշեք՝ համառությունը և վճռական գործողությունները թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման ժամանակ մարտական խնդիրների կատարման գրավականն են:

Ջոկի անձնակազմը սկսեց մարտական հրաձգությունը: Իհարկե, մեկ անգամ կրակելով դժվար է որոշել նրանց պատրաստության աստիճանը, թեև հրամանատարները գոհ էին: Մեզ ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչքանով են այսօրվա կուրսանտները կարողանում ինքնադրսևորվել ասենք մարտական հերթապահություն կատարող զորամասերում: Մեզ հավաստիացրին, որ ուսումնական բրիգադում ծանրաբեռնված ուսումնառությունից հետո քչերն են թերանում: Առաջիկայում մեր հրապարակումներից մեկում կանդրադառնանք նաև այդ թեմային:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/09/2012