Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ



Մոտոհրաձգային գումարտակը զորամասի լավագույն ստորաբաժանումներից է: Մարտական պատրաստության գործընթացի, ստորաբաժանման խնդիրների և անձնակազմի մասին մեր հարցերին ի պատասխան` պարզաբանումներ տվեց գումարտակի շտաբի պետ մայոր Ա.Վարդազարյանը.

– Օգոստոս ամսվա ընթացքում ծրագրով նախատեսված են եղել հրամանատարական հավաքներ, հրամանատարական պատրաստության պարապմունքներ դասակի հրամանատարների հետ, ստուգողական մարզումներ անձնակազմի հետ: Ներդաշնակման պարապմունքներ ենք անցկացրել ջոկերի հետ, ինչպես նաև ջոկի մարտական ստուգողական պարապմունքներ: Ընթացքի մեջ են վաշտի լավագույն հրամանատարի, կապի դասակի լավագույն հրամանատարի մրցումները։ Վաշտի լավագույն հրամանատարի մրցումների արդյունքում գումարտակում աչքի է ընկել ավագ լեյտենանտ Բեյբությանը։ Իհարկե, մրցույթի մյուս փուլերը դեռևս առջևում են, ակտիվորեն պատրաստվում ենք դրանց:

Ջոկի հրամանատարների հավաքների ժամանակ աչքի են ընկել պայմանագրային սերժանտներ Մանուկյանը, Հակոբյանը, ավագ սերժանտ Տոնոյանը։ Ընդհանուր առմամբ, ներդաշնակման արդյունքում ջոկերի քիչ մասն է «անբավարար» գնահատական ստացել, իսկ միջին գնահատականը «լավ» է:

Դասակի հրամանատարների հետ պարապմունքներն անցկացվել են մարտական, ֆիզիկական եւ մեթոդական պատրաստության առարկաներից։ Արդյունքն ընդհանուր առմամբ դրական է, թեպետ կան նաև թերություններ, հիմնականում մեթոդական պատրաստությունից։ Կարծում եմ, դասակի հրամանատարների փորձառության ավելացմանը զուգահեռ այդ թերությունը կվերանա:

Ամեն ամսվա վերջում անցկացնում ենք ստուգողական պարապմունքներ. անձնակազմը ստուգարքներ է հանձնում մարտավարությունից, կրակային, շարային եւ ֆիզիկական պատրաստությունից։ Վերջին ստուգարքների արդյունքում գումարտակի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ականանետային դասակը։

Հրամանատարությունը ջանում է անարձագանք չթողնել անձնակազմի ոչ մի ձեռքբերում և խրախուսել բոլորին: Ուսումնական յուրաքանչյուր փուլի համար կազմվում է արձակուրդների նոր գրաֆիկ, քանի որ զինծառայողների թիվը փուլից փուլ փոխվում է։ Ուսումնական փուլից առաջ գրաֆիկը կազմում են գնդի հրամանատարը եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով նրա տեղակալը։ Արդյունքում՝ ամեն զինվոր նախօրոք գիտի իր արձակուրդ գնալու օրը։ Ամուսնացած զինծառայողներին արձակուրդ տրվում է 6 ամիսը մեկ 5 օրով։

Ունենք ռազմական ինստիտուտը նոր ավարտած սպաներ։ Անցյալ տարվա երեք շրջանավարտներից երկուսն արդեն դրսեւորում են անձնակազմի հետ աշխատելու որոշակի հմտություն։ Նրանց սոցիալական խնդիրները, մասնավորապես` բնակարանով ապահովելու հետ կապված հարցերը, լուծվում են օրենքով նախատեսված կարգի համաձայն:

Ինչ վերաբերում է ծառայությանն առաջին գծում, ապա անձնակազմն ակտիվորեն մասնակցում է մարտական հերթապահությանը եւ պատրաստվում առաջիկա հերթափոխին։

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ազգային բանակ


12/09/2012