Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ



Քիչ չեն դեպքերը, երբ զինվորները ունեցել են առողջական խնդիրներ և չեն զեկուցել վերադասին այդ մասին, որն էլ բերել է ծանր հետևանքների, երբեմն էլ` մահվան: Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար ՊՆ-ում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվում:

Օրերս մեր զինվորներին բաժանվել են նոր գրքույկներ` հրատարակված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից: Գրքույկը կրում է «Առողջության, առաջին օգնության և առավել հաճախ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ մատչելի խորհուրդներ զինվորին» անվանումը և նպատակ ունի զինվորին սովորեցնել ինչպես գործել առողջական այս կամ այն խնդիրների ի հայտ գալու դեպքում: Այս 56 էջանոց գրքույկում մատչելի ներկայացված է, թե ինչպես պետք է զինվորները պահպանեն անձնական հիգիենայի կանոնները: Բացի այդ, գրքույկում ուշադրություն է դարձվում արտաքին միջավայրի ազդեցությանը օրգանիզմի վրա, առաջին օգնությանը դժբախտ պատահարների, շնչառության խանգարման դեպքում և հանկարծահաս հիվանդագին վիճակներում, ինչպես նաև կոտրվածքների, սրտի կանգի, այրվածքների, էլեկտրահարությունների, թունավոր միջատների և օձերի խայթոցի ժամանակ: Գրքույկի մեկ այլ բաժնում մանրամասն նկարագրված են սուր աղիքային և սուր շնչառական հիվանդությունները և դրանց կանխարգելման միջոցները: Վերջին գլխում նկարագրված են որոշ ախտանիշներ և դրանց հնարավոր պատճառները: Նշենք, որ ամեն մի դեպքի նկարագրության և առաջին բուժօգնության մասին հատվածում նշվում է, որ զինվորը պարտավոր է իր կամ համածառայակից ընկերոջ առողջական խնդիրների դեպքում, առաջին բուժօգնությունից հետո, դիմել զորամասի բուժկետ կամ մոտակա բժշկական հաստատություն:

Այս գրքույկը զինվորներին դժբախտ պատահարներից հեռու պահելու մի փորձ է: Այն նաև կոչ է զինվորներին` առողջական խնդիրների դեպքում չփորձել թաքցնել հիվանդությունը կամ ինքնուրույն բուժվելու փորձ անել:

Այս վերջին ժամանակներս զինվորների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկված հերթական քայլն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ պարբերաբար կազմվում են բազմաթիվ նմանատիպ գրքույկներ` զինվորի ապահովության և իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:

Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար գրքույկի առաջին մասում զգուշացում կա զինվորներին, որ նրանք պարտավոր են զեկուցել հրամանատարությանը վարակիչ հիվանդությունների առկայության մասին, նաև զինծառայող չպետք է թաքցնի իր հիվանդությունը և հիվանդանալու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել բուժկետ:

Զինվորը լավ սերտելով և մշտապես ձեռքի տակ ունենալով այս գրքույկը` հեռու կմնա ծանր դեպքերից և կկարողանա առողջ և ապահով ծառայություն անցկացնել: Գրքույկը հատկապես օգտակար կլինի մարտական հերթապահության ժամանակ, քանի որ շատ ժամանակ հենակետում զինվորները ունենում են առողջական խնդիրներ ցրտից, երկար կանգնելուց, թունավոր միջատների, սողունների խայթոցից. ծայրահեղ դեպքերում զինվորը պետք է իմանա ինչպիսի կանխարգելիչ միջոցների դիմի մինչև օգնության հասնելը:

ԱՇՈՏ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ժամկետային զինծառայող

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ազգային բանակ


12/09/2012