Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՑՐՈՒ՝ ԻՆՉՈ՞Վ ՕԳՆԵՄ



Զրույց կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, քաղացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

-Պարոն Գրիգորյան, մեր զրույցը Ձեր ծննդյան տարեդարձի առիթով է եւ պիտի նվիրվի Ձեր կենսագրությանը, անցած ճանապարհի իրադարձային դրվագներին։ Թերեւս սկսենք ամենասկզբից… ՈՒ՞մ կերպարով է ամբողջանում Ձեր մանկությունը, ի՞նչ պատկեր է արթնանում մանկություն ասելիս։
-Իմ մանկությունը մարմնավորվում է հորս կերպարով, նա իմ մանկության շունչն ու ոգին էր։ Իմ հերոսը։

ՀԱՅՐՍ

Հայրս հադրութցի էր, ծամձորցի։ Նա երբեք ինձ հայրենասիրության դասեր չի տվել, չի խոսել հայրենիքի մասին, բայց հենց նա է արթնացրել իմ մեջ հայրենիքի կերպարը, հայրենիքի զգացողությունը, ես տեսել եմ , թե նա ինչպես է սիրում Ծամձորը, որքան է կապված իր գերդաստանին, հարազատներին, համագյուղացիներին, իր հող ու ջրին։ Ես հասկացել եմ, որ այս արեւի տակ ուր էլ գնաս, որտեղ էլ ապրես, քո արմատն այնտեղ է, որտեղից սկիզբ ես առել։ Քո փոքրիկ աշխարհը, քո հենման կետը, քո անկյունը։ Հայրս հող էր սիրում, հողի վրա սեր ու քրտինք էր թափում, ծիլ ու ծաղիկը, ծառ ու խոտը խնամում էր ինչպես երեխայի։ Գիտակցաբար, թե ակամա՝ նա ինձ կապեց հողին։ Սովորեցրեց հողի լեզուն, հողի փիլիսոփայությունը։ ՈՒ հողը դաստիարակեց ինձ։

Հայրս երկու բուհ էր ավարտել, գիրքը ձեռքից ցած չէր դնում, անընդհատ կարդում էր։ Հայրս ազդեցիկ մարդ էր, խաղաղ, հավասարակշիռ։ Նա երբեք ձայնը չէր բարձրացնում, բայց նրա խոսքը օրենք էր, նրա կերպարը՝ օրինակ, նրա արարքները՝ չափանիշ։ Հայրս չէր ծխում. ես ու եղբայրս մինչ օրս չենք զգացել ծխախոտի համը։ Հայրս ասում էր՝ պիտի ֆիզիկապես ուժեղ լինես, որ հոգիդ չթուլանա։ Ու ես ու եղբայրս մեզ չխնայելով մարզվում էինք։ Մի անգամ հայրս ինչ-որ մեկի մասին խորին հարգանքով ասաց՝ կարմիր դիպլոմով է ավարտել բուհը… Ես մտքիս դրեցի ու պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտեցի կարմիր դիպլոմով։ Թերեւս շինարարի մասնագիտության հանդեպ հորս հարգանքն էր պատճառը, որ ես դիմեցի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի արդյունաբերության ու քաղաքացիական շինարարության բաժինը։

-Մի առիթով, երբ հիշում էիք Ձեր ուսանողական տարիները, ասացիք, որ ի տարբերություն շատերի, Դուք հեռու եք եղել մայրաքաղաքային զվարճանքներից, աղջիկներից… Բայց ահա Ձեր կենսագրության մեջ գրված է, որ բուհի երրորդ կուրսում հասցրել եք ամուսնանալ։
-Կինս իմ համակուրսեցին էր։ Նա ծագումով մեր կողմերից էր՝ ղարաբաղցի։ Գեղեցիկ աղջիկ էր ու լավ էր սովորում։ Չեմ կարող ասել, թե ընտրությունս գիտակցված, հաշվենկատ որոշում էր, պարզապես ես սիրահարված էի…

ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ

Կինս ունի բոլոր այն հատկանիշները, որոնք հարկավոր են ինձ նման տղամարդու հետ խաղաղ, ներդաշնակ ու ամուր ընտանիք կազմելու համար։ Կինս կազմակերպված է, ճշգրիտ, սիրում է կարգուկանոն։ Նրա համբերատարությունը սահման չունի։ Կյանքը նրա համար նվիրում է ամուսնուն, երեխաներին։ Շատ եմ գնահատում կնոջս։ Նրա բարձր ինտելեկտը, մարդկային նկարագիրը, երեխաներին ու թոռներին դաստիարակելու տաղանդը եւ գեղեցիկ ու հաշտ ընտանիք կազմելու ունակությունը։ Երբեմն մտածում եմ, որ ես քիչ եմ զբաղվել երեխաների դաստիարակությամբ, հետո մխիթարում եմ ինքս ինձ. երեխաները ավելի շատ դաստիարակվում են ոչ թե հոր քարոզներով, այլ հոր կերպարով։ Տղաս գնաց իմ ճանապարհով, ընտրեց իմ մասնագիտությունը (թերեւս՝ իմ կերպարը)։

-Դուք պատերազմի ժամանակ եղել եք կանոնավոր բանակի սպա՝ դասակի հրամանատարից հասել եք գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Ձեր մարտական ուղին հուշում է, որ գիտեք պատերազմի ուղնուծուծը…
-Արցախյան պատերազմում հաղթեց հայ զինվորը։ Հայ տղան իր արյունը թափեց սահմանին՝ կամավոր ու քաջաբար։

ԻՄ ԶԻՆՎՈՐԸ

Պատերազմը ինձ շատ բան սովորեցրեց։ Ես հրամանատար դարձա՝ անցնելով պատերազմի դպրոցը։ Զինվորի թիկունքը պիտի ամուր լինի, զինվորը պիտի զգա թիկունքի ուժը, սերը, միաբանությունը։ Հրամանատարը զինվորի ամենահուսալի թիկունքն է։ Զինվորը պիտի հենվի հրամանատարին, որ կարողանա խիզախորեն դիմակայել թշնամուն։ Ծայրահեղ բան պիտի ասեմ՝ պատերազմի դաշտում (բանակում՝ նույնպես) զինվորը հայրենիքը սիրելուց առաջ պիտի իր հրամանատարին սիրի։ Հետո հայրենիքն էլ կսիրի, հողն էլ, ժողովրդին էլ։ Հրամանատարին չսիրեց, հայրենիքը չի սիրելու։ Ես տեսել եմ իմ զինվորների անօրինակ քաջագործությունները։ Ես վախկոտ զինվոր չեմ ունեցել։ Հայ զինվորը ոգու զինվոր է, ոգին բարձր պահիր՝ մենակ կգնա հարյուր հոգու դեմ ու չի կոտրվի։ Մի անգամ ռմբակոծության ժամանակ զինվորս վիրավորվեց (կողքիս էր)։ Ես չվնասվեցի, մենակ ժամացույցս կոտրվեց։ Տարիներ հետո, երբ պատերազմն ավարտվել էր, ես էլ գումարտակի հրամանատար էի, ասացին, որ զորամասի հսկիչ-անցագրային կետում ինձ մի կին է հարցնում։ Հանդիպեցի կնոջը, ասաց, որ ինքը Ամերիկայից է եկել, եւ իր քրոջ որդին փոքրիկ փաթեթ է ուղարկել ինձ։ Բացեցի՝ գրություն էր իմ զինվորից (որը վիրավորվել էր ռմբակոծության ժամանակ)՝ «Հրամանատար, ես երբեք չեմ մոռանա քեզ», ու մի ժամացույց՝ իմ կոտրված ժամացույցի փոխարեն։ Այդ ժամացույցը ամենամեծ պարգեւն է՝ մեդալը, շքանշանը, որ երբեւէ ստացել եմ։

-Բնականաբար, հարցազրույցից առաջ փորձել եմ ծանոթանալ Ձեր կենսագրությանը, ծառայական գործունեության մանրամասներին։ Պարզվում է, որ Ձեր ղեկավարած գումարտակում հատկապես վերջին տարիներին ոչ մի հանցանք կամ զանցանք չի արձանագրվել, փախուստի ոչ մի դեպք չի եղել։ Ո՞րն էր հաջողության ամենակարեւոր պայմանը, բանալին…
-Սերն ու հոգատարությունը զինվորի հանդեպ։

ԻՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ ԻՆՁ

Ես անձամբ ճանաչել եմ իմ յուրաքանչյուր զինվորին, իմացել եմ կենսագրությունը՝ որտեղից է, ինչպիսի ընտանիք ունի, հոգեվիճակը, բնավորությունը, հակումները։ Մտածել եմ՝ ծնողը ինձ է հանձնել իր որդուն, ու ես պարտավոր եմ հայր լինել նրա համար։ Ես հավասար աչքով եմ նայել բոլոր զինվորներիս, օգնել եմ ինչով կարող եմ, խրատելիս էլ հայրաբար եմ խրատել։ Արձակուրդները տրվել են առանց խտրականության, առանց խախտելու հերթը։ Իմ զինվորներից ոչ մեկը առավելություն չի ունեցել մյուսի հանդեպ։ Սա՛ է հաջողության բանալին։ Մեր գումարտակում զինվորը ոչ մի րոպե պարապ չի մնացել։ Իմացել եմ, թե յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր զինվոր ինչով է զբաղված։ Ոչ ոք դուրս չի մնացել հսկողությունից։ Ես նայել եմ զինվորի դեմքին՝ հասկացել եմ՝ երբ է հիվանդ, անտրամադիր, երբ հոգս ունի, անմիջապես կանչել եմ աշխատասենյակ, զրուցել եմ հետը, օգնել եմ։ Մի անգամ տասը հատ սվին-դանակ էր կորել զինանոցից, հավաքեցի գումարտակը ու սկսեցի խոսել զինվորներիս հետ։ Ո՛չ գոռացել եմ, ո՛չ անպատվել, պարզապես բացատրել եմ։ 15 րոպեից եկան- զեկուցեցին, որ գողացված սվին-դանակները դրված են զինանոցի մուտքի մոտ։ Ես շատ բան եմ սովորել իմ գնդի հրամանատարից՝ երջանկահիշատակ Հովհաննես Ազոյանից։ Նա զինվորների հետ էր ճաշում, նրա բաժինը լցվում էր ընդհանուր կաթսայից. էդ ո՞ր խոհարարի մտքով կանցներ վատ պատրաստել զինվորի համար։ Հետո ես էլ էի այդպես անում՝ ճաշում էի իմ գումարտակի զինվորների հետ։ Մենք ապրում էինք մի ընտանիքի նման, իմ գումարտակում նեղված զինվոր չկար՝ ընկճված կամ նվաստացած, խեղճացած զինվորը հրամանատարի պարտությունն է։ Իմ զինվորները սիրում էին ինձ, եւ դա իմ ամենամեծ ձեռքբերումն էր՝ որպես զինվորական հրամանատար։ Եթե յուրաքանչյուր հրամանատար կարողանա ասել՝ իմ զինվորները սիրում են ինձ, մենք կունենանք աշխարհի ամենաուժեղ բանակը։

-Պաշտպանության համակարգում տարբեր պաշտոններ ստանձնելուց հետո ծառայության եք անցել կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում՝ որպես ծառայության պետ, ապա վարչության պետի տեղակալ, վարչության պետ։ Որո՞նք են եղել Ձեր ամենակարեւոր ձեռքբերումները ա՛յդ տարիներին։
-Մենք տարիներ շարունակ կառուցել ենք զինվորի համար, բարելավել ենք զինվորի կենցաղային պայմանները։

ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԻ ԿԵՆՑԱՂԻՑ
Զինվորը չի կարող մարտունակ լինել, եթե գլխին անձրեւ է կաթում, կամ մրսում է զինանոցում։ Եթե բաղնիքն անբարեկարգ է, կամ ճաշարանը չի տրամադրում, եթե հանգստի, ժամանցի հնարավորություն չունի։ Զինվորի համար կառուցելը եղել է մեր վարչության թիվ 1 առաջնահերթությունը։

Հ.Գ.- Իմ շրջապատում բազմաթիվ նվիրյալներ կան՝ սպա, զինվոր, գեներալ, բժիշկ, վարորդ, բանվոր…. ովքեր մեր երկրի հենասյուներն են, անկյունաքարերը, որոնց վրա կառուցվում է երկիրը։ Նրանք այն շաղախն են, որ ամրացնում են մեր Տունը։ Բայց կա մի բան, որ հուզում է ինձ,՝ անտարբերությունը, աղջիկ է, փողոցում կանգնած լալիս է, մոտեցի՛ր, հարցրու՝ ինչո՞վ օգնեմ, ընդհանրապես, հաճախ հարցրու կողքինիդ՝ ինչո՞վ օգնեմ։
-Շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում եմ, որ երբեք չունենաք օգնության կարիք եւ շարունակեք ապրել՝ օգնելով ուրիշներին։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


05/09/2012