Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ



Աղանդավորական շատ կազմակերպություններ համոզված են, որ յուրաքանչյուր երկրում հոգեորսությունն արդյունավետ է, եթե դրա համար կան պատրաստված անձինք հենց այդ ժողովրդի միջից: Դա էր պատճառը, որ նրանք, օգտագործելով մանիպուլյացիայի պարզ մեթոդներ, ընտրեցին և դաստիարակեցին համապատասխան «լիդերների» մի սերունդ` հետխորհրդային երկրներում հոգեորսություն անելու համար: Գրեթե բոլոր աղանդների ղեկավարները նախկին ԽՍՀՄ երկրներում հանդես եկան որպես խորհրդային իշխանություններից հավատի պատճառով տուժած, հալածված անձնավորություններ, որոնք ապաշխարության շնորհիվ դարձել են առ Աստված, և իրենց կյանքը փոխվել է: Աղանդավորական հարձակման համար դա ճիշտ ռազմավարություն էր, որովհետև հետխորհրդային երկրները և մասնավորապես՝ Հայաստանը, գտնվում էին անցումային շրջանում. խորհրդայինը ամեն ինչ մերժում էր, նախկինում հաջողության չհասած և հանցագործ կյանքով ապրող մարդիկ հարստանում էին, «բիզնես ստեղծում», մտավորականությունը խեղճացած էր, կրթության դերը նվազել էր, և ոչ ոք չէր զարմանում, երբ կիսագրագետ միսիոներներն Աստվածաշնչի ուսուցման դպրոցներ էին հիմնում: Ապագա «լիդերներին» տեսան, ընտրեցին, վարժեցրին և զինեցին համապատասխան հմտություններով, մղեցին հոգեորսության` հավատացնելով, թե իբր իրենք Աստծուն և հայ ժողովրդին են ծառայում:

Աղանդապետը պետք է տիրապետի մանիպուլյացիայի հնարքներին և կարողանա իրականությունը խեղաթյուրելով՝ մարդկանց գցել իր ցանցը: Օրինակ` «Կյանքի խոսք» աղանդի «հովիվներից» մեկը` ոմն Արթուր, մարդկանց աղանդի մեջ ներգրավելու և պահելու համար պատմում էր իր տեսիլքները (իբրև թե դրանք Աստծուց են իրեն փոխանցված), հայտնությունները (իր սեփական մտքերը ներկայացնում էր իբրև Աստծուց իրեն տրված հայտնություններ), որոնք առողջ բանականություն ունեցող մարդու համար կարող են տարօրինակ թվալ: Քարոզներից մեկում նա նշում է, որ երիտասարդ տարիներին շատ գեր էր, և Աստված իրեն հայտնությամբ ասաց, որ պիտի դիետա պահի և կանոնակարգի իր սնունդը: Իհարկե, սա անհեթեթություն է, սակայն աղանդապետ-մանիպուլյատորն Աստծո անունը օգտագործելով, այս կերպ փորձում է վերահսկել նաև աղանդի անդամների սննդակարգը, ինչն իր հերթին լայն հորիզոն է բացում` անհատի և ընտանիքի անձնական կյանք ներխուժելու և մարդկանց ավելի խորը հոգեբանական ազդեցության ենթարկելու համար:

Մինչդեռ, ճշմարիտ քրիստոնեությունն ուսուցանում է, որ մարդը բարոյապես ազատ է, ունի ազատ կամքի և ընտրելու իրավունք, Աստծո առաջ պատասխանատու է կյանքում իր ընդունած որոշումների համար: Այդ ազատությունը Աստծո գերագույն շնորհներից մեկն է, որը չի կարելի արհամարհել` գցելով աղանդապետերի ոտքերի տակ:

Պատրաստեցին
զորամասի հոգևոր սպասավոր
Տեր Համբարձում քահանա Դանիելյանը և
Մարիամ Երանյանը

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Հոգևոր-մշակութային


29/08/2012