Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ԳԱԶԱՆԸ

Մարտական այդ հենակետը կոչվում է Գազան։ Այսպես է եղել պատմությունը։ Հայոց նորաստեղծ բանակի առաջին զորակոչվածներից էր Կորյուն Աղինյանը, որը ո՛չ վախ ուներ, ո՛չ սարսափ։ Զորակոչվել էր Իջեւանից։ Պատմում էր Իջեւանի հերոսամարտին մասնակցած քաջարի տղաներից՝ Սարոյից, Թեմուրից, Օնիկից, Նորիկից, Սլավիկից։ Ու ինքն էլ իր քաջությամբ ասես նրանց գործի շարունակողը լիներ։ «Գիշերները Կորյունին քնած դժվար էր տեսնել, անցնում էր դիրքերով, զգուշացնում զինվորներին, որ քնով չընկնեն,- պատմում է Կորյունի հրամանատար Տիգրան Դարաբյանը։- Երբեք կոշիկ չէր հագնում, դիրքից դիրք քայլում-անցնում էր ոտաբոբիկ։ Դարձել էր զինվորների ոգին, որտեղ հայտնվում էր Կորյունը, այնտեղ տոն էր, ցնծություն։ Ժամանակի ընթացքում մոռացվեց նրա անունը, ու Կորյունը դարձավ Գազան։ Ծառայությունից հետո էլ մի նոր հենակետ էինք պատրաստել եւ ուզում էինք «անվանակոչել», զինվորներից մեկն ասաց.

-Եկեք «Գազան» դնենք, որ այս հենակետի բոլոր զինվորները Գազանի նման քաջ լինեն։

Այդպես էլ եղավ։

Հայոց բանակի առաջին զինվորներից Կորյուն Աղինյանը հաճախ է այցելում զորամաս, հանդիպում իր անունով մարտական հենակետի զինվորներին, որոնք իմանալով, թե ով է իրենց հյուրը, ուրախանում են, գոտեպնդվում, հպարտանում…

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Սիրում էր արշավի մեկնել Հայաստան աշխարհի տարբեր վայրեր։ Ժամերով նստում, դիտում էր սարերի շուրթերին վեհորեն կանգնած մեր հինավուրց վանքերն ու մատուռները,- պատմում է Յուրի Հովհաննիսյանի մանկության ընկեր Հարությունը,- հերթական անգամ, երբ արշավի էինք մեկնել Քարվաճառ,- շարունակում է նա,- Յուրիի սիրտը կտոր-կտոր էր լինում՝ տեսնելով փարախի վերածված մեր վանքերն ու ջարդված խաչքարերը։ Ժպիտը, այն մեղմ ժպիտը, որ մշտապես զարդարում էր դեմքը, չքանում էր, եւ մի պահ կանգնելով՝ հայացքն ուղղում էր հեռուն. «Տղանե՛ր, լավ հիշեք տեղանքը, գուցե անհրաժեշտ լինի՝ ո՞վ գիտի, մեկ էլ տեսար հետախուզության եկանք»։ Հետո Քարվաճառի գրավման ժամանակ Յուրին անընդհատ հիշեցնում էր. «Այս ձորում քանդված մատուռ կա, այստեղ՝ աղբյուր»։ Զարմանում էի նրա հիշողության վրա։ Հիմա եմ հասկանում, որ նա ծնվել էր որպես հայրենիքի զինվոր, զորական, որը տեղանքի հիշողության, ճիշտ կողմնորոշումով քայլելու է միշտ առջեւից՝ մարտի տանելով իր ընկերներին։

Չորս անգամ վիրավորվեց, սակայն դեռ չապաքինված՝ նորից ռազմի դաշտում էր։ Զուր էին բժիշկները համոզում, ստիպում Յուրիին, որ մինչ ապաքինումը մնա հիվանդանոցում,- վերհուշը շարունակում է Գրիգոր Ավետիսյանը,- զուր էր, որովհետեւ նրան գիտեին, սիրում էին Արցախում, սիրով անվանում «Կոմբատ», «26-ի Յուրա»։ Այդ սերն աներեւակայելի էր, անշահախնդիր։ Անգամ հեռավոր, փոքրիկ գյուղերում գիտեին նրան։ Նրա բացակայությունը շատ էին զգում, ստեփանակերտցիներին թվում էր, թե Ջանհասանի դիրքերն ամուր են, որովհետեւ այնտեղ է Յուրան։

-Շուշիի ազատագրումից առաջ տղաներից մեկը Յուրիին հարցրեց.- ո՞նց եք վերցնելու էս անառիկ ամրոցը, բացի դա, նաեւ ամեն ինչով մեզնից շատ են՝ զինվոր, տեխնիկա,- հիշում է բուժքույր Աղավնի Սահակյանը,- համաձայն եմ,- ասաց Յուրին,- ամեն ինչ ունեն, բայց մենք ոգով ենք վերցնելու, մեր նախնիների ոգով։

ՍԱԿՐԱՎՈՐԻ ՍԻՐՏԸ

Գյումրիի նախկին սակրավորական զորամասի հրամանատար փոխգնդապետ Սերգեյ Ադյանը անցել էր պատերազմի բազում փորձությունների միջով, եւ երբ հաստատվել էր հրադադարը, զինվորներին սովորեցնում-ծանոթացնում էր այնքան կարեւոր ու պատասխանատու այդ մասնագիտության գաղտնիքները,- պատմում է Էդիկ Դավթյանը,- տեսել էր, թե ինչ ողբերգությունների էր հանգեցնում այդ մասնագիտությանը չտիրապետելը ոչ միայն պատերազմի, այլ նաեւ խաղաղ պայմաններում։ Եվ նոր հաստատված խաղաղության հետ ամեն անգամ սահմանային զորամասեր իր սակրավոր զինվորներին ճամփու դնելով՝ հրամանատարը մեքենայի շարժվելուց հետո ջուր էր շաղ տալիս ու շուռ գալով, որ զինվորները չտեսնեն՝ անձայն արցունքներ էին գլորվում նրա աչքերից։ Կյանքով լեցուն ու նաեւ հումորի զգացողությամբ օժտված անձնավորություն էր հրամանատարը։ Ամեն զորակոչի ու զորացրումի հանդիպելով իր զինվորներին՝ երկար զրուցելուց, բացատրելուց հետո ասում էր նաեւ արդեն զինվորների մոտ թեւավոր խոսք դարձած իր միտք-ձեւակերպումը. «Լավ հիշեք, սակրավորի մասնագիտությունն էլ մարդու սրտի նման է՝ երկուսն էլ կարող են սխալվել մեկ անգամ։ Եթե առաջին սխալը ճակատագրական չեղավ՝ ուրեմն կյանքը դեռ շարունակվում է…»։

Մի անգամ էլ ինքը որոշեց իր սակրավոր-զինվորներին ուղեկցել-տեղ հասցնել եւ տեղում արդեն անցկացնել գործնական պարապմունքներ։

Արդեն երեկո էր, երբ տեղ հասան։ Զինվորներին տեղավորելով իրենց հատկացված կացարաններում, հին ընկերներով նստել ու վերհիշում էին անցած պատերազմական օրերից։ Ներքեւում հոսում էր Թարթառը, իր հետ տանելով պահը, ժամը, օրը, տարին ու… ժամանակը։ Սերգեյը հենվել էր ծառին ու լուռ խորհում էր բնության այդ հրաշք գեղեցկության մեջ։ Հետո ձեռքը կտրուկ տարավ դեպի սիրտը։ Մինչ ընկերների հարցերը, իրարանցնելը՝ նա դանդաղ պառկեց մայր հողին ու ձեռքով հասկացրեց, որ հանգիստ թողնեն։ Երբ շտապով եկավ զորամասի բժիշկը՝ հրամանատարի սիրտը դադարել էր բաբախելուց։

Իր սովորական ընթացքով հոսում էր Թարթառը, իսկ տղաները հիշում էին հրամանատարի խոսքերը սակրավորի մասնագիտության ու մարդու սրտի մասին. «Երկուսն էլ կարող են սխալվել մեկ անգամ…»:

Գ. Շ.

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Հոգևոր-մշակութային


29/08/2012