Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ



ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության ծրագրի շրջանակում համազորային կանոնադրություններ առարկային զուգահեռ ուսուցման առարկա է հանդիսանում «Արտակարգ իրավիճակների պատրաստությունը»:
«Օգնություն հրամանատարին» հոդվածաշարն այս անգամ անդրադառնում է արտակարգ իրավիճակներին եւ տարաբնույթ աղետներին։
Հոդվածաշարի հեղինակն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցներ Հ. Մաթեւոսյանին եւ Գ. Հովակիմյանին ցուցաբերած աջակցության համար։

Արտակարգ իրավիճակը որոշակի տարածքում կամ օբյեկտում տարբեր վտանգների կամ վտանգավոր երևույթների ազդեցության, ինչպես նաև համաճարակի, անասնաճարակի, բույսերի և մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության, զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակն է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:

Արտակարգ իրավիճակները կարելի է դասակարգել մի շարք ցուցանիշներով: Դրանցից են` ծագման աղբյուրի բնույթը, կանխատեսման հնարավորությունը, ծագման հարցում մարդկային գործոնը, ծագման առաջնայնությունը, զարգացման բնույթը, ազդեցության մասշտաբները, կանխման աստիճանը և այլն:

Ըստ ծագման աղբյուրի բնույթի արտակարգ իրավիճակները լինում են`
* բնածին
* տեխնածին
* բնապահպանական
* սոցիածին
* ֆինանսական
* տնտեսական
* քաղաքական
* ռազմական
* հոգեբանական և այլն:

Ըստ կանխատեսման հնարավորության արտակարգ իրավիճակները լինում են`
* կանխատեսելի
* ոչ կանխատեսելի

Ըստ մարդու գործունեության արդյունքի արտակարգ իրավիճակները լինում են`
* մարդածին
* ոչ մարդածին
Ըստ ծագման առաջնայնության արտակարգ իրավիճակները լինում են`
* առաջնային
* երկրորդային

Ըստ զարգացման բնույթի արտակարգ իրավիճակները լինում են`
* թռիչքաձև
* գծային
* էքսպոնենցիալ

Ըստ զարգացման արագության արտակարգ իրավիճակները լինում են`
* դանդաղ զարգացող
* միջին արագությամբ զարգացող
* արագ զարգացող
* ակնթարթային զարգացող և այլն

Ըստ կանխման աստիճանի արտակարգ իրավիճակները լինում են`
* կանխվող
* չկանխվող
* մասնակի կանխվող

Ըստ ազդեցության մասշտաբների արտակարգ իրավիճակները լինում են`
* օբյեկտային
* համայնքային
* մարզային
* հանրապետական
* անդրսահմանային
* միջազգային

Առավել մանրամասն դիտարկենք արտակարգ իրավիճակների դասակարգումն ըստ դրանց հիմքում ընկած երևույթների կամ հետևանքների բնույթի` բնական բնույթի արտակարգ իրավիճակներ, տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ, էկոլոգիական բնույթի արտակարգ իրավիճակներ, կենսաբանական-սոցիալական բնույթի արտակարգ իրավիճակներ և սոցիածին բնույթի արտակարգ իրավիճակներ:

Իհարկե, վերը բերվածներից հետևում է, որ յուրաքանչյուր բնական երևույթ, վթար կամ սոցիածին երևույթ չէ, որ արտակարգ իրավիճակ է, այլ միայն որոշակի մասշտաբների, ուժգնության և մի շարք այլ ցուցանիշների, առանձնահատկությունների դեպքում, երբ առկա են նաև մարդկային և նյութական որոշակի կորուստներ:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության տարածքին, նշենք, որ այստեղ բնակլիմայական պայմանները խիստ բազմազան են (Հայաստանի տարածքում առկա է 10 բնակլիմայական լանդշաֆտային գոտի), առկա են էներգետիկական, քիմիական, լեռնամետալուրգիական և այլ օբյեկտներ, պոչամբարներ, բազմաթիվ ջրամբարներ և այլն: Իսկ խոցելիությունը (հասարակության, տարբեր օբյեկտների, տարածքների և այլն) շատ դեպքերում բարձր է:

Այստեղից էլ բխում է մեր երկրի տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բազմազանությունը: Ստորև բերվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակները, դասակարգված ըստ դրանց առաջացման հիմքում ընկած երևույթների կամ հետևանքների բնույթի: Ներկայացված դասակարգման մեջ արտակարգ իրավիճակների յուրաքանչյուր խումբ իր հերթին բաժանված է առանձին ենթախմբերի, իսկ վերջիններս էլ` տեսակների:

1. ԲՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Վտանգավոր բնական երևույթները որոշ ցուցանիշների դեպքում հանգում են բնական բնույթի արտակարգ իրավիճակի:

Բնական վտանգավոր երևույթների հետևանքով առաջացած իրավիճակները` բնական բնույթի արտակարգ իրավիճակներն են, որոնք բնորոշվում են մարդկային զոհերով, մարդկանց կենսագործունեության խախտմամբ, նյութական արժեքների քայքայմամբ կամ ոչնչացումով:

Կախված ծագման մեխանիզմից և բնույթից` վտանգավոր բնական երևույթները բաժանվում են հետևյալ խմբերի:

1.1 Երկրաբանական վտանգավոր երևույթներ
* երկրաշարժեր
* հրաբուխներ
* սողանքներ
* փլուզումներ, ապարաթափվածքներ, կուռումներ
* սելավներ
* ձնահոսքեր
* լանջային լվացում
* ջրանկայուն և այլ անբարենպաստ գրունտների զանգվածային դեֆորմացիաներ
* էրոզիաներ
* գետերի, լճերի ափերի աբրազիվ լվացումներ, վերամշակումներ
* փոշեփոթորիկներ

1.2 Օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներ
փոթորիկներ (9-12բալ) ուժեղ մերկասառույց
մրրիկներ (12-15բալ) ուժեղ սառնամանիք
մրրկասյուներ ուժեղ ձնաբուք
փոթորկանքներ ուժեղ շոգ
ամպրոպ ուժեղ մառախուղ
խոշոր կարկուտ երաշտ
ուժեղ անձրև ձնահյուս
ուժեղ ձյունատեղում ցրտահարություն

1.3 Հիդրոլոգիական վտանգավոր երևույթներ
* վերգետնյա ջրի մակարդակի բարձրացում (ջրհեղեղներ, վարարումներ),
* վերգետնյա ջրի մակարդակի նվազում:

1.4 Հիդրոերկրաբանական վտանգավոր երևույթներ
* գրունտային ջրերի բարձր հորիզոններ,
* գրունտային ջրերի ցածր հորիզոններ:

1.5 Բնական հրդեհներ
* անտառային հրդեհներ,
* տափաստանային և հացի զանգվածների հրդեհներ,
* տորֆային հրդեհներ,
* վառելիքային հանածոների ստորգետնյա հրդեհներ:

2. ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներն առաջանում են խոշոր վթարների, հրդեհների և պայթյունների, շենքերի և կառուցվածքների հանկարծակի փլուզման հետևանքով: Վթարները ծագում են տեխնածին (կառուցվածքային, արտադրական, տեխնոլոգիական և շահագործման) պատճառներով արտադրական, տրանսպորտային և այլ ձեռնարկություններում ու օբյեկտներում: Այն առաջ է բերում աշխատանքի ընդհատում, վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին, կարող է առաջ բերել շենքերի ու կառուցվածքների ավերում, սարքավորումների, հումքի, պատրաստի արտադրանքի վնասում կամ ոչնչացում, մթնոլորտի և տեղանքի աղտոտում թունավոր նյութերով, հնարավոր են պայթյուններ, հրդեհներ:

Վթարը ավելի լայն իմաստով կարելի է սահմանել որպես թռիչքային անցում քանակից որակ:

2.1 Տրանսպորտային վթարներ
* բեռնատար գնացքների խորտակումներ և վթարներ
* մարդատար գնացքների, մետրոպոլիտենի գնացքների խորտակումներ և վթարներ
* ավիավթարներ
* վթարներ ավտոճանապարհների վրա (ավտոմոբիլային աղետներ)
* տրանսպորտային վթարներ կամուրջների, երկաթուղային անցումների վրա, թունելներում
* վթարներ մայրուղային խողովակաշարերում

2.2 Հրդեհներ, պայթյուններ
* հրդեհներ (պայթյուններ) շենքերում, հաղորդակցուղիների և արդյունաբերական օբյեկտների տեխնոլոգիական սարքավորումների վրա, բնակելի, սոցիալ-կենցաղային, մշակութային շենքերում և կառուցվածքներում
* հրդեհներ (պայթյուններ) դյուրավառ, պայթուցիկ և վառելանյութերի արդյունահանման, մշակման և պահպանման օբյեկտներում
* հրդեհներ (պայթյուններ) տրանսպորտում.
* հրդեհներ (պայթյուններ) հորաններում, ստորգետնյա և լեռնային փորվածքներում, մետրոպոլիտենում
* հրդեհներ (պայթյուններ) ուժեղ ներգործող թունավոր նյութերով (ՈՒՆԹՆ) օբյեկտներում
* հրդեհներ (պայթյուններ) ճառագայթավտանգ օբյեկտներում

2.3 Վթարներ ուժեղ ներգործող թունավոր նյութերի (ՈՒՆԹՆ) արտանետումով
* վթարներ ՈՒՆԹՆ-ի արտանետումով (արտանետման վտանգով) նրանց արտադրության, մշակման կամ պահպանման (պահման) ժամանակ
* վթարներ տրանսպորտում ՈՒՆԹՆ-ի արտանետումով (արտանետման վտանգով)
* ՈՒՆԹՆ-ի առաջացում և տարածում վթարի հետևանքով սկսված քիմիական ռեակցիայի հետևանքով
* վթարներ քիմիական զինամթերքի արտադրության, տեղափոխման և պահպանման ժամանակ:

(շարունակելի)

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Ռազմական


29/08/2012