Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆԳ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋԵՑԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Հնագիտությունն, իհարկե, ամենևին էլ այնքան հետաքրքիր չէ, ինչքան կարող է թվալ Ինդիան Ջոնսի ոդիսականի երկրպագուներին: Եւ այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ այստեղ էլ են ի հայտ գալիս զարմանալի և նույնիսկ ցնցող հայտնագործություններ, որոնք կարող են գլխիվայր շրջել պատմության մասին սովորական պատկերացումները: Օրինակ՝…

1. ԿՈԿԱԻՆ՝ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄՈՒՄԻԱՆԵՐՈՒՄ

Երբ Կոլումբոսը հայտնագործում էր Նոր Աշխարհը, նրա առաջ բացվեց միայն Ամերիկայում ապրող ու բուսնող՝ նախկինում չտեսնված կենդանիների ու բույսերի մի ամբողջ աշխարհ: Եւ միայն այդ իրադարձությունից հետո, ինչպես համարվում էր մինչև վերջերս, եվրոպացիները ծանոթացան կոկաինի թփի տերևներին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բայց, ինչպես պարզվում է, այս պատմության մեջ մութ տեղեր շատ կան:

Եթե Կոլումբոսն առաջին եվրոպացին էր, որը ոտք է դրել ամերիկյան հողին, ապա ինչպե՞ս բացատրել եգիպտական մումիաների մարմիններում հայտնաբերված կոկաինի հետքերը: 1992թ. գերմանացի գիտնականները հետազոտում էին մումիաներից մեկը և, ի զարմանս իրենց, նրա մազերի, մաշկի և ոսկորների մեջ հայտնաբերեցին հաշիշի, ծխախոտի և կոկաինի հետքեր: Ենթադրենք՝ հաշիշը կարող էին բերած լինել Ասիայից, դա այնքան էլ անհավանական չէ. եգիպտացի փարավոնները կարող էին իրենց նման ճոխություն թույլ տալ: Բայց ծխախոտն ու կոկաինը կարող էին բերված լինել միայն ու միայն Նոր Աշխարհից: Այստեղ պատմագիտության՝ համընդհանուր ճանաչում ունեցող շենքը ճաք է տալիս ու սասանվում:

Ստացվում է, որ մումիայի վերածվելուց առաջ փարավոններն ընտանյոք հանդերձ հաճույք էին վայելում կոկաինից: Դա նույնն է, թե մեր հերոսներից մեկի արյան մեջ հանկարծ հայտնաբերվեր թմրանյութ, որն աճում է միայն Վեներա մոլորակի վրա:

2. ՀԻՆ ԵԲՐԱՅԵՐԵՆ ՏԱՊԱՆԱԳԻՐ ՆՅՈՒ ՄԵՔՍԻԿՈՅՈՒՄ

90 տոննանոց այդ քարը 1933թ. գտել են Ամերիկայում, Ալբուկերկեից (Նյու Մեքսիկոյի նահանգ) ոչ հեռու: Պարզվեց՝ դրա վրա հին եբրայերենով փորագրված են տասը պատվիրանները: Ամբողջ աշխարհի փորձագետները չկարողացան խելքը գլխին բացատրություն տալ, թե ինչպես կարող էր պատահել: Ենթադրել, որ հնում Ամերիկայում եղել է եբրայերենի գիտակ, մեղմ ասած, քիչ հավանական է:

Բացի դրանից, տապանագրի տառերից մի քանիսը փոխառված են հունական այբուբենից, այսինքն՝ նա, ով դա փորագրել է, պետք է իմանար առնվազն երկու լեզու (տեսականորեն կարող էր լինել ինչ-որ սամարացի):

Քարաբեկորն այլ վայրից բերել նույնպես չէին կարող՝ ապարն ակնհայտորեն տեղական էր: Միգուցե տապանագիրը ուշ շրջանում արված նմանակո՞ւմ է. աստվածաբանության ոլորտում գիտական աստիճան ունեցող ցանկացած ամերիկացի կարող էր նման կեղծարարություն անել: Ի դեպ՝ տապանագիրը գտած երիտասարդը հետագայում մեղադրվում էր մշակութային հին գտածոները կեղծելու համար (թեպետ նրա մեղքը չի ապացուցվել): Խաբեբայությունն այս իրավիճակում ամենախելամիտ բացատրությունը կլիներ:

Այդուհանդերձ, երբ ժամանակակից հետազոտողները տապանագիրն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեցին և համեմատեցին նույն տեղանքում գտնված ուրիշ տապանագրերի հետ, եզրակացրին, որ դա կարող է լինել 500-2000 տարեկան: Դա նշանակում է, որ տապանագիրը գտած երիտասարդը կասկածից դուրս է:

3. ՀԻՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԱՐՁԱՆԻԿ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ

Ցանկացած ոք գիտի, որ Հռոմն ու Լատինական Ամերիկան միմյանցից բավական հեռու են: Նույնիսկ իր ծաղկման շրջանում, նույնիսկ Աֆրիկան ու Անգլիան նվաճելուց հետո, այնպիսի խուլ անկյուն, ինչպիսին Մեքսիկան է, մնում էր Հռոմեական կայսրության տեսադաշտից դուրս:

Ահա ինչու հին հռոմեական արձանի գլխի գտնվելը մեծ աղմուկ հանեց գիտական աշխարհում: Դա կատարվեց 1933թ.: Մի հնագետ հին գերեզմանատեղիի պեղումներ էր անում Մեխիկոյից մոտ 40 մղոն (64 կմ) հեռավորության վրա և ամեն տեսակի անպետքության մեջ, որը հնում հանգուցյալների հետ գերեզման էին դնում, գտնում է մի արձանիկ: Պետք է նկատել, որ պեղումների վայրը մինչ այդ ծածկված էր ցեմենտից հատակի երկու շերտով, և սկսած 1500 թվականից այդ հողին ոչ ոք չէր դիպել: Այնպես որ՝ կատակասերների տարբերակն այս դեպքում չի անցնում:

Իհարկե, Կոլումբոսն այդ ժամանակ արդեն հայտնագործել էր Ամերիկան: Այդուհանդերձ, ոչ մի սպիտակամորթ (պաշտոնական վարկածի համաձայն) մինչև 1519թ. Մեքսիկայում չի հայտնվել: Եվ նույնիսկ եթե հայտնված էլ լիներ, ինչո՞ւ պետք է այդքան հեռու քարշ տար հռոմեական արձանիկները: Իսկ այն, որ արձանիկը հռոմեական է, ոչ մի կասկած չկա. դիմագծերը համապատասխանում են այն գտածոներին, որոնք հայտնաբերվել են Հռոմում և թվագրվում են 2-րդ դարի:

Ինչպե՞ս է արձանիկը հայտնվել այնտեղ: Կնճռոտ հարց է: Սակայն այդ առեղծվածի վրա լույսի շող կարող է գցել մեկ այլ հայտնագործություն:

1982թ. Ռիո դե Ժանեյրո նավահանգստից ոչ հեռու, ծովի հատակին հնագետը գտավ հռոմեական սափորներ, որոնք հետագայում թվագրվեցին 3-րդ դարի: Հետագա որոնումների ընթացքում հայտնաբերվեցին երկու կիսափտած նավեր, որոնք նույնպես շատ նման էին հռոմեականի: Բրազիլիայի կառավարությունը որոշեց հասարակության ուշադրությունը չսևեռել այդ գտածոների վրա, և այդ պատմությունը շուտով հաջողությամբ մոռացվեց: Բրազիլացիներն այնքան էլ չեն սիրում, երբ կասկածի տակ են առնում իրենց պատկերացումները պատմության մասին: Նրանց դուր է գալիս համարել, որ իրենց երկիրը հայտնագործել են պորտուգալացիները և ոչ թե ինչ-որ հռոմեացիներ:

4. ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ՝ ՄԵՆ ՆԱՀԱՆԳՈՒՄ

1957թ. ամերիկյան Մեն նահանգում, խոշորագույն հին բնակավայրի տարածքում պեղումներ էին ընթանում: Եվ հանկարծ դեմ առան տարօրինակ մետաղադրամի:

Սկզբում կարծեցին, որ դա 12-րդ դարի անգլիական պեննի է, և մետաղադրամը 21 տարի այլևս ոչ մեկին չհետաքրքրեց: Իսկ հետո պատահմամբ ընկավ դրամագետի աչքին, որը թանգարանային ցուցանմուշը դիտելիս անմիջապես ճանաչեց նորվեգական պեննին՝ հատված 1067-1093թթ. իշխանության եղած Օլաֆ արքայի օրոք: Սակայն գտնվել էր Մենում, ամերիկյան հնդկացիների մշակութային արժեքների մեջ: Մեն-միակ նորվեգական մետաղադրամ՝ տեղաբնակներից մնացած տասնյակ հազարավոր իրերի մեջ: Ինչպե՞ս կարող էր դա այնտեղ հայտնվել: Պատասխան չկա:

5.ՀԻՆ ՃԱՊՈՆԵՐԵՆ՝ ՆՅՈՒ ՄԵՔՍԻԿՈՅՈՒՄ

Նյու Մեքսիկոյում ապրում է մի հանելուկային ցեղ՝ զունի: Թվում է՝ սովորական ցեղ է, բայց ահա նրա լեզուն նման չէ տեղի և ոչ մի խոսվածքի: Այն ամենաշատը հիշեցնում է… ճապոներենը:

Հին ճապոնացիների և հին հնդկացիների շփումների մասին տեսությունը ծագել է մարդաբանություն ուսումնասիրող ուսանողուհի Նենսի Դևիսի շնորհիվ: Նա առաջինն է նկատել տեղի բնակչության լեզվի տարօրինակ նմանությունը ճապոներենին:

Ընդ որում, նման են ոչ միայն առանձին բառերի հնչողությունները, այլև շարահյուսությունը. օրինակ, երկու լեզուներում էլ բայը նախադասության վերջում է: Եվ մի մոռացեք, որ զունի լեզուն համարյա ոչ մի ընդհանրություն չունի տվյալ տարածքի մյուս լեզուների հետ:

Սա հայտնագործելուց հետո Դևիսը կրկնակի եռանդով շարունակեց փորփրել և պարզեց, որ զունիների մեջ, ինչպես և ճապոնացիների, ամենատարածվածը արյան երրորդ խումբն է, նրանք նույնքան հաճախ են հիվանդանում նույն հազվագյուտ հիվանդություններով: Գումարած՝ հին ժամանակների մասին բանավոր ավանդությունների ընդհանրությունները:

Դևիսի վարկածը. հավանաբար 12-րդ դարի կողմերը բուդդայական միսիոներները ճամփա են կտրել մինչև Կալիֆորնիա, իսկ հետո շարժվել դեպի մայրցամաքի խորքը, որտեղ և հաստատվել են:

Ո՞վ իմանա…

Թարգմանությունը Յ. ԱՐՍԵՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Պատմության էջերից


29/08/2012