Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱ՞Ն… ՕԳՏԱԿԱ՞Ր



Երբ կարդացի «Հրապարակ» թերթում տպագրված «Մեր «վախտերով» բանակն ուրիշ էր» զրույցը, երկար ու ապարդյուն փորձում էի հասկանալ, թե ո՞րն է եղել այս զրույցը հրապարակելու նպատակը… ավելին՝ նույնիսկ չկարողացա հասկանալ, թե ի վերջո «ու՞մ կողմից» է լրագրողը… այն զինվորների՞, որոնց հետ «սպաներն առանց այդ էլ դաժան են վարվում» (սա լրագրողի կարծիքն է), թե՞ զինվորներին անպատիժ ու անարգել «նակազատ» անելու երազանքով ապրող «պրապորշչիկի» ու այն «աֆիցերի», որը «վախում ա զինվորի հետ խոսի» (սա էլ ենթասպայի կարծիքն է)։ Ամբողջ հոդվածը կառուցված է այս երկու ծայրահեղ, իրար հակասող ու նույնքան ստահոդ մտքերի առանցքով։ Թվում է՝ միանգամայն տարբեր իրականությունից եկած երկու մարդ խոսում են երկու միանգամայն տարբեր երեւույթների մասին, մինչդեռ զրույցը վերաբերում է մեր բանակին ու մեր իրականությանը։

«-Իմ կարծիքով՝ սպաներն առանց այդ էլ դաժան են վարվում երեխաների հետ։

-Սուտ ա։ Աֆիցերը վախում ա զինվորի հետ խոսի։ Ոնց կարա զինվորի հետ դաժան վերաբերվի։ Պադպալկովնիկը վախում ա զինվորի հետ խոսի։ Ասում ա. «Զինվո՛ր, գնա՛ քո գործն ավարտի»։ Զինվորն էլ թե՝ «Դու ո՞վ ես, որ ինձ ասում ես»։

Լրագրողի եւ ենթասպայի այս երկխոսությունը կարդալով՝ անտեղյակ մարդը ակամա կմտածի՝ կա՛մ լրագրողն է բացարձակ հեռու բանակից, բանակի խնդիրներից, կա՛մ ենթասպան է ստում ու խեղաթյուրում փաստերը։ Այնուամենայնիվ, ես հակված եմ վստահելու իմ կոլեգային եւ հավատալու, որ վերոհիշյալ զրույցը ինքնահնար սուտ չէ, որ իրականում եղել են այդպիսի «պրապորշչիկ» ու այդպիսի զրույց… Սակայն չեմ կարող հավատալ, որ ենթասպան կարողացել է համոզել լրագրողին՝ փոխելով նրա կարծիքը բանակում միջանձնային հարաբերությունների եւ զինվոր-սպա փոխշփման մասին։ Եվ որքան էլ արժանահավատ թվար պրապորշչիկի հայտարարությունը, թե՝ «սպան վախում ա զինվորից», հարգարժան լրագրողը պարտավոր էր հրապարակելուց առաջ ճշտել «խեղճ ու վախեցած» ղարաբաղցի սպաների եւ նրանց «ճնշող» հայաստանցի «լկտի» զինվորների մասին տեղեկությունը։ Ախր, այս զրույցը ծայրից ծայր հիվանդ մտքի շարադրանք է, ոչ մի տրամաբանության չենթարկվող բարբաջանք… Ախր, այս հարցազրույցը տասնյակ, հազարավոր մարդիկ են կարդալու։ Եվ խոսքը ոչ թե հասարակական տրանսպորտի կամ կենցաղային տարաձայնության, այլեւ բանակի, զինվոր- սպա փոխհարաբերության եւ ներբանակային բարքերի մասին է։

«Էրեխա կա, կամբատին, կամանդիր բատիալիոնին նենց ա յեշում, խուլիգանական, փիս էլի։ Ոնց որ ինքը կամանդիր բատալիոնը լինի, նա է էլ իրա զինվորն ա»։ (Խոսքը գումարտակի հրամանատարի մասին է)։ Պարզվում է, որ այս ամենի մեղավորը ոչ ավել, ոչ պակաս մի կին է («Հասմիկ, թե Նոնա…»): Նրա հեռախոսահամարը ունեն բոլոր զինվորները: Ու երբ սպային հայհոյելու համար զինվորին տանում են մեկուսարան, զինվորը անմիջապես զանգում է «Նոնային, թե Հասմիկին», նա էլ՝ երկրի նախագահին: Վերջինս էլ տեղում զինվորին մեկուսարանից հանելու հրաման է տալիս։ Ու բանակի վիճակը վատ է, որովհետեւ սպաներին չի թույլատրվում «չռփել» զինվորներին, ու Շուշվա բերդը լիքն է զինվորներին «չռփած» սպաներով։

Հարգելի Սյուզան Սիմոնյան, ես անկեղծորեն ուզում եմ իմանալ Ձեր վերաբերմունքը (ինչը չպարզեցի հոդվածն ընթերցելով), դուք կո՞ղմ եք, որ վերադառնան պրապորշչիկի «վախտերը», երբ սպաները անպատիժ «չռփել» են զինվորներին, եւ երբ զինվորը ճիշտ չի եղել, ընկերներով «նակազատ» են արել նրան՝ պաշտպանելով «հարգված» սպայի շահերը։ Կրկին պիտի հարցնեմ՝ ո՞րն էր այս բարբաջանքը հրապարակելու նպատակը։

«Մենակ 30-ից ավելի զասլուժեննի աֆիցերներ կան՝ մի դեբիլ լակոտի դարդից երեք տարով նստած»՝ պատմում է ենթասպան … Այո՛, կան։ Զինվորին պատժելու համար քրեական պատասխանատվության ենթարկված սպաներ կան, որովհետեւ օրենքն արգելում է ֆիզիկական բռնություն կիրառել կարգազանց զինվորի հանդեպ։ Որովհետեւ «չռփելը» չի մտնում զինվորին պատժելու օրենքով սահմանված միջոցների մեջ։ Որովհետեւ օրինավոր երկիր դառնալու միայն մեկ ճանապարհ կա՝ օրենքը դարձնել անշրջանցելի գեներալի ու զինվորի, նախարարի ու բանվորի համար հավասարապես։ Որովհետեւ բանակի թիվ մեկ խնդիրն այսօր կանոնադրային հարաբերությունների հաստատումն է ու կարգապահության ամրապնդումը, պարզ ասած՝ զինվորին «չռփելն» արգելելը նույնիսկ «զասլուժեննի» սպաներին։

Հավանաբար որոշ մարդիկ կհետաքրքրվեն, թե ո՞վ է ի վերջո «Հրապարակ» թերթին հարցազրույց տված ենթասպան։ Նա, պարզվում է, 18 տարի ծառայում է բանակում։ Բայց դեռ ենթասպա է, որովհետեւ, իր բառերով ասած, կոչման համար չի ծառայում։ «Պադպալկովնիկը վախում ա զինվորին ասել «գնա՛ քո գործն ավարտի», բայց մեր պրապորշչիկը զինվորին «չռփելու» կամ հայհոյելու պատճառ չունի. «Մը հատ յեշում (նայում) եմ, հերիք ա»… Այսպիսի բաներ։ «Պադպալկովնիկները» վախեցած են, բայց պրապորշչիկը հերիք ա «մը հատ յեշի»։ Եվ գիտեք ինչու՞… որովհետեւ ինքը իրեն «փիս յեշող» զինվորի հետ այլ կերպ էր վարվելու, «ո՛չ խփալ էի, ո՛չ հայհոյել, կրակելու էի, գցել դեն»…

Հոդվածում բազմաթիվ այլ «հանճարեղ մտքեր» էլ կան, օրինակ՝ Ղարաբաղում ծառայող հայաստանցի զինվորները «լկստված, լեթված, անդաստիարակ» են, իսկ Ղարաբաղի երեխեքը շատ «համեստ» են, որովհետեւ «Ղարաբաղ Մառոզ չկա» (խոսքը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի մասին է)… ես կարող եմ նույնքան զավեշտալի բազմաթիվ հատվածներ ցիտել «Հրապարակ» թերթի լրագրող Սյուզան Սիմոնյանի եւ Պաշտպանության բանակի ենթասպայի (անունը եւ զորամասը հրապարակված չեն) զրույցից, բայց կարծում եմ այսքանն էլ բավական է հասկանալու, որ Ղարաբաղի բարբառով ու անհեթեթ մտքերով համեմված այս զավեշտը տարածելը միայն մեկ նպատակ ունի՝ ընթերցող հավաքել, բավարարել ժարգոնի, գռեհկաբանության, բամբասանքի սիրահար ընթերցողի պահանջները։ Իսկ ուր մնացին մասնագիտական պատասխանատվության, ընթերցողի հանդեպ հարգանքի եւ լրագրողի կոչման մասին խոսքերը նույն այդ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի «Իրական եւ օգտակար» վերտառությամբ նյութի մեջ, որտեղ Օհանյանը բացատրում է, թե որն է իրական ժուռնալիստիկան… Ահա մի հատված այդ հոդվածից.

«…Ոչ միայն մատը դնել ցավի վրա, այլեւ գոնե երբեմն մատնացույց անել սպեղանին։ Եվ այս ամենն անել հետաքրքիր, ժամանակակից, աշխույժ լեզվով, ընթերցանության համար պիտանի նյութերի միջոցով, որոնք ոչ թե հորանջելու ցանկություն առաջացնեն, այլ բավարարեն միջին ու միջինից բարձր ընթերցողի պահանջները։

Եթե մամուլը ծառայում է վերը նշված նպատակներին ու գործում է նման արտահայտչամիջոցներով, կարծում եմ, հենց իրական ժուռնալիստիկան է, որ կա։ Լրագրության վետերաններն այս ամենի մասին, որպես կանոն, չեն խոսում։ Նրանք ամենից շատ խոսում են լրագրողական էթիկայի մասին։ Բազում կանոնագրքեր են մշակել, սեմինարներ են արել այդ թեմայով։ Դատափետել են, իրենց կարծիքով, էթիկան խախտող լրագրողներին, բայց մի բան այդպես էլ չեն կարողացել անել՝ հետաքրքիր, մեծ տպաքանակ ունեցող, ընթերցողի կողմից սիրված, հանրությանն օգտակար թերթ ու լրատվամիջոց ստեղծել։

Այնպիսի լրատվամիջոց, որը ոչ միայն էթիկայի կանոնները կպահպանի, այլեւ կօգնի հասարակությանը լուծել իր խնդիրները, կդառնա զսպաշապիկ իշխանության համար եւ այն վերջին հույսի օջախը, ուր կդիմեն մարդիկ, երբ բոլոր ատյաններից մերժված լինեն ու հուսահատ։ Կկարողանա այնպիսի հրապարակումներով հանդես գալ, որոնք, այո, կցնցեն հանրությանը, կստիպեն մտածել, նախաձեռնել, փոխվել»։

Միանգամայն համաձայն եմ կոլեգայիս հետ։ Պարզապես պիտի բարեկամաբար հարցնեմ՝ «Մեր «վախտերով» բանակն ուրիշ էր» հրապարակումը մեր ո՞ր «ցավի վրա է դրել մատը», ի՞նչ «սպեղանի է մատնացույց արել», ինչպե՞ս է «օգնել լուծելու խնդիրները» եւ «որքանո՞վ է պիտանի ընթերցանության համար»….

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/08/2012