Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «ԵՍ ԴԵՌ ԿՆՎԱՃԵՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»



2009 թվականի Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների 3-րդ մրցանակակիր, 2010 թվականի Բուդապեշտում կայացած երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, նույն տարվա Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 2011թ. մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2012 թ. Եվրոպայի չեմպիոն: Այս հաղթանակները հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանինն են (96 կգ), որ ընդամենը 20 տարեկան է: Նա իր տիտղոսներին ավելացրեց եւս մեկը` դարձավ 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, սակայն ասում է, որ մեկնել էր Լոնդոն` ոսկե մեդալով վերադառնալու համար:

Քչախոս, ամաչկոտ, բնավորությամբ հանգիստ. այսպես են Արթուրին բնութագրում մտերիմները եւ նշում, որ միշտ ձգտում է առավելագույնի` հաղթանակի, սա է պատճառը, որ պարգևատրման ժամանակ շատ տխուր էր. «Տխրությունս պայմանավորված էր նրանով, որ Լոնդոն էի եկել չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Բայց այնպես դասավորվեց, որ ես պայքարեցի միայն բրոնզի համար: Բոլորն ասում են` դեռ 20 տարեկան ես, բայց կարծում եմ` սպորտում նշանակություն չունի` 20 տարեկան ես, թե 30: Ոսկե մեդալը իմ գերնպատակն էր, ուստի երրորդ տեղի հաղթանակը հիասթափեցնող էր»:

Արթուրը տպավորիչ գոտեմարտ անցկացրեց թուրք ըմբիշի հետ, չնայած վնասվածք ուներ, բայց իմանալով, որ բրոնզե մեդալի համար առաջին գոտեմարտի մրցակիցը թուրք ըմբիշն է, մոռացավ ցավը.«Ես ցանկացած մրցաշարի ժամանակ էլ թուրք կամ ադրբեջանցի մրցակիցներիս հանդեպ ավելի մարտական եմ տրամադրվում, անկախ ինձանից է այդպես ստացվում: Գոտեմարտիս միակ նպատակը թուրք կամ ադրբեջանցի մրցակցին գորգին տապալված տեսնելն է դառնում»:

«Ես որդուս ըմբշամարտի սեկցիա տարա վստահ լինելով, որ նա կհասնի հաջողության, որ մի օր գլխավերեւում կպահի հայոց եռագույնը: Այս անգամ էլ վստահ էի, որ առնվազն մեդալակիր կդառնա: Մարզիկներ կան, որ հանգիստ են տանում իրենց կրած պարտությունները, բայց ոչ Արթուրը»,-ասում է հայրը եւ ընդգծում, որ աշխատասիրության և կամային որակների շնորհիվ է որդին կարողանում լավ արդյունքներ գրանցել, նաեւ երբեք չի հուսահատվում, իսկ ինքը որպես մարզիչ օգնում է ուղղել սխալներն ու գոտեմարտից առաջ մեջքին թեթեւ խփում է` ասելով. «Հաղթի՛ր, տղա՛ս». «Մենք էլ ենք զինվոր դաստիարակում, եթե անհրաժեշտ լինի, մեր չեմպիոնները առաջին շարքերում կլինեն: Մեր սպորտային հաջողությունների համար շնորհակալ ենք նաեւ երկրի սահմանների անդորրը հսկող զինվորին»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Մարզաշխարհ


29/08/2012