ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ
Վերջին տասն օրերին ադրբեջանական բանակում տասից ավելի զինծառայողներ են մահացել: Նրանցից հինգն ինքնասպանություն է գործել, մեկը մահացել է հիվանդությունից, իսկ չորսը` «անզգուշության» հետեւանքով ծառայակցի արձակած գնդակից: Փաստորեն, Ադրբեջանի բանակում 2012 թվականին կորուստների ամենամեծ ցուցանիշն է գրանցվել` 1994 թվականի հրադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը` նշելով, որ 2012թ. օգոստոսի 12-ի դրությամբ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 63 զինծառայող, 59 զինծառայողներ էլ վիրավորվել եւ վնասվածքներ են ստացել:
«Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին ադրբեջանական «faktxeber.com» լրատվական կայքին հայտնել է, որ վերջին տարիներին առաջին անգամն է, որ 10 օրվա ընթացքում ամեն օր զինվոր է մահանում, այն էլ` ոչ մարտական պայմաններում: «Մեր մոնիտորինգը պարզել է, որ բանակում տեղի ունեցող կորուստների գլխավոր պատճառը պաշտպանության նախարարության ղեկավարության քաղաքականությունն է»,-ասել է Սումերինլին:
Ադրբեջանցի փորձագետը հավելել է, որ բանակում այնքան են մեծացել ոչ կանոնադրական դեպքերն ու սպանությունները, որ արդեն սովորական է դարձել ամեն առավոտ հերթական զինվորի մահվան փաստի մասին լուրը: Լրագրող Զիյադ Գարախանլըը «haggin.az» ադրբեջանական լրատվական կայքում գրում է, որ ադրբեջանական հասարակությունը շոկի մեջ է: «Մարդիկ պատրաստ են իրենց երեխաներին թաքցնել անտառներում, արտասահմանում, հոգեբուժարաններում կամ էլ վաճառել ամբողջ ունեցվածքը, որպեսզի փրկեն նրանց Ադրբեջանի ազգային բանակի «գիլյոտինից»», -ասվում է հոդվածում:
«Ինչպե՞ս կարելի է ադրբեջանական հասարակության մեջ բարձրացնել զինծառայության հեղինակությունը կամ էլ իրապես պատրաստվել պատերազմի` ադրբեջանական զինվորների նկատմամբ նման անհոգի վերաբերմունքի դեպքում: Չեմ հասկանում, քանի՞ զինվոր դեռ պետք է զոհվի, ինքնասպանության դիմի կամ էլ հաշմանդամ դառնա, որպեսզի այս հարցին վերջապես լուրջ ուշադրություն դարձնեն», -եզրափակում է հոդվածի հեղինակը:
«pia.az» լրատվական կայքն էլ գրում է, որ միանգամայն անհասկանալի է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիեւի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերը տարեցտարի նվազում են:
«Զոհերը դեռ ամբողջ կորուստը չեն: Բանակում հաշմվելու հետեւանքով ժամանակից շուտ զորացրված երիտասարդների թիվը մահացածների թվից նվազագույնը հինգ անգամ մեծ է: Նման դեպքերից շատերն ուղղակի չեն գրանցվում, իսկ հաշմանդամ դարձածների մասին տվյալները մամուլ չեն արտահոսում», -նշում է կայքը:
Ըստ «pia.az»-ի` ադրբեջանական բանակում զինծառայողներն ավելի շատ մահանում են զորամասերում հրամանատարական կազմի անպատասխանատվության, կամայականության դրսեւորումների եւ զորամասերում տիրող ապօրինությունների հետեւանքով:
Օրերս Ադրբեջանում պաշտոնանկ արվեցին 18 շրջանների զինվորական կոմիսարներ: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով ուժի մեջ է մտել «Զինվորական պարտականության եւ զինծառայության մասին» Ադրբեջանի օրենքը, որի համաձայն` Ադրբեջանում զինկոմիսարիատները վերացվել են, եւ դրանց փոխարեն ստեղծվել է Մոբիլիզացիայի եւ զինակոչի պետական ծառայություն:
Ենթադրվում է, որ նորաստեղծ կառույցի միանգամից 18 ղեկավարների պաշտոնանկությունը կապված է Ադրբեջանի զինված ուժերում ինքնասպանությունների, «անզգուշության» եւ հիվանդությունների պատճառով զինծառայողների մահերի թվի կտրուկ աճով, ինչը վկայում է ոչ միայն ադրբեջանական բանակի լուրջ թերությունները, այլեւ զինկոմիսարիատներին փոխարինած պետական ծառայությունների վատ աշխատանքը:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ռազմաքաղաքական