Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՐ ԵՐԿԻՐԸ  ԾԱՂԿԻ
ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻ

Հայրենիքը սկսվում է սահմանից, որտեղ ապրում են պատվախնդիր, իրենց հող ու ջրի արժեքն իմացող մարդիկ, ովքեր անկախ ամեն դժվարությունից «մնում են հարազատ հողում, պայքարում, մաքառում, ապրում: Տավուշի մարզի Կոթի գյուղը շրջապատված է ադրբեջանական տարածքներով: Հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում գյուղը հազար ու մի փորձություն է տեսել, սակայն Կոթիի զավակները միշտ էլ կարողացել են արժանի հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին: Սահմանամերձ այս բնակավայրում չես գտնի մի տուն, որ հարազատ-բարեկամ կորցրած չլինի: Ինքնապաշտպանական կռիվներին ողջ գյուղը ոտքի կանգնեց, նրանց շարքերում նաեւ Խոշիկ եւ Ռազմիկ Խաչիկյանների երկու արու զավակները` Կարենն ու Թելմանը: Երկուսն էլ ընտանիք ունեին, զավակներ: Եվ իրենց բաժին մի պուտ երջանկությունը պահպանելու, իրենց մի բուռ հողը պաշտպանելու համար ելան կռվի: Թելմանն ու Կարենը զենք-զինամթերք էին հասցնում կռվողներին, գիշերներն էլ անքուն հերթապահում կամավորական դիտակետում: Հարազատ բնօրրանի համար ինքնամոռաց եւ քաջաբար կռվում էին կոթեցիները: 1991 թ. հոկտեմբերին 22-ամյա Կարենը ազատամարտիկ ընկերոջ՝ Արմենի հետ ընկնում է թշնամու գնդակների տարափի տակ. երկուսն էլ զոհվում են եւ խոշտանգվում…

…Դժվար, օրհասական ժամանակներ էր ապրում գյուղը: Վար ու ցանք, հունձ գյուղի մերձակայքում դարձել էր անհնար: Տարածքներն անմշակ էին, արտերը` չհնձված, այգիներում` պտուղն անքաղ: Օգոստոս ամիսն էր: Թելմանը համագյուղացիների հետ որոշում է գնալ արտհնձի: Ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են խանգարել, կոթեցիները դիմադրում են թշնամու գրոհին, եւ հենց այստեղ էլ 26-ամյա Թելմանն է ծանր վիրավորվում եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահանում: Ընդամենը 10 ամիս էր անցել եղբոր մահից… Երկուսն էլ երիտասարդ էին, ինչքա՜ն երազանքներ ունեին, ինչ հույսեր էին փայփայել իրենց զավակների հետ…

Այդ դաժան օրերից 20 տարի է անցել, մեծացել են Կարենի եւ Թելմանի զավակները և շարունակում են ապրել հայրենի գյուղում: Ազատամարտիկների զավակների համար հողն առավել թանկ է: Թելմանի երկու որդիները` Սարգիսն ու Նարեկը, արդեն ծառայել են ազգային բանակում: Թելմանի երրորդ որդին` Նաիրին, ծառայում է, ջոկի հրամանատար է: Նաիրին իր հասակակից տղաների հետ հպարտ ու անվախ կանգնած է սահմանին:

Սահմանամերձ գյուղի բնակիչներն այսօր էլ ապրում են իրենց բնօրրանում, հող մշակում, օջախը ծխեցնում: Սահմանին զինվորն է, որը պահպանում է մեր հողի խաղաղությունը, որ մարդիկ հանգիստ խղճով ապրեն ու արարեն, որ հողը անմշակ չմնա ու երկիրը ծաղկի:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր