Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ



Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ կապիտան ԱՐՓԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ այս համարում կխոսի պարազիտային (մակաբուծական) հիվանդություններից երկուսի՝ քոսի և ոջլոտության մասին։

-Քոսը պարազիտային հիվանդություն է, որի հարուցիչը քոսի տիզն է։ Քոսի փոխանցումը տեղի է ունենում սերտ շփման արդյունքում, երբեմն նաև վարակված հագուստի կամ անկողնային պարագաների միջոցով։ Վարակումից կարճ ժամանակ անց տզերը խրվում են մաշկի եղջերաշերտի մեջ։ Հիվանդությունն արտահայտվում է հետևյալ գանգատներով՝ քորի զգացում, որը հատկապես ուժեղանում է երեկոյան ժամերին։ Պատճառը տզերի արտաթորանքից առաջացած գերզգայունությունն է։ Քորը հիմնականում արտահայտվում է վարակվելուց երկու-երեք շաբաթ անց։ Եթե հիվանդը քոսով վարակվում է երկրորդ կամ երրորդ անգամ, ապա քորը վերսկսվում է 1-4 օր անց, ի հաշիվ օրգանիզմում առկա գերզգայունության։ Մաշկին ի հայտ են գալիս զույգ-զույգ դասավորված կետիկային կամ հանգուցիկաբշտիկային ցանավորում, որոնք հիմնականում տեղավորվում են ձեռքի միջմատային տարածություններում, իրանի կողմնային մակերեսներին, բազուկների, արմնկային հոդերի տարածիչ մակերեսներին, արտաքին սեռական օրգանների մաշկին։ Որոշ դեպքերում քոսը կարող է բարդանալ թարախամաշկությամբ՝ մարմնի թարախային բորբոքումներով՛

Ոջլոտությունը նույնպես պարազիտային հիվանդություն է, հարուցիչը ոջիլն է։ Ի տարբերություն քոսի տզի, ոջիլը կարելի է տեսնել անզեն աչքով՝ հագուստի կարերի, մազերի, մաշկի շրջանում։ Վարակի փոխանցման պատճառները կարող են լինել նույնը, ինչ քոսի դեպքում։ Ոջիլը կծելիս մաշկի մեջ արտադրում է գրգռող նյութ, որն առաջացնում է մաշկի քոր, կարմրություն։ Քորելու հետևանքով առաջանում են քերծվածքներ, բշտիկներ, թարախաբշտիկներ, թացություն, կեղևիկներ. զարգանում է մաշկաբորբ։ Հիմնականում առաջանում են քորվող կարմիր հանգույցիկներ, կապտավուն բծեր, հատկապես որովայնի ստորին, կողմնային հատվածներում և ազդրերի մաշկին։

Հնարավոր բարդություններից խուսափելու և զերծ մնալու նպատակով անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին. ունենալ անհատական օգտագործման հագուստ, անկողնային պարագաներ, կասկածելի դեպքերում հեռու մնալ վարակված անձանցից: Եթե քորի զգացումը, հատկապես երեկոյան ժամերին, մաշկին առկա ցանի էլեմենտներով զուգակցված է, անկախ տեղակայումից, անմիջապես դիմեք մոտակա բուժկետ՝ հիվանդությունը հայտնաբերելու և վաղ շրջանում բուժում ստանալու նպատակով։ Ուշացնելու դեպքում ցանկացած վարակված անձ վտանգավոր է շրջապատի համար՝ վարակը տարածելու առումով։

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ռազմական


22/08/2012