Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ



Զինված ուժերում առկա հարաբերությունները կարգավորող իրավանորմերի հանդիպում ենք հին աշխարհի տարբեր պետությունների, այդ թվում՝ պատմական Հայաստանի իրավունքի աղբյուրներում:

Ժամանակակից աշխարհում զինված ուժերը կազմում են ցանկացած ժողովրդավարական պետության և հասարակության բաղկացուցիչ մասը: Իրականացնելով պետության պաշտպանության և հասարակության անվտանգության ապահովման գործառույթները` զինված ուժերը կարևոր դեր ունեն անվտանգ միջավայրի ապահովման գործում, ինչը թույլ է տալիս պետության բնակիչներին լիարժեք օգտվել մարդու իրավունքներից և ազատություններից: Զինծառայողները հանդիսանում են պետության ներկայացուցիչներ և իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս պարտավոր են հարգել մարդու իրավունքները, պետության օրենքները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Սակայն նրանք դա կարող են անել միայն այն դեպքում, երբ երաշխավորված կլինեն իրենց սեփական իրավունքները պետության կողմից:

Հասարակական կյանքում մարդու իրավունքների և ազատությունների գերակայության սկզբունքի ամրագրումը ժողովրդավարական պետությունների հիմնական օրենքներում, այդ պետություններին ստիպում է ձևափոխել իրենց զինված ուժերի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը: Փոփոխվում են նաև զինծառայողի դերն ու խնդիրները` ելնելով զինված ուժերի վրա ժողովրդավարական վերահսկողության անհրաժեշտությունից և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորություններից: Այս փոփոխությունները պարզաբանում են այն գիտակցումը, որ զինծառայողները, անկախ արհեստավարժ կամ զորակոչված լինելու հանգամանքից, պետք է օգտվեն պետության քաղաքացիների համար ամրագրված նույն իրավունքներից և ազատություններից` միայն այնպիսի սահմանափակումներով, որոնք անհրաժեշտ են զինծառայության պարտականությունների կատարման համար:

Համաձայն ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից 1994թ. ընդունված «Անվտանգության ռազմաքաղաքական ուղղությունների վերաբերյալ վարքագծի կանոնակարգի» (որին միացել է նաև ՀՀ-ը), պետությունները պարտավորվել են իրենց օրենքներում և այլ իրավական ակտերում ամրագրել զինված ուժերի անձնակազմի իրավունքները և պարտականությունները, ապահովել զինծառայողների կողմից մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից օգտվելու իրական հնարավորությունը, և ձեռնարկել այդ իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան միջոցառումներ:

Զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությունը, թերևս, կարևորագույն դեր ունի զինվորական կարգապահության ամրապնդման գործում: Զինվորական կարգապահության հիմնական սկզբունքներից են արդարության և օրինականության ապահովումը:

Արդարությունն ու օրինականությունը այն գերագույն արժեքներն են, որոնց ապահովման դեպքում էականորեն կբարձրանա զինվորական կարգապահության մակարդակը, կաճի մարտունակության աստիճանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ իր ուղերձում նշում է. «Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ և պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդը չունի լիակատար ազատություն և իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց և ի՞նչ պետք է պաշտպանի»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2010թ. «Զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված մեթոդական ցուցումներում» բարձրացվում է զինված ուժերում արդարության և օրինականության սկզբունքների գերակայության ապահովման հարցը և մատնանշվում այդ նպատակով անհրաժեշտ միջոցառումները: Պահպանելով պաշտպանության նախարարի առաջարկած մոտեցումները և կիրառելով ժամանակակից աշխարհի բանակներում քննություն բռնած լուծումները` կարող ենք մոտ ապագայում շեշտակիորեն բարձրացնել զինված ուժերում զինվորական կարգապահության աստիճանը և իրապես հպարտանալ տարածաշրջանում հզորագույն բանակով:

ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
փոխգնդապետ
ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան
ռազմական ավիացիոն ինստիտուտի ավագ սպա-իրավաբան

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Սոցիալ-իրավական


15/08/2012