Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐԸ



«Հայ զինվոր» թերթի առաջին համարները թերթելիս ուշադրությունս գրավեց մի տպավորիչ լուսանկար՝ ազատամարտիկը գրկել է զինվորական համազգեստով մի փոքրիկի։ Այդ նկարն արվել էր մեր բանակի կազմավորման-ձևավորման սկզբնական օրերին, ու ես ակամա զուգահեռ անցկացրի լուսանկարի այդ փոքրիկի ու մեր բանակի միջև. նրանք գրեթե հասակակիցներ են։ Իսկապես որքա՜ն արագ է թռչում ժամանակը. ասես երեկ լիներ, երբ կամավորական ջոկատներում կռվող խենթ ու նվիրյալ տղաների ջանքերով ստեղծվեց մեր բանակը։ Բանակի անցած փառահեղ, բայց դժվարին, կորուստներով լի ճանապարհը մտաբերեցի… Հեքիաթի թե հրաշքի էր նման բանակի ստեղծումը, որ փոքրիկ տղայի պես մեր փայփայանքներով ու երազանքներով մեծացավ, առնականացավ, հզորացավ ու այսօր արդեն հզոր պատվար է հայրենիքի անկախության պաշտպանության գործում։ Լուսանկարի փոքրիկն էլ է մեծացել, առնականացել ու այսօր արդեն զինվորական իսկական համազգեստով է՝ հայոց բանակի զինվոր Գարեգին Լալայան։

-Լուսանկարը 18 տարվա վաղեմություն ունի։ Նաիրիի շրջանում հայրենասիրական միջոցառում էր,- հիշում է ազատամարտիկ, մանկավարժ, պահեստի փոխգնդապետ Գեղամ Լալայանը,- մարտական ընկերս՝ Անդրանիկը, գրկեց զինվորական համազգեստ հագած տղայիս, ու լուսանկարչի սրատես աչքը անմահացրեց այդ ակնթարթը։

-1990 թվականին է ծնվել որդիս,- թախծախառն ժպիտով հիշողության գիրկն է ընկնում փոխգնդապետը,- մեր մարտական ընկերներից մեկն էր զոհվել, եկել էինք Երևան՝ թաղման արարողությանը մասնակցելու։ Հենց այդ ժամանակ էլ իմացա, որ ծնվել է որդիս։ Մարտական ընկերներիս հետ գնացինք ծննդատուն։ Հայրենիքի զինվոր է ծնվել, մեր հող ու ջրի պաշտպան, ու ընկերս՝ Ղժղժ Սամոն, նորածին զավակիս փոքրիկ-փոքրիկ ափի մեջ մի փամփուշտ դրեց։ Որդիս մինչ օրս թալիսմանի պես է պահում այդ փամփուշտը։

…Աշխարհի բոլոր տղա երեխաները սիրում են խաղալիք զենքով խաղալ։ Փոքրիկ Գարեգինն իսկական զենքով էր խաղում ու նեղանում և մի կուշտ լաց էր լինում, երբ զենքը ձեռքից վերցնում էին։ Երբ տանը հավաքվում էին ազատամարտիկ հոր ընկերները, նա լուռ, անաղմուկ նստում էր նրանց կողքին և ուշադիր լսում մեծերի զրույցը։ Գեղամ Լալայանը որդու հետ հաճախ էր գնում Եռաբլուր։ Փոքրիկի ձեռքի մեխակները քսվում էին գետնին, ու նա մի քիչ վախեցած աչուկներով նայում էր հոր թաց աչքերին և շատ էր զարմանում, գիտեր՝ արցունքը միայն փոքրերի համար է։ Հետո, երբ մի քիչ էլ մեծացավ, հասկացավ, թե ինչու էր հուզվում հայրը. Եռաբլուրում հանգչում էին նրա մարտական ընկերներից շատերը։ Հայրը պատմում էր պատերազմական օրերից, հերոս ընկերների սխրանքներից, իրենց մի բուռ հողի խաղաղությանը կյանքը նվիրաբերած քաջորդիներից…

Դպրոցահասակ Գարեգինը անչափ շատ էր կարդում՝ հատկապես պատմական գրքեր (հիմա էլ զորամասում ազատ ժամերին սիրում է ընթերցանությամբ զբաղվել), հիանում ու հմայվում հերոսական, քաջարի կերպարներով։ Գարեգինը լավ էր սովորում, ընդունվեց ռուս-հայկական (սլավոնական) համալսարան։ Դեռ մանկուց հոր հետ (Գեղամ Լալայանը միջազգային կարգի փրկարար է, լեռնային տուրիզմի ԽՍՀՄ սպորտի վարպետ) մասնակցել էր բազմաթիվ արշավների։ Համալսարանում էլ ուսանող ընկերների հետ ճանաչողական արշավներ էին կազմակերպում Տաթև, Արայի լեռ, Լոռի՝ Հայաստան աշխարհի գողտրիկ անկյունները, հիանում մեր շքեղ ու շռայլ բնաշխարհով։

Գերազանց գնահատականներով ավարտելով ինստիտուտը և մագիստրատուրան՝ Գարեգինը մեկնեց հայրենիքին իր պարտքը տալու։

-Հպարտ եմ, շատ հպարտ, որ որդիս հայոց բանակի զինվոր է և գիտակցումով, արժանապատվորեն ծառայում է,- ասում է զինվորի հայրը,- երբ Գարեգինին առաջին անգամ տեսա զինվորական համազգեստով, հոգիս ալեկոծվեց, փոթորկվեց։ Զգացողությունների խառնաշփոթ էր՝ և՛ ուրախ էի, և՛ տխուր, և՛ հպարտ էի, և՛ հուզված։ Ես՝ հին մարտիկս, պատերազմի ցավն ու տառապանքը տեսած ազատամարտիկս, զինվորականս, բաց ճակատով կարող եմ ասել, որ ամեն ինչ արել եմ, որ տղաս հայրենիքի զինվոր դառնա։ Բանակ գնալուց առաջ էլ այցելեց Արևմտյան Հայաստան, տեսավ մեր պատմական, բայց կորցրած հողերը ու հոգու խորքում է՛լ ավելի կարևորեց ուժեղ պետության, ուժեղ բանակի և ուժեղ զինվորի դերն ու նշանակությունը։ Գարեգինը հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ մեկնեց ծառայելու։ Որդիս լավ ավանդույթներ ունեցող զորամասում բարեխղճորեն ծառայում է, նշանառու է։ Մայիսի 28-ի առիթով էլ պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։ Հրաշալի հրամանատար ունի, հրաշալի ընկերներ՝ իրար սարի պես թևութիկունք…

Լուսանկարի այն փոքրիկ տղան հիմա իսկական զինվոր է՝ հայոց հող ու ջրի իսկական պաշտպան…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ազգային բանակ, Ճակատագրեր


01/08/2012