Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՄ ՄՈԴԵԼԸ



Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը ծնվել է 1988-ին, երաժիշտների ընտանիքում։ Երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և ավարտել է այն գերազանցությամբ։ Հաջողությամբ մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում շահել է հատուկ մրցանակ, արժանացել է «Cro Patria» միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնի դիպլոմին, «Համաշխարհային դաշնամուրային երաժշտության մրցույթի» առաջին մրցանակին, ճանաչվել է համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած մրցույթի «Լավագույն ստեղծագործություն» անվանակարգի հաղթող։ Նրա ստեղծագործությունները պարբերաբար հնչում են աշխարհի տարբեր երկրներում կազմակերպված համերգների ժամանակ։

-Ժիրայր, դժվար չէ, ե՞րբ ընտանիքում բոլորը երաժիշտներ են։ Պետք է որ ստեղծագործական վեճերն անխուսափելի լինեն։

-Որտեղ կա արարում և արվեստ, այնտեղ կա լույս, բարություն, հանդուրժողականություն, սեր։ Պատահական չէ, որ արարող ազգերը ավելի բարի են, մեղմ, լուսավոր, ի տարբերություն ռազմատենչ ու ավարառու ազգերի։ Արվեստը վերացնում է մարդկային հոգու կապանքները, դարձնում է ազատ… արվեստը արթնացնում է դեպի բարին, լուսավորը, վեհը գնալու ներքին մղում։ Արվեստը մարդուն դարձնում է մտածող։ Մայրս ջութակահար է, հայրս՝ կիթառահար։ Նրանք երկուսն էլ դասավանդում են երաժշտական դպրոցում։ Ես երախտապարտ եմ ծնողներիս, որ նրանք հնարավորություն են տվել ինձ մեծանալու մի իրականության մեջ, որտեղ բարոյական չափանիշները բարձր էին, որտեղ կային գեղեցիկ ապրումներ, լուսավոր գաղափարներ, վեհ մղումներ։

-Ե՞րբ սկսեցիք ստեղծագործել, ինչպե՞ս ծնվեցին առաջին մեղեդիները։

-Մարդու կյանքում թերևս ամենակարևորը, ճակատագրականը մասնագիտության ընտրությունն է։ Մարդը պետք է զբաղվի այն գործով, ինչին ի վերուստ կոչված է։ Չկան լավ, վատ, կարևոր ու անկարևոր մասնագիտություններ։ Մարդն է իր մասնագիտությունը դարձնում լավ կամ վատ։ Ես դեմ եմ մասնագիտությունները դասակարգելու մտայնությանը, քանի որ դա ստիպում է ոմանց լռեցնելու ներքին ձայնը, ներքին մղումը և ընտրելու «էլիտար» մասնագիտություն։ Այսօր շատ շատերն են քարշ տալիս իրենց միջակ, ապաշնորհ ներկայությունը այս կամ այն բնագավառում միայն այն պատճառով, որ ճիշտ չեն ընտրել մասնագիտությունը։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ոք աշխարհ է գալիս առաքելությամբ ու վերաշնորհ կոչումով։ Պարզապես պետք է ստանձնել այդ կոչումը և լինել իրեն հատկացված տարածքում, որտեղ մարդը կարող է լիովին ինքնադրսևորվել և հասնել հաջողությունների։ Ծնողներս ինձ հնարավորություն են տվել ազատ ընտրություն անելու։ Եթե ես որոշեի մաթեմատիկոս կամ բուսաբան դառնալ, ոչ ոք չէր ընդդիմանա։ Ես ինքս որոշեցի դաշնամուր նվագել սովորել։ Հետագայում հոգուս մեջ ծնվող մեղեդիները հանձնեցի թղթին և այդպես ինքնաբերաբար ու աննկատ ընտրեցի իմ մասնագիտությունը և կյանքիս գործը։

-Ի՞նչ տվեց Ձեզ բուհական կրթությունը։ Ի՞նչ կրթություն ու դաստիարակություն էր ստանում երիտասարդը կոնսերվատորիայում 2000-ական թվերին։

-Կրթության մեջ մտնում են ոչ միայն առարկայական գիտելիքները, այլ մարդու հոգևոր-մտավոր-բարոյական դաստիարակությունը։ Մտավորականը, իմ բնորոշմամբ, կիրթ մարդն է։ Պետք չէ մտավորականին վերագրել ինչ-ինչ բացառիկ հատկանիշներ։ Ազգի մտավորական շերտը պետք է մեծաքանակ լինի, որպեսզի ազգն առաջ գնա։ Մտավորականը ազգի հավաքական բարոյականության կրողն է, ազգի ինտելեկտուալ շերտը…

-Չի՞ կարող ինտելեկտուալ մարդը լինել անբարոյական կամ հակառակը…

-Կարող է, բայց նրան բնութագրելիս ես չեմ օգտագործի կիրթ բառը։ Այսինքն՝ նա չի կոչվի մտավորական։ Մի բան էլ ասեմ… Կարող են լինել բացառություններ, բայց օրինաչափությունը հուշում է, որ մտածող, զգացող, այսինքն՝ ինտելեկտուալ և արվեստին մերձ մարդը հակված է դեպի հոգևոր և բարոյական արժեքները, որոնք փոխկապակցված և փոխպայմանավորված են։ Այդ իսկ պատճառով պետությունը իր վրա պետք է վերցնի բարձրացող սերնդին կրթելու գործը։ Դա թերևս ազգային անվտանգության գերակա խնդիրներից է, եթե չասեմ կարևորագույնը։ Պետք է վերացնել կրթության և կրթվածության հանդեպ այս քամահրական վերաբերմունքը և, ներդնելով կրթադաստիարակչական կուռ համակարգ, ստեղծել միասնական արժեհամակարգ դավանող երիտասարդություն ու հասարակություն։ Գիտեք՝ ի՞նչն է ցավալի, որ նույնիսկ բուհական հասարակությունը խիստ տարաբևեռ է։ Այսպես է բոլոր բուհերում։ Կոնսերվատորիան ինձ տվեց բոհեմիկ միջավայր։ Սակայն նույնը չի կարող ասել կոնսերվատորիայում ուսանած յուրաքանչյուր պատանի, որովհետև այդտեղ էլ կային շերտեր, տարբեր միջավայրեր… Դու պիտի կարողանաս կողմնորոշվել և ընտրել ճիշտ միջավայր։ Խորհրդային տարիներին դու պարզապես հնարավորություն չունեիր սխալվելու, որովհետև պետությունն ինքն էր ընտրում քո միջավայրը, նա քեզ «ստիպում էր» լինել այն միջավայրում, որ ինքն էր ստեղծել քեզ համար։

-Դուք ընդամենը 24 տարեկան եք, բայց խորհրդային տարիների մասին խոսում եք այնպիսի հավաստիությամբ։

-Ես շատ լավ եմ ուսումնասիրել այդ տարիները։ Ի վերջո, դա շատ վաղ անցյալում չէր, և այդ փորձը կրկնօրինակելն այդքան էլ դժվար չէ։ Օրինակ՝ մանկական ֆիլհարմոնիան, որը հնարավորություն էր տալիս երեխային առնչվելու դասական երաժշտության հետ սկսած վաղ տարիքից։ Հեռուստատեսությամբ պարբերաբար ներկայացվում էր բարձր արվեստ, ես կասեի՝ արվեստ առանց «բարձր» բառի, որովհետև եթե արվեստ է, ապա այն չի կարող ցածր լինել, սակայն այսօր ամեն հորինվածք արվեստ են կոչում, պրոպագանդում են հեռուստատեսությամբ, ուստի միտքս հասանելի դարձնելու համար պիտի օգտագործեմ «բարձր արվեստ» կապակցությունը։ Վիճակագրությունը պարզել է, որ մարդասպանների մեջ չկա երաժշտական դպրոց ավարտած ոչ մի անձ։ Արվեստի դպրոցները միայն մեծ արվեստագետներ պատրաստելու համար չեն։ Դրանց առաջին և ամենակարևոր առաքելությունը սերունդ կրթելն է՝ հնչյուն, գույն, բառ, պատկեր սիրող, զգացմունքային, զգայուն, կարեկից, մտածող։ Արժանապատիվ սերունդ։

-Փոքր ազգերը հակված են պահպանելու իրենց ազգային նկարագիրը և արվեստում ի ցույց դնելու իրենց ազգային յուրահատկությունները։ Որքանո՞վ է ազգային Ձեր ստեղծած արվեստը։

-Այնքանով, որքանով ես հայ եմ։

-Իսկ որքանո՞վ եք Դուք հայ։

-Ասեմ… Յուրաքանչյուր ժողովրդի արվեստ հիմնված է նրա լեզվի և բանահյուսության վրա։ Սա անվիճարկելի ճշմարտություն է։ Լեզուն մտածողություն է, լեզուն աշխարհընկալում է, լեզուն բարոյականություն է։ Լեզուն ազգի ինքնատիպության, այսինքն՝ ազգայինի բանալին է։ Եթե չունես խոր լեզվազգացողություն, հարուստ բառապաշար, եթե դու չես յուրացրել մայրենի լեզվի շերտերը, չես կարող տիրապետել ոչ մի ուրիշ լեզվի, առավել ևս՝ չես կարող զգալ գույների ծավալը, հնչյունների տարողությունը, պատկերների պլաստիկան։ Չես կարող զգալ մեղեդին այնպես, ինչպես մեկը, ով թափանցել է մայրենի լեզվի շերտերը և կրթել է իր միտքն ու հոգին դրանով։

-Ասացիք՝ լեզուն բարոյականություն է…

-Այո՛։ Գուցե ասածս թվա վիճարկելի, բայց լեզվի հանդեպ հակումը պայմանավորված է գրքի, գրականության հանդեպ սիրով։ Այն տարիքում, երբ հոգին սպունգի պես ներծծում է աշխարհի գույները, գրականությամբ և պոեզիայով կրթված միտքն ու հոգին չեն կարող զուրկ լինել առաքինություններից։ Այդ պատճառով էլ ես մեծ ցավ ու տագնապ եմ ապրում՝ տեսնելով այսօրվա քամահրալից վերաբերմունքը մայրենի լեզվի հանդեպ։ Լսեք հեռուստատեսությամբ հնչող խոսքը, հետևեք մեր պատգամավորների լեզվին, լսեք փողոցում հնչող բառապաշարը և կհասկանաք թե՛ մեր համընդհանուր բարոյականության մակարդակը, թե՛ մեր արդի արվեստի վիճակը։

-Ո՞րն է հայրենասիրության Ձեր բնորոշումը։

-Պետք է կարողանանք հայրենիքը վերացական-հուզական գաղափարից դարձնել այնքան իրական, պրագմատիկ ու շոշափելի, որքան… մեր «բնակարանն» է։ Բազմահարկ շենքի որևէ հարկում ծվարած մեր չորս պատերը։ Մենք պետք է կարողանանք «իմ ազգ» պաթետիկ-սրտառուչ հասկացողությունը «իջեցնել» «իմ ընտանիք» սովորական, կանոնիկ գաղափարի մակարդակին։ Այդ դեպքում մենք կնորոգենք մեր հայրենիքը, ինչպես մեր չորս պատերը։ Չենք կեղտոտի, ինչպես մեր տունը չենք կեղտոտում, կկառուցենք, կգեղեցկացնենք ու կփորձենք օգնել մեր ազգակցին, ինչպես մեր ընտանիքի անդամին ենք օգնում, երբ նա կարիքի մեջ է։

Կցավենք մեր հայրենակցի համար, ինչպես վշտանում ենք մեր ընտանիքի անդամի ձախողումներից… Ու կամաչենք, երբ մեր հայրենակիցը վատ արարք է անում, ինչպես ամաչում ենք մեր ընտանիքի անդամի թերությունների համար։ Ահա սա է հայրենասիրության իմ մոդելը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Հոգևոր-մշակութային


25/07/2012