Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՆԱՎՈՐ ՆՐԲԵՐՇԻԿ ԵՎ ՄԱՀԱԲԵՐ ԳՈՏԵՃԱՐՄԱՆԴ. ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՔԱՈՍԻ ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ



MI-5-ի (Military Intelligence-Միացյալ Թագավորության անվտանգության ծառայությունը. ռազմական հակահետախուզության 5-րդ վարչություն) հրապարակած փաստաթղթերը խոսում են այն մասին, թե ինչ խորամանկությունների էին դիմում նացիստական գիտնականները` փորձելով խոչընդոտել դաշնակիցների հաջող առաջխաղացմանը: Երբ երևացին պարտության առաջին նախանշանները, իրենց ցնորային գաղափարներին կուրորեն նվիրված նացիստներն սկսեցին հետպատերազմյան խառնաշփոթ ստեղծելու ծրագրեր կազմել. ասենք` թունավոր շոկոլադի և սուրճի տարածում, մանրէաբանական պատերազմ, ընդհատակյա կառույցների ստեղծում, որ Երրորդ ռայխի ավերակների վրա` Չորրորդ ռայխի շինարարությամբ պիտի զբաղվեին, գրում է The Times-ը: Ձերբակալված գերմանացի գործակալները հարցաքննությունների ժամանակ պատմում էին դաշնակից երկրների հայտնի գործիչների նկատմամբ ծրագրված մահափորձերի և ահաբեկչական գործողությունների մասին: 1944 թվականի հոկտեմբերին նացիստական Գերմանիայի գիտնականները Բեռլինում խորհրդակցություն անցկացրին, ուր քննարկվում էր ոգելից խմիչքների թունավորման, թխվածքների մեջ մկնդեղ ավելացնելու և ենթամաշկային կիրառության համար նախատեսված ներարկիչների միջոցով նրբերշիկի մեջ թույն սրսկելու մասին, շարունակում է հոդվածագիրը: Ընդ որում` խորհրդակցության մասնակիցներից մեկի կարծիքով` թույնը պետք է դանդաղ ազդեցության քիմիական նյութ լիներ, որ ըստ կարելվույն մեծանար հնարավոր զոհերի թիվը:

Այս կապակցությամբ կարելի է հիշել «արագ նահանջի» ժամանակ գերմանացիների թողած դեղորայքի պահեստների մասին և նկատելի կդառնա, որ բեռլինյան գիտաժողովների արդյունքում բացահայտվել էին «մահ սփռելու» ամենակարճ և ամենադյուրին ուղիները:

Եթե սննդի պարագայում թույնը ներարկելու անհրաժեշտություն էր առաջանում, իսկ ծխախոտագործության մեջ պետք էր մի ամբողջ արտադրական փուլ ավելացնել, ապա դեղերի հարցը բոլորովին այլ էր. բավական էր ընդամենը փոխել սրվակների փաթեթավորումը, կամ պարզապես դոզան սխալ գրել, և փրկության միջոցը վեր էր ածվում մահաբեր զենքի: Մի պահ անգամ գերմանական ստերիլ վիրակապերը սկսեցին վերջույթների թեթև վնասվածքներով զինվորների մահացության պատճառ դառնալ:

Նմանատիպ տեղեկությունները ժամանակին դաշնակից երկրների կառավարությունների համար լուրջ մտահոգության առիթ դարձան, և վերջիններս խստագույն պատժի սահմանմամբ իրենց զորքերին արգելեցին կիրառել նահանջող գերմանացիների թողած դեղորայքը, սննդի պաշարներն ու ծխախոտը:

Ամերիկյան բանակի զեկույցներում հիշատակվում է նաև «բեռլինյան նստաշրջանի» մասնակիցների մեկ այլ «գիտական նորույթ»: Ատրճանակը, որ կառուցված էր իբրև գոտու ճարմանդ` բնականաբար պաճուճված արծվով և սվաստիկայով, նույնպես «էական դեր պիտի խաղար» մարտական անկանխատեսելի իրավիճակներում: «Կափարիչը բացվում է, և կոճակը սեղմելուն պես դուրս են գալիս ատրճանակի երկու փողերը` ուղղված դեպի առաջ: Մյուս երկու կոճակների սեղմման ժամանակ ատրճանակը կարող էր երկու կրակոց արձակել, և եթե որևէ մեկը կանգնած է «գոտեզարդ կրողի» առջևում, նա կզոհվի»,- մեջ է բերում թերթը (իրականում 2 կամ 4 լիցքանի ճարմանդ-ատրճանակները նախագծվել էին դեռևս Առաջին համաշխարհայինի ժամանակ և արտադրվել էին միայն իբրև փորձանմուշներ: Ավելի ուշ դրանց կատարելագործված տարբերակները նախատեսվում էին SS-ական ստորաբաժանումների համար):

Օլիվյե Մորդրելը, որ գերմանացիների կողմն անցած ֆրանսիացի դավաճան էր, հարցաքննությունների ժամանակ պատմում էր պատերազմի ավարտին կայացած նացիոնալ-սոցիալիստների հետախուզական ծառայության ժողովի մասին, երբ վերջիններս նախատեսում էին այնպիսի մի կազմակերպություն ստեղծել, որի առաջնային նպատակներից պիտի լինեին դիմադրության կազմակերպումն ու քաղաքացիական պատերազմի հրահրումը` ձգտելով կուսակցության վերածնությանն ու Չորրորդ ռայխի կառուցմանը: Մորդրելի պնդմամբ` Հարավային Ամերիկայում այդ նպատակով «արդեն նշանակալի գումարներ էին կենտրոնացված»:

Ռուսերենից թարգմանեց
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Պատմության էջերից


25/07/2012