Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Հունիսի 21-ին լրացավ Արցախյան պատերազմի մասնակից, «Ազատագրական բանակ» ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մահվան 20-րդ տարելիցը: Այդ առթիվ նրա մարտական ընկերներն ու բարեկամները, պարզապես քաղաքացիներ ծաղկեպսակ դրեցին Երեւանի Խորենացու փողոցի եւ Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանին, այցելեցին նրա գերեզմանին, իսկ այնուհետեւ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լեոնիդ Ազգալդյանի մեծարման երեկոն, ցուցադրվեց նրա հիշատակին նկարահանված «Հողի գույնը» ֆիլմը, որը սկսվում է «Սա Հայաստանն է` իր չափերով այնպիսին, որ կարող եմ հանգիստ տեղավորել սրտումս» խոսքերով: Փաստավավերագրական կադրերի շնորհիվ տեսնում ենք մերօրյա հերոս Լեոնիդ Ազգալդյանին, որ ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մարտիկ էր` ֆիզիկական եւ հոգեւոր արժանիքների բարձր համադրությամբ: 1988թ., երբ Երեւանում խաղաղ ցույցեր էին, Լեոնիդի խորաթափանց միտքը հասկանում է, որ երկիրը կարելի է ազատագրել միայն զինված պայքարի միջոցով: Նա սկսում է ինքնաշեն հրթիռներ պատրաստել, այնուհետեւ ստեղծում է կամավորների ջոկատ` ընտրելով 300 մարտիկի, որոնք պետք է կռվեին հանուն հայրենիքի: Նա անթերի ղեկավարեց եւ հաղթանակով ավարտեց 27 ռազմական գործողություն` ազատագրելով հայկական հողերը։

Ֆիլմում որպես մարգարեություն են հնչում Ազգալդյանի խոսքերը` ով կորցնի Արցախը, նա էլ կկործանվի. եթե Հայաստանը կորցնի Արցախը, Հայաստանը կկործանվի, եթե Ադրբեջանը` ապա Ադրբեջանը: Իսկ Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին: Ազգալդյանն իր մահկանացուն կնքեց 50 տարեկանում` 1991 թվականի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում:

Արցախյան ազատամարտի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ 50 տարեկանում հազվագյուտ մեկը կարող էր իր մեջ այդքան եռանդ կենտրոնացնել եւ դրսեւորել, այդպես պայքարել, անգամ խոսքի ուժով կրկնապատկել իր զինվորների թիվը. «1990թ. օգոստոսն էր, Աշոտ Նավասարդյանը հրավիրեց ինձ իր մոտ եւ ասաց, որ Ոսկեպարում վիճակը ծանր է, պետք է օգնենք: Նա ինձ ծանոթացրեց Լեոնիդի հետ, պետք է միասին գործեինք: Հարցուփորձ արեցի, քանի որ հրամանատար էր, ուզում էի իմանալ նրա զինվորական կրթության մասին, բայց պարզվեց ֆիզիկոս է, բարձրակարգ գիտնական: Նա էլ հարցրեց, թե ռազմական ոլորտին առնչվող ինչ գրականություն ունեմ, որ կարող եմ իրեն փոխանցել. զարմացա, մտածեցի` մենք մարտի դաշտ ենք գնում, իսկ նա գրականությունից է խոսում, բայց ժամեր անց հասկացա, որ նա գերազանց տիրապետում է զինվորական օրենքներին, հեռատես է եւ իր գիտելիքները նպատակային է օգտագործում, նա փորձագետի նման էր գործում, թեեւ ինքնուս ռազմական գործիչ էր: Ոսկեպարում հաջողություն ունեցանք, որը ավարտվեց երկու նախագահների հանդիպումով, եւ հակառակորդը հետ քաշվեց: Ես խորհրդային սպա էի եւ Խորհրդային Միությունն էի համարում իմ հայրենիքը, իսկ Լեոնիդի միջոցով հասկացա, որ իմ հայրենիքը սահման ունի, եւ որ այն իմ հպարտությունն է»:

Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր, Ֆրանսիայում մեծացած և ուսում ստացած Հովսեփ Հովսեփյանը, որի հետ էլ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991թ. հունիսին Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կառույցը, նշեց, որ այն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում. «Ես առաջին անգամ Արցախ եմ գնացել Լեոնիդ Ազգալդյանի հետ` 1990 թվականին։ Մեր նպատակը ազգային-ազատագրական բանակ ստեղծելն էր, այդ այցելությունը կամավորներ հավաքագրելու խնդիր ուներ։ Անշուշտ, մարտական փոքր խմբավորումներ արդեն կային, կազմավորվել էին, բայց հավատը վարչակարգի, գորբաչովյան վերակառուցման նկատմամբ դեռևս զորավոր էր։ Հենց այդ պատճառով էլ շատերն անվստահությամբ էին մեզ լսում, սեփական ուժերին, հաղթանակին չէին հավատում։ Բայցեւայնպես, անտառում` ձմեռային դաժան պայմաններում Լեոնիդն ու ես հիմնեցինք ռազմական ճամբար, մասնակցեցինք Մարտունու, Հադրութի, Մարտակերտի` Արցախի քսանյոթ բնակավայրերի ազատագրմանը։ Հենց որևէ ճակատում իրադրությունը լարվում, օրհասական էր դառնում, մեր օգնությանն էին դիմում»: Հովսեփ Հովսեփյանը նշեց, որ Լեոնիդը ասում էր` եթե ուզում եք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, ապա պետք է ազատագրել Քարվաճառը: Քարվաճառի ազատագրումը տեղի ունեցավ Լ. Ազգալդյանի մահից հետո, որին մասնակցեցին նաև Լ. Ազգալդյանի ջոկատի տղաները` Հովսեփյանի գլխավորությամբ:

Միջոցառման մասնակիցները համոզված են, որ Լեոնիդ Ազգալդյանին պետք է Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհել, մանավանդ ժողովուրդը վաղուց նրան վերաբերվում է որպես հերոսի: Նման առաջարկով նրանք կդիմեն երկրի ղեկավարությանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Բանակ և հասարակություն


04/07/2012