Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ



2012 ֆինանսական տարում ԱՄՆ ռազմական արտահանման ծավալը կարող է ռեկորդային աճ գրանցել` հասնելով 60 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ռիչարդ Ջենեյլը: Ռեկորդային աճը պայմանավորված կլինի առաջին հերթին Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի համար F-15 կործանիչների մատակարարման ու ևս 70 ինքնաթիռների արդիականացման գործարքով` 29,4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ: Բացի այդ, ակնկալվում է, որ Ճապոնիան 10 միլիարդ դոլարով կգնի 42 միավոր F-35 հեռանկարային կործանիչներ: Առաջին չորսի պատվերը նրանք արդեն տվել են:

Ընդհանուր առմամբ, գործակալության հաշվեկշռում այժմ առկա է շուրջ 13000 արտահանման պայմանագիր` 385 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ: Միևնույն ժամանակ, փոխտնօրենը նշել է, որ մասնագետները առաջիկա տարիների համար ամերիկյան ռազմական արտադրանքի արտահանման ծավալը կանխատեսում են 30 միլիարդ դոլարի սահմաններում:

Հիշեցնենք, որ 2011թ. ամերիկյան ռազմական ձեռնարկությունները շուրջ 34,8 միլիարդի պայմանագիր են կնքել: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ռուսական ընկերությունները արտահանել են 11,6 միլիարդ դոլարի արտադրանք` նախատեսվածից մեկ միլիարդով ավելի: Իսկ արդեն այս տարի Ռուսաստանը այդ թիվը ծրագրում է հասցնել 13,5 միլիարդ դոլարի:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմական


04/07/2012