Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՇԵՐԸ ԼՈՒՅՍ ՏԵՍԱ…



Մելսիկ Աբրահամյանը ծնվել էր 1948-ին, Արցախի Հերհեր գյուղում։ Հետո ընտանիքով տեղափոխվել են Երեւան։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, հավաքվում էին հայաստանաբնակ հերհերցիները, եւ ով ինչով կարող էր, փորձում էր սատարել հայրենակիցներին։ Մելսիկն այդ օրերին հայրենի գյուղում էր, եղբայրների՝ Վասակի ու Մեժլումի, քրոջ որդու՝ Կամոյի կողքին… (Եվ ո՞վ իմանար, որ Կամոյից հետո նա է դառնալու գյուղի 14-րդ նահատակը)։

Կամավոր մեկնեց ճակատ, մասնակցեց Մարտակերտի բնակավայրերի ազատագրմանը։ 1994-ի մայիսի 3-ին Մեծ Շենում ծանր վիրավորվեց։ Բժիշկներն անզոր եղան փրկել Արցախի զավակի կյանքը, եւ մայիսի 7-ը իր համար եղավ հայրենի բնաշխարհի վերջին այգաբացը։

Մ.Աբրահամյանը հիմա ննջում է Եռաբլուրում, իսկ Հերհեր գյուղի իրենց տոհմական գերեզմանատանը, իր Էլլա քրոջ որդու՝ Կամոյի գերեզմանի կողքին Մելսիկի փոքրիկ հողաթումբն է (որին խառնել են Եռաբլուրից տարված հողը)։ Հողաթմբին Մելսիկի մեծադիր լուսանկարն է, որտեղ միշտ այցելում է նրա Աշխեն մայրն ու ներկաներին ասում. «Գիշերը լույս տեսա որդուս գերեզմանին, ասի գնամ, կարոտս առնեմ»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Հոգևոր-մշակութային


04/07/2012