Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ



Այսօր ցանկացած տիպի բեռներ ուղղաթիռներով տեղափոխելու գործառույթը պարզապես այլընտրանք չունի. արագ տեղափոխման հնարավորություն, ցանկացած մակերևույթի վրա և ցանկացած տեղանքում գործելու կարողություն, ավիացիոն տեխնիկայի համեմատ առավել ցածր ռիսկեր: Ահա այն հիմնական պատճառները, համաձայն որոնց մարտական խնդիրների կատարման նպատակով զինվորական ստորաբաժանումների տեղափոխումը տարբեր տարածությունների վրա իրականացվում է առավելապես ուղղաթիռներով:

Ռուսաստանի համար այս հարցում մեծ դեր է խաղում դեռեւս ԽՍՀՄ տարիներին ձեռք բերած ռազմական հակամարտությունների փորձը: Մասնավորապես, անգնահատելի է Աֆղանստանում ուղղաթիռների կիրառման փորձը: 40-րդ բանակի անձնակազմի, տարբեր նշանակության բեռների մեծ մասը տեղափոխվել է ուղղաթիռներով: Դրանցով նաև դեսանտ է իջեցվել հանգուցային կետերում, կարևոր ճանապարհներին և գերիշխող բարձունքներին առավելություն ապահովելու համար:

Օրինակ` 1980թ. սկզբին Ղանդահար քաղաքն ամբողջությամբ անցավ ԽՍՀՄ զորքերի վերահսկողության տակ` ուղղաթիռներով իջեցված խոշոր դեսանտի գործողությունների շնորհիվ: 1982թ. ամռանը Փանջշերի օպերացիան իրականացնելիս մարտավարական առումով կարևոր բարձունքներն ու տարածքները գրավելու համար ուղղաթիռներով տեղափոխվել է աֆղանական և խորհրդային 20 գումարտակների ավելի քան 4,2 հազար զինծառայող: 1985թ. «Անապատ» օպերացիայի ընթացքում ավելի քան 7000 զինծառայող ուղղաթիռներով տեղափոխվել է սարեր: Ամիսներ անց նույնկերպ տեղափոխված 12000-անոց դեսանտը արգելափակեց Կունարի կիրճի շուրջ 170 կիլոմետրանոց հատվածը: Աշնան վերջին Ղանդահարի մատույցներում խորհրդային ուղղաթիռները կես ամսվա ընթացքում կատարեցին ավելի քան 500 թռիչք` դեսանտ իջեցնելով 2 տասնյակ կետերում:

Աֆղանստանում մշակվեց հատուկ նշանակության ուժերի ապահովման նպատակով ուղղաթիռների կիրառման ժամանակակից մարտավարություն:

Առաջ անցնելով հակառակորդից` հատուկ նշանակության ջոկատը ծածուկ և հանկարծակի հայտնվում էր նախանշված վայրում, կազմակերպում դարանակալում: Կա՛մ ստեղծելով որոնողա-հարվածային խմբեր` տվյալ ջոկատները ուղղաթիռներով պարեկություն էին կատարում որոշակի շրջաններում, հակառակորդին հայտնաբերելու դեպքում ոչնչացնում օդից, կա՛մ դեսանտավորված ուժերի ջանքերով: Այդ մարտավարությունը 1982թ. սկսեցին կիրառել դեսանտագրոհային տարաշարժուն խմբերը:

Աֆղանստանում ռազմական գործողությունների հիմնական ծանրաբեռնվածությունն ընկավ նոր կազմավորվող աերոմոբիլային տիպի ստորաբաժանումների վրա: Ռազմական գործողությունների մեծ մասը ոչ մեծ ստորաբաժանումներով հակազդեցություն էր հակառակորդի ոչ կանոնավոր ուժերին: Խոշոր ստորաբաժանումները բացազատվելու համար տարածություն չունեին և հիմնականում վերահսկում էին կարևոր շրջանները` փաստացի իրականացնելով պաշտպանական գործառույթներ: Հարձակողական ակտիվ գործողություններ իրականացնում էին նաև զրահապատ տեխնիկայով շարժունակ խմբերը, որոնց մեծ մասը դարձյալ ուղղաթիռներով էր տեղափոխվում: Այսպիսով՝ ուղղաթիռները ապահովում էին ցանկացած ստորաբաժանման խնդրի կատարումը: Այդ պատճառով նույնիսկ տրանսպորտային ուղղաթիռների համար պահանջվեց լրացուցիչ զրահ և սպառազինություն: Շատ հաճախ ուղղաթիռները դառնում էին օպերատիվ, խոցման բարձր արդյունավետությամբ կրակային աջակցության միակ միջոցը: Բացի այդ, հատուկ նշանակության բոլոր խմբերը կապ էին պահպանում ոչ միայն հրամանատարության, այլև աջակցող ուղղաթիռների հետ` անհրաժեշտության դեպքում տարհանում կազմակերպելու և թիրախի կոորդինատները հաղորդելու համար:

Ուղղաթիռների կիրառման մարտավարությունը փոխվեց հակառակորդի ակտիվ հակազդեցությունից հետո: Ուղղաթիռները սկսեցին խնդիրներ կատարել ցածր բարձրությունների վրա` հակառակորդին բավականաչափ ժամանակ չտալով ճիշտ նշանառություն կատարելու հրաձգային զինատեսակներից և «Ստինգեր» տեսակի շարժական զենիթահրթիռային համալիրներից, որոնք գործնականում 30 մետրից ցածր թռչող նշանակետերը չէին որսում: Օդաչուները սկսեցին կիրառել նոր հակազենիթային խուսավարում` կտրուկ դեպի վեր անցումով: Կիրառվեց նաև ուղղորդման մարտավարությունը, երբ ուղղաթիռները պարեկություն էին կատարում խմբերով: Առաջնային խումբը միայն գրանցում էր տվյալները և կողմնորոշիչները, իսկ երկրորդ` հարվածային խումբը, ոչնչացնում էր թիրախը: Խմբային գրոհը կատարվում էր փակ շղթայով, այսինքն` ուղղաթիռը խոյընթաց գրոհում էր, իսկ խոցման գոտուց դուրս գալիս արդեն կրակ էր բացում անմիջապես հետևից թռչող մարտական մեքենան: Այդպիսով՝ կրակային ներգործությունը անընդհատ էր ստացվում, բարձրանում էր նաև օդային տեխնիկայի անվտանգության մակարդակը: Մարտավարության մյուս ձևերի արդյունավետությունը ցածր էր, կամ դրանք սահմանափակում էին եղած սպառազինության օգտագործումը: Լեռներում ուղղաթիռները կիրառում էին մեկը մյուսի ետևից գրոհելու մարտավարությունը, հեռավորությունը նվազագույն էր, գրոհից դուրս էին գալիս կա՛մ ցածր բարձրությունների վրա, կա՛մ հնարավորության դեպքում բարձրության կտրուկ ավելացմամբ: Հնարավորինս խուսափում էին մի կետում առկախվելուց, քանի որ անշարժ ուղղաթիռը միանգամից դառնում էր հիանալի թիրախ:

Տարբեր տիպի ուղղաթիռների և ցամաքային զորքերի համագործակցության փորձը անգնահատելի էր ոչ միայն Խորհրդային Միության, այլև աշխարհի շատ պետությունների համար. ԽՍՀՄ-ը կառուցվածքային փոփոխություններ կատարեց զինված ուժերում, ստեղծվեցին նոր տեսակի աերոմոբիլային ստորաբաժանումներ, որոնք տարածում գտան ողջ աշխարհում: Ուղղաթիռի առավելությունները շատ են, բայց կան նաև թերի կողմեր: Հիմնականը, ինչպես նշում են քննադատները, հարաբերական խոցելիության մակարդակն է ժամանակակից ՀՕՊ միջոցներից: Նրանց տեսակետը հիմնվում է այն փաստի վրա, որ Վիետնամի պատերազմից հետո աերոմոբիլային ստորաբաժանումները կիրառվում են միայն ռազմական առումով թույլ համալրված հակառակորդի դեմ:

Մարտական պայմաններում ուղղաթիռների լայնածավալ կիրառման առաջին փորձը ամերիկացիները կիրառեցին Վիետնամի պատերազմի ժամանակ: Այդ փորձի հիման վրա էլ նրանք սկսեցին կյանքի կոչել ուղղաթիռների մարտավարության նոր սկզբունքներ, թեև պետք է նշել, որ հակառակորդը գործում էր նույն ոճով, իսկ փորձը շատ նման էր Աֆղանստանում խորհրդային բանակի ունեցածին: Այդ տարիներին ԱՄՆ-ի համար գլխավոր հակառակորդը ԽՍՀՄ-ն էր. ամերիկացիների համար հիմնական խնդիրներից մեկը խորհրդային տանկային ստորաբաժանումներն էին, որոնք այդ շրջանում ի զորու էին կոտրելու եվրոպական ցանկացած պետության պաշտպանությունը, ինչպես նաև ՀՕՊ լավագույն միջոցները, որոնք ռազմաճակատային ավիացիայի հետ համատեղ արդյունավետ պաշտպանում էին ցամաքային զորքերը օդային հարվածներից: Միացյալ Նահանգները առանձնապես չէին զարգացնում սեփական ՀՕՊ միջոցները` ավելի շատ հենվելով ավիացիայի վրա: Այդ պատճառով էլ ամերիկյան ուղղաթիռները իրենց վրա վերցրին տանկային ստորաբաժանումների դեմ պայքարելու գործառույթը: Օգտագործելով ուղղաթիռային տեխնիկայի առավելությունները և տվյալ ժամանակաշրջանում ռադիոտեղորոշման կայանների անկատարությունը` ուղղաթիռները բացահայտ առավելություն ունեին մարտավարական ավիացիայի հանդեպ: Այդպես հայտնվում է մարտական նշանակության առաջին ուղղաթիռը` AH-1 «Cobra»-ն, որն ուներ փոքր չափեր, ճակատային նեղ պրոյեկցիա և աղմուկի ցածր աստիճան: Իսկ Վիետնամում այն փորձեցին հարմարեցնել ոչ բնորոշ խնդիրների կատարմանը: Խորհրդային ԾԼ-24 ուղղաթիռը ստեղծվում էր որպես տանկային ստորաբաժանումներին կրակային հզորությամբ զիջող մոտոհրաձգային ստորաբաժանումներին աջակցող մեքենա: Այն ապահովված է դեսանտային խցիկով, բարելավված զրահով, թռիչքատեխնիկական գերազանց բնութագրերով, ինչը թույլ չի տալիս նվազեցնել չափսերը և քաշը: Համեմատելով այս ուղղաթիռները կենսունակության տեսանկյունից` կարելի է ասել, որ ամերիկացիները կարևոր էին համարում ոչ մեծ չափսերը և ցածր աղմուկով, գրեթե աննկատ մոտեցումն ու ետ քաշվելը, իսկ խորհրդային մասնագետները կենտրոնանում էին զրահի և շարժունակության վրա:

Թե այս մոտեցումներից որն է ավելի ճիշտ, հնարավոր չեղավ պարզել, եթե չհաշվենք երրորդ երկրների կողմից այս տեխնիկայի կիրառումը ռազմական հակամարտություններում: Նաև արդիականանում էր ռազմական տեխնիկան: Այդ առումով ամերիկացիների համար տհաճ նորություն էր իհձ-23-4-ՔՌսՍՈ ՀՕՊ միջոցի ընդունումը խորհրդային բանակի սպառազինություն: ՄՌսՍՈ-ն մտավ գնդային ՀՕՊ-երի կազմի մեջ: Այն ուներ բարձր արդյունավետություն, նշանակետերը հայտնաբերում էր ռադիոտեղորոշման միջոցով, ուղղորդումը կատարվում էր ավտոմատ եղանակով: Նոր զինատեսակը կտրուկ նվազեցնում էր ամերիկացիների հնարավորությունները ուղղաթիռների կիրառման հարցում, ուստի նրանք, իրենց հերթին, սկսեցին կատարելագործել ուղղաթիռի սպառազինությունը, մասնավորապես, դրանք համալրվեցին ավելի մեծ հեռահարություն ունեցող հրթիռներով: Այժմ ուղղաթիռը կարող էր խուսափել հակառակորդի հետ տեսողական շփումից` վաղ հայտնաբերման և կրակի կառավարման կատարելագործված համակարգերի միջոցով կրակի հեռահարությունը ավելացնելու շնորհիվ, ընդ որում՝ նաև գիշերային տեսանելիության պայմաններում: Այդպիսի առաջին ուղղաթիռն էր AH-64 Apache-ը, որն այժմ էլ ԱՄՆ հարվածային ավիացիայի կորիզն է:

Ուղղաթիռների կիրառման ամերիկյան սկզբունքը բացահայտ հարձակողական բնույթ ունի, քանի որ նրանց զորքերը կիրառվում են սեփական բազաներից մեծ հեռավորության վրա, և գործնականում բոլոր ստորաբաժանումները պարտավոր են լինել մոբիլ, այդ պատճառով էլ չափազանց հագեցած են բանակային ավիացիայով: Խորհրդային (ռուսական) աերոմոբիլային զորքերը, ինչպես, օրինակ` օդադեսանտային զորքերը, ստեղծվել են բացարձակապես այլ խնդիրների կատարման համար: Կիրառվող ծանր սպառազինության շնորհիվ նրանք շատ մոտ են մոտոհրաձգային ստորաբաժանումներին և սեփական բազաներից կտրված լինելով` կարող են դիմակայել բավականաչափ հզոր թշնամուն: Պարաշյուտներով հակառակորդի թիկունք իջած աերոմոբիլային ստորաբաժանումը նախատեսված է ամրացված շրջանը գրավելու, պաշտպանական դիրքերը քանդելու, ենթակառուցվածքները շարքից դուրս բերելու, հակառակորդի պաշտպանության ներքին էշելոնների հետ մարտի բռնվելով` դրանք առաջնագծից կտրելու համար: Այդ սցենարում ուղղաթիռներ չկան, դրանք խիստ խոցելի են հիմնական ստորաբաժանումներից հեռու: Որպես տրանսպորտային փոխադրամիջոց` ուղղաթիռների կիրառումը դժվար իրագործելի է, քանի որ դեսանտայինների տեխնիկան ծանր է: Այդ պատճառով Աֆղանստանում դեսանտային ստորաբաժանումները կիրառվում էին որպես մոտոհրաձգային` ըստ անհրաժեշտության օգտագործելով ավելի լավ մարտական պատրաստությունը: Այդ դեպքերում նրանք հաստիքային տեխնիկայի փոխարեն ստանում էին ավելի լավ պաշտպանված ՀՄՄ-ներ:

Խոշոր ռազմական հակամարտությունում օդադեսանտային ստորաբաժանումներն իրենց նշանակությամբ օգտագործելու առիթ, բարեբախտաբար, ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը չեն ունեցել:

Ռուսական դեսանտայինների ամերիկյան օրինակը 82-րդ դիվիզիան է: Խնդիրները նման են, սակայն ծավալները փոքր են, մարտական տեխնիկա գրեթե չկա, ինչպես սովորական հետևակային ստորաբաժանումում: Իսկ ահա ուղղաթիռային ապահովումը ավելի քան խոսուն է` 132 միավոր: Ընդհանրապես, նման հագեցվածությունը ամերիկացիներին թույլ է տալիս արագ մարտավարական աերոմոբիլային խումբ ստեղծել զինված ուժերի ցանկացած ստորաբաժանման կազմում: Բանակային ավիացիան ենթարկվում է անմիջապես զորքերին: Ռուսաստանում այդ հարցում ամեն ինչ հարթ չէ: Աֆղանստանի փորձը գործնականում մոռացվել է: Եթե այնտեղ ստորաբաժանման հրամանատարը կարող էր անմիջապես ուղղաթիռ կանչել մարտադաշտ, և այն անհրաժեշտ կետում հայտնվում էր 10-ից 30 րոպեում, ապա արդեն Կովկասում իրավիճակը փոխվեց. ուղղաթիռներին պետք էր սպասել մի քանի ժամ:

Ձգտելով ուղղաթիռների խոցելիությունը հասցնել նվազագույնի` ԱՄՆ-ում սկսեցին զարգացնել բանակային ավիացիայի հետախուզական բաղկացուցիչը: Շարք են մտնում OH-58D Kiowa Warrior հետախուզական-մարտական մեքենաները` համալրված համապատասխան սարքավորումներով: Դրանք հատկապես հարվածային ուղղաթիռների ուղղորդման համար են, լուսավորում են թիրախը լազերային տիպի նշանացուցիչով: Դրա շնորհիվ հնարավոր է օգտագործել մինչև 10 կմ գործողության հեռավորություն ունեցող Hellfire հրթիռները: «Ապաչները» կարող են ինքնուրույն հետախուզական խնդիրներ կատարել, սակայն այդպես ավելանում է թիրախի ճանաչման և սպառազինության նշանառության ժամանակը: Իրաքում վերը նշված մարտավարությունը սկզբունքորեն արդարացրեց իրեն: Իսկ ահա մարտի դաշտում ստորաբաժանումներին աջակցելու հարցում լուրջ խնդիրներ ի հայտ եկան: «Ապաչներ»-ի թվում մեծ կորուստներ եղան: Ուղղաթիռները երկար ժամանակ մնում էին տեսանելիության գոտում` ձգտելով գտնել նշանակետը և նշանառության վերցնել այն: Այստեղ իրենց ավելի լավ դրսևորեցին ծովային հետևակի արդեն հնացած «Cobra» ուղղաթիռները: Չունենալով հետախուզության և կրակի կառավարման արդիական միջոցներ` դրանք զիջում էին «Ապաչներին», սակայն կիրառելով խորհրդային փորձի վրա հիմնված մարտավարություն` հետևակային ստորաբաժանումների հետ համագործակցություն, թիրախի մասին տվյալների ստացում առաջապահ հետախույզ-դետքերից, նաև անօդաչու սարքերից ուղղաթիռները մեծ արագությամբ և ցածր բարձրությունների վրա թռչում էին դեպի նշանակետը, հետո անմիջապես բարձրություն հավաքելով կրակում և միանգամից հետ դառնում: Գրոհն անցնում էր 2-3 ալիքով` դարձյալ ռուսական փորձին շատ նման: Մարտական կորուստները այս ուղղաթիռների թվում աննշան էին:

Բանակային ավիացիայի կիրառման ամերիկյան փորձն ուսումնասիրելուց հետո ռուսական բանակում ՄՌսՍՈ-ին փոխարինեց ՁցվչցրՍՈ-ն` մինչև 8 կմ հեռահարությամբ, և այլ արդիական համակարգեր: Սպառազինություն ընդունվեցին ԾՌ-28, ԽՈ-50, ԽՈ-52 նորագույն ուղղաթիռները, լավ պաշտպանված և մանևրունակ մեքենաներ, որոնք կարող են իրենց սպառազինությունը կիրառել մեծ հեռավորությունից: Հետախուզական նպատակով առանձին ուղղաթիռների կիրառումը Ռուսաստանում չի ընդունվում: Զարգացման հիմքում տարբեր բաղադրիչների համատեղումն է, ցամաքային ստորաբաժանումների հետ համագործակցումը, անօդաչու սարքերի օգտագործումը հետախուզության համար:

Ռուսական ուղղաթիռների առավելությունը հակառակորդի ՀՕՊ թուլությունն է, այն կառուցվում է առավելապես շարժական զենիթահրթիռային համալիրների կիրառման սկզբունքով, իսկ ուղղաթիռներն ունեն այդպիսի հրթիռներին ինֆրակարմիր ճառագայթներով հակազդելու սարքավորումներ: Մերձամարտի ցանկացած մոդելավորում ցույց է տալիս, որ ռուսական զրահապատ և տարաշարժուն ուղղաթիռները ավելի կենսունակ են, քան ամերիկյանները:

Հատուկ պետք է ընդգծել, որ բանակային ավիացիան զորքեր վերադարձնելու գիտակցումը հստակ է: Առաջնահերթ փոփոխությունները կզգան հատուկ նշանակության ուժերը, ապա նաև ցամաքային զորքերի մյուս ստորաբաժանումները:

ՌՈՄԱՆ ՋԵՐԵԼԵՅԿՈ
www.topwar.ru
Ռուսերենից թարգմանեց
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ռազմական


27/06/2012