Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



Աֆղանստանում հայերը հաստատվել են դեռևս Արշակունյաց ժամանակներից։ Պարսիկների կողմից բազմաթիվ հայեր են տարվել և բնակեցվել Խուժաստանում, Խորասանում և այլուր։ Հայ գաղթականների մի ստվար զանգված այստեղից շարժվել և մշտական բնակություն է հաստատել ներկայիս Աֆղանստանի տարածքում։

♦♦♦

Սիմեոն Երևանցու «Հիշատակարանից» տեղեկանում ենք, որ Ղանդահարի հայերին գերեվարել է Լենկթեմուրը։

♦♦♦

1670 թվականին Քաբուլում և Ղանդահարում հիշատակվում են հայկական գաղթօջախներ, բնակչությունը զբաղվում էր առևտրով և արհեստներով։

Նադիր շահը Սպահանից 200 տուն հայ արհեստավորներ քշեց Քաբուլ։

♦♦♦

Մոր կողմից հայ է եղել Աֆղանստանում գահակալած Շուջա Արմանին (19-րդ դար)։

♦♦♦

XIX դարում համաշխարհային մամուլում տարածվեց մի տեղեկություն. «Աֆղանական խռովություններից ամենահզորներից մեկը եղել է Ղզլայ ռազմատենչ ցեղի ապստամբությունը, որը նպատակ է ունեցել տապալել էմիր Աբդուլ Ռահմանի խանին և նրան փոխարինելու Էյուբ խանով»։ Եվրոպական թերթերի թղթակիցները, որոնք անձամբ են եղել Ղզլայների մեջ, միաբերան պնդում են, որ Ղզլայներն ունեն բուն հայկական ծագում և որպես հավաստի ապացույց` բերում են ազգագրական կենցաղային բազմաթիվ սովորույթներ, որոնք իրենց վրա ակնհայտորեն կրում են հայկական դրոշմը (հիվանդների և խմորի վրա խաչակնքելու սովորությունը, ուխտատեղիներում կամ տանը խաչով նշաններ դնելը)։ Լրագրողների պնդմամբ, հենց իրենք՝ ղզլայները, ընդունում են, որ իրենց նախնիները հայեր են եղել։

Կա նաև մի ավանդույթ, որ իբր Լենկթեմուրի տարած հայ գաղթականներն ապրում էին Աֆղանստանի լեռնադաշտային շրջաններում, զբաղվում խաշնարածությամբ, սնվում մսեղենով և կաթնեղենով։ Մի տարի, երբ նրանց հոգևոր հովիվը մեծ պասին արգելում է հիշյալ սննդատեսակներն ուտել, ժողովուրդը խռովություն է բարձրացնում և մահմեդականություն ընդունում։ Նրանք կազմում են մի առանձին ցեղ և կոչվում ղզլայներ։

Իրականի և անիրականի սահմանները թող այս դեպքում որոշեն գիտնականները։

♦♦♦

1876թ. հատուկ հրամանով հայերը և հրեաները, որոնք մինչ այդ ազատ էին ամեն տեսակի հարկերից և ծառայություններից, ենթակա դարձան զինակոչման և հարկ դրվեց նրանց վրա։

♦♦♦

1897թ. Աբդուլ Ռահմանի հատուկ հրամանով երկրից արտաքսեցին բոլոր հայերին (հետո կպարզվի, որ Էմիրը կատարել է Թուրքիայի բռնապետ սուլթան Համիդի ցանկությունը)։ Արտաքսված հայերը բնակություն հաստատեցին Հնդկաստանում։

♦♦♦

«Քապուլի մեջ գտնվող հայերը,- գրում է Րաֆֆին («Մշակ», 1880թ.),- աֆղանական կառավարության բարձր պաշտոնների գլուխ անցան, շատերը զինվորական բանակների հրամանատարներ եղած են»։

♦♦♦

2010թ. Կունդուզ նահանգում ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով կառուցվել է մատուռ:

Պատրաստեց Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Պատմության էջերից


27/06/2012