Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱՂՏՆԱԼԵԶՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ



Գաղտնալեզուն կամ Եզոպոսի լեզուն հաղորդակցության միջոց է, որի դեպքում սովորական խոսքը միևնույն ժամանակ նաև ծածկագիր է: Որպես կանոն, գաղտնալեզուն կիրառվում է գրաքննության (ցենզուրայի) առկայության դեպքում. այն, ինչն արգելվում է ասել բացահայտ, ասվում է այլաբանորեն, առակների միջոցով, ակնարկներով և գեղարվեստական այլ հնարքներով, այդ թվում՝ տեքստի գեղարվեստական ձևավորման միջոցով:

Հենց միայն այն փաստը, որ տերմինն անվանում են մ.թ.ա. 6-րդ դարում ապրած առակագրի՝ Եզոպոսի անունով, վկայում է, որ գաղտնալեզվի կիրառումը շատ հին պատմություն ունի: Գաղտնալեզուն լայնորեն կիրառվել է գրականության, գրաքննության և հրապարակախոսության ասպարեզներում: Օրինակ՝ իսպանացի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Մարիանո Խոսե դե Լարրան (1809-1837), լինելով 1789թ. Ֆրանսիական մեծ հեղափոխության ջատագովը, սակայն ապրելով Ֆերդինանդ 7-րդ թագավորի ռեակցիոն կառավարման օրոք, ստիպված էր ստեղծագործել խիստ գրաքննության պայմաններում: Ըստ այդմ, նա երբեք իր միտքը բացահայտ չի արտահայտում, այլ հանգեցնում է դրան ակնարկներով, Եզոպոսի լեզվով՝ օգտագործելով նաև երգիծանքը: Ի դեպ՝ հետագայում գաղտնալեզվի կիրառումը հատկապես երգիծանքի ժանրում դարձավ նորմա, այդ ժանրին բնորոշ արտահայտչաձև:

«Եզոպոսի լեզու» տերմինը լայն շրջանառության մեջ է դրել ռուս գրող Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը (1826-1889): Նա շեշտել է, որ գաղտնալեզվի կիրառությունը լավ օրից չէ. 1879թ. լույս տեսած «Կլոր տարին՝ օգոստոսի մեկ» հոդվածում Շչեդրինը գրում է. «Եթե իմ ստեղծագործություններում ինչ-որ անհասկանալի բան կա, ապա դա ոչ թե միտքն է, այլ գրելաձևը: Բայց դրան էլ, որպես արդարացում, կարող եմ ասել հետևյալը. իմ գրելաոճը ճորտի ոճ է: Դրա էությունն այն է, որ գրողը, փետուրը ձեռքը վերցնելով, մտահոգված է ոչ այնքան բուն ասելիքով, որքան ասելիքն ընթերցողին հասցնելու ձևերը ծանրութեթև անելով: Դեռ հին աշխարհում Եզոպոսն էր մտածում այդ մասին, և շատ ուրիշներ գնացել են նրա հետքերով»:

Խորհրդային ժամանակաշրջանում գաղտնալեզվով ստեղծագործողների ընթերցողները գիտեին, որ «մեծ աշխատանքը» նշանակում է հեղափոխություն, «ռեալիստը» Կ.Մարքսն է, «քրեստոմատիաներից անհետացածները»՝ Վ.Բելինսկին կամ Ն.Չերնիշևսկին:

Գաղտնալեզուն լայնորեն կիրառվել է հակախորհրդային «Посев» հասարակական-քաղաքական ամսագրում, որը լույս է տեսել 1945թ. նոյեմբերի 11-ից (սկզբում եղել է շաբաթաթերթ, հետո՝ երկշաբաթաթերթ, 1968թ.-ից՝ ամսագիր): Առաջին համարը լույս է տեսել Արևմտյան Գերմանիայում՝ Մենխեհոֆ բնակավայրի մոտ՝ Կասսել քաղաքի մերձակայքում: Ամսագիրը քննադատում էր հեռավոր Դոմինիկյան Հանրապետության ղեկավար գեներալիսիմուս Տրուխիլյոյին՝ նկատի ունենալով գեներալիսիմուս Ստալինին: Նույն այդ համարում տպագրված էր ֆելիետոն Եզոպոսի և Եզոպոսի լեզվի մասին: Հետագայում, երբ քաղաքական մթնոլորտը փոխվեց, «Посев» ամսագիրն սկսեց բացահայտորեն քննադատել խորհրդային կառավարությանը:

Խորհրդային ժամանակաշրջանի գրականության մեջ գաղտնալեզվի կիրառումը մանրամասնորեն ուսումնասիրված է Նատալյա Իվանովայի «Ностальящее» էսսեի մեջ: Հեղինակը նշում է, որ գաղտնալեզվով գրելը գրաքննության պահանջներին հարմարվելու ձև էր, «որպեսզի և՛ գրաքննիչը «կպչելու» տեղ չունենա, և՛ միտքը միտք մնա»: Եզոպոսի լեզուն, փաստորեն, նշանակում էր համաձայնություն ընթերցողի հետ՝ գիտակցաբար ընտրված կոդավորված լեզու կիրառելու շուրջ: Ինչպես խորհրդային բանաստեղծ Օ.Չուխոնցևն է գրում, «Как в сундуке двойное дно,/Так в слове скрыта подоплека»:

Ինչպե՞ս հասկանալ այս լեզուն: Ն.Իվանովան նշում է դրա երեք փուլերը.

1. Մեծ ուշադրությամբ խորամուխ լինել հեղինակային տեքստի մեջ:

2. Դանդաղ ընթերցել:

3. Ընթերցածը համադրել սոցիալական իրականության, կյանքի և պատմության, քաղաքական ենթատեքստի հետ:

Ինչպես Ե.Էտկինդն է գրել «Դիմադրության արվեստը» հոդվածում (1976թ.), «Ամբողջատիրական ռեժիմի օրոք գրելու և կարդալու օրենքներն այլ են, քան մամուլի ազատության պայմաններում»: Նկատենք, որ ոչ միայն գրելու և կարդալու, այլև արտահայտվելու, քանզի գաղտնալեզուն կիրառվում էր նաև թատրոնի բեմից և կինեմատոգրաֆում: Մասնավորապես, Տագանկայի թատրոնի հաջողությունը, ըստ Իվանովայի, պայմանավորված էր հենց Եզոպոսի լեզվով ճշմարտությունը ասելու հանգամանքով: Այդ թատրոնում բեմադրված «Բորիս Գոդունովում» պարզապես աղաղակվում էր ժողովրդի իրավազուրկ լինելը, ինչը և «պայթյունավտանգ» էր դարձնում ներկայացումը՝ իրականության հետ զուգահեռներ անցկացնելու հնարավորության պատճառով: Պատահական չէ, որ այդ ներկայացումը արգելվեց:

Փաստորեն, ԽՍՀՄ-ում գրաքննության էր ենթարկվում նույնիսկ Եզոպոսի լեզվով ասվածը, և երբեմն հարկ էր լինում գործածել կրկնակի, եռակի քողարկված Եզոպոսի լեզու՝ արտահայտելու համար արգելված միտքը: Այսպես, բանաստեղծ Ա.Կուշները 1984թ. լույս տեսած «Տավրիկական այգի» գրքի առաջին գլուխը անվանել էր «Տերևի լեզվով»: Այդ շարքի բանաստեղծություններում տերևների գիշերային շրշյունի, քնած թիթեռնիկի, սեղանի լամպի խորհրդանիշների միջոցով հեղինակը խոսում էր ազատության և անազատության մասին, ակնարկում նաև «մեզ բողոքելուց հետ վարժեցրած կապարե դարի» մասին: Պատահական չէ, որ խորհրդային գրաքննադատները կոշտ քննադատության ենթարկեցին Կուշներին: Ն.Իվանովան իր հոդվածում նշում է, որ այն տարիներին ինքը փորձել էր «Знамя» հանդեսում մեջբերել բանաստեղծի հետևյալ տողը՝ «Россия, опытное поле, мерцает в смутном ореоле огней, бегущих в стороне», որում, փաստորեն, ակնարկվում է, որ Ռուսաստանում սոցիալական էքսպերիմենտ է իրականացվում: Սակայն գրաքննությունը հանել էր մեջբերումը:

Վերն արդեն հիշատակված բանաստեղծ Օ.Չուխոնցևը, խոսելով եղանակի փոփոխության մասին, ակնարկում է ժամանակների փոփոխությունը.

«Я понял: погода ломалась,

накатывался перелом

когда топором вырубалось

все то, что писалось пером»…

(1964)

Չուխոնցևի գրքերից մեկը, որի վերնագիրն է «Երեք տետրերից», ձևավորված էր ինքնահրատի՝ «սամիզդատի» ոճով. շապիկը սպիտակ էր, իսկ տառատեսակը՝ գրամեքենայի տառերի նման: Դրանով ասես ակնարկ էր արվում ընթերցողին, որ գրքում արտահայտվում են պաշտոնապես արգելված մտքեր: Սա օրինակ է, թե ինչպես գեղարվեստական ձևավորումը կատարում է գաղտնալեզվի դեր:

Խորհրդային ժամանակաշրջանում հակաստալինական հեղինակները իրենց գաղափարներն արտահայտում էին պատմական ակնարկների միջոցով՝ որպես թեմա ընտրելով Իվան Ահեղի տիրակալության ժամանակաշրջանը, ֆաշիզմը, մաոիզմը, ֆրանկոյական Իսպանիան, Արևմուտքի բյուրոկրատիան:

Գրող Յուրի Տրիֆոնովը որպես հակաիշխանական հայացքներն արտահայտելու առիթ օգտագործում է Կուլիկովոյի ճակատամարտի 600-ամյակը և 1980թ. սեպտեմբերի 3-ին «Литературная газета»-ում տպագրում ակնարկ՝ «Փառաբանում ենք վեց դար անց» վերտառությամբ: Հոդվածում Տրիֆոնովը, պատմելով ճակատամարտի, մոնղոլների արշավանքի մասին, ակնարկում է ԽՍՀՄ-ում կատարված զանգվածային բռնադատումները: (Սա Ն.Իվանովայի տեսակետն է):

Բնականաբար, Արևմուտքում շատերը չէին հասկանում խորհրդային հեղինակների ստեղծագործությունները, քանի որ ծանոթ չէին ենթատեքստին, իսկ դրան ծանոթ լինելու համար պետք էր ապրել ԽՍՀՄ-ում: Իսկ խորհրդային ընթերցողները, իրենց հերթին, հոգնում էին գաղտնալեզվով ստեղծագործություններ կարդալուց: Գրող Ա.Բելինկովի այրին՝ Ն.Բելինկովան, մեջբերում է ընթերցողներից մեկի նամակը. «…Մենք հոգնել ենք եզոպոսյան գրականությունից, հեղինակային տեքստը վերծանելու անհրաժեշտությունից, ասես դա լինի մայաների այբուբենը, որի խուսափողական արտահայտությունների, ակնարկների և փոխաբերությունների ջունգլիների միջով ստիպված ես հասնել ստեղծագործության մեջ թաքցված մտքին»:

Ակնհայտ է, որ հետախուզության և հակահետախուզության ոլորտներում գաղտնալեզվի կիրառումը պահանջված է. չէ՞ որ հետախույզը հակառակորդի հակահետախուզության մշտական «գրաքննության»՝ ցենզուրայի ներքո է գործում, և միևնույն ժամանակ կարիք ունի կենտրոնի կամ իր գործակալների հետ տեղեկույթ փոխանակելու: Իր հերթին, հակահետախուզությունը պարտավոր է «կասկածյալի» հաղորդած կամ ստացած յուրաքանչյուր տեղեկույթի մեջ քողարկված իմաստը գտնել: Եւ ուրեմն, հետախուզությունն ու հակահետախուզությունը լուծում են հակադարձ խնդիրներ. առաջինը՝ թե ինչպե՞ս գաղտնալեզվով ծածկագրել տեղեկույթը, իսկ երկրորդը՝ ինչպե՞ս վերծանել գաղտնալեզուն: Վերջինը այնքան էլ հեշտ չէ. գաղտնալեզուն հասկանում են միայն նրանք, ովքեր ծանոթ են ենթատեքստին, այլ կերպ ասած՝ միայն նրանք, որոնց հասցեագրված է հաղորդագրությունը, և դա էլ հենց գաղտնալեզվի առավելությունն է:

Սակայն հատուկ ծառայություններին օգնության են գալիս բարձր տեխնոլոգիաները. համակարգչային ծրագրերը, և ոչ թե մարդիկ Համացանցում և սոցիալական ցանցերում որոնում են «բանալի բառեր», որոնց միջոցով կարող են բացահայտել հանցագործների գաղտնալեզուն: Վերջերս բրիտանական «Daily Mail» թերթը հրապարակեց այն բառերի ցանկը, որոնք ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունն օգտագործում է սոցիալական ցանցերն ու ինտերնետային կայքերը վերահսկելիս:

Պարզվեց, որ ցանկը չափազանց երկար է և բավականին զավեշտալի: ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար բավական է «Ֆեյսբուքում» հիշատակել Մեքսիկան կամ Չինաստանը, իսկ Մերձավոր Արևելքի, Իրաքի, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Եմենի կամ Սոմալիի մասին գրողներով կհետաքրքրվեն անկասկած: Նույնը վերաբերում է Հյուսիսային Կորեային կամ Կոլումբիային:

«Բանալի բառերը» դասակարգված են ըստ կատեգորիաների՝ «ներքին անվտանգությունից» մինչև «թռչնագրիպը»: Պատվավոր տեղում է «ահաբեկությունը»: Ուշադրություն չգրավելու համար սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է խուսափեն «կեղտոտ ռումբ», «պատանդ», «ջիհադ», «ալ-Քաիդա» բառերից: Խորհուրդ չի տրվում գործածել նաև գաղտնալեզվի բառապաշար՝ «ամպ», «ձյուն», «խոզի միս», «քիմիական», «կամուրջ» և «վիրուս»: Չէ՞ որ անվտանգության աշխատակիցները միամիտ չեն և հազիվ թե ակնկալում են, որ ահաբեկիչներն իրենց ծրագրերի մասին բացահայտ են գրելու: Դրա փոխարեն նրանց ուշադրությունը կգրավի, օրինակ, այսպիսի նախադասությունը. «Օգոստոսի 1-ին (եթե ձյուն չեկավ), խոզի մսի խորոված եմ անելու», կամ՝ «Վիրուսը կամրջով անցել է հարևան պետություն և խափանել քիմիական գործարանի աշխատանքը», կամ էլ, վերջապես, «Ամպել ա, ձյուն ա գալիս»:

Ցանկում ներառված են նաև աստվածաշնչյան որոշ կերպարների անուններ, օրինակ՝ Կայեն և Աբել: Պարզ է՝ Կայենը սպանել է Աբելին, և սա հնարավորություն է տալիս գաղտնալեզվով նկարագրել սպանության պատմությունը: Օրինակ՝ «Այդ անգամ Կայենը չգտավ Աբելին», կամ՝ «Աբելն սպասում էր Կայենին»: Ինչպես իրավացիորեն նկատում է ՌԴ Գլոբալիզացիայի և սոցիալական շարժումների ինստիտուտի տնօրեն Բորիս Կագարլիցկին, ցանկության դեպքում ցանկի մեջ կարելի է ներառել համաշխարհային գրականության հերոսների ուղիղ կեսին: Թեկուզ հենց Շեքսպիրի ստեղծագործությունները, որոնցում համատարած սպանություններ են: «Միայն Համլետը, օրինակ, ինչ ասես արժե: Ռոզենկրանցի և Գիլդենստեռնի հետ սադրանք հրահրեց, մորթեց թագավորական վարչակազմի՝ առաջադրանք կատարող աշխատակից Պոլոնիոսին, իսկ վերջում իսկական սպանդ իրականացրեց սպորտային մրցույթի ժամանակ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սոսկալի ծրագրեր կարելի է թաքցնել դասական ստեղծագործության քննարկման ներքո»,- հեգնում է Բ.Կագարլիցկին:

Սակայն հարցն այն է, որ նա ամենևին էլ չի չափազանցում:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


20/06/2012