Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐԱՄԱՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ



Սիրիայի ընդիմությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել երկիր ուղարկել խաղաղապահ զինված ստորաբաժանումներ և միաժամանակ տարակուսանք է հայտնել գեներալ Ռոբերտ Մուդի ղեկավարած ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության դադարեցման համար, «ինչն օգուտ է միայն Ասադի վարչակարգին, իսկ շարքային սիրիացիներին զրկում է ամեն տեսակ աջակցությունից»: Ընդիմադիր Սիրիական ազգային խորհուրդն «անարդար ու անընդունելի» է համարել միջազգային հանրության կողմից «խաղաղ քաղաքացիներին պաշտպանելը դադարեցնելը»:

Սաստկացած մարտերի նթացքում շաբաթ օրը երկրում սպանվեց շուրջ 70 մարդ, իսկ գեներալ Մուդը հայտարարեց դիտորդական առաքելության դադարեցման մասին, այդ որոշումը փաստարկելով Անանի խաղաղ կարգավորման ծրագրի լրիվ տապալումով, իսկ դիտորդների հետագա ներկայությունը Սիրիայում արդեն վտանգավոր է դարձել նրանց կյանքի համար:
Ըստ տարբեր տվյալների, բախումների ընթացքում միայն երեկ Սիրիայում զոհվել է 11 մարդ, կառավարական զորքերը շարունակում են Հոմս քաղաքի առանձին թաղամասերի հրետակոծումը, իսկ Հալեպում, ի նշան ապստամբների հետ համերաշխության, գործադուլ է սկսվել:

Ռուսական կողմը ժխտել է ամերիկյան «CNN» հեռուստաընկերության տարածած այն տեղեկատվությունը, թե Սիրիայի ափերին է մոտենում ռուսական «Николай Фильченко» ռազմանավը և հայտարարել, որ այն, ինչպես և Սևծովյան նավատորմի մշտական պատրաստության վիճակում գտնվող մյուս ռազմանավերը, 12-ժամյա պատրաստության ռեժիմում գտնվում է Սևաստոպոլում, իսկ անձնակազմը զբաղվում է առօրյա կենսագործունեությամբ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


18/06/2012