Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

* Ադրբեջանը վախենում է Ռուսաստանի զայրույթից:
* Տրոֆիմչուկ. «Ադրբեջանին սպառնում է թունիսյան ախտանիշը»:
* Ո՞վ է «արմատախիլ անում» ադրբեջանցիների հայրենասիրությունը:

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանցի քաղաքագետ, պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովի կարծիքով, 2011թ. իր երկիրը բախվելու է մի շարք մարտահրավերների` հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր դրական տեղաշարժը (փաստորեն, ադրբեջանցիները թուրքերին, այնուամենայնիվ, չեն վստահում), Հյուսիսային Կովկասում իրավիճակի ապակայունացումը, որը կարող է ազդել նաեւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա, ամերիկա-իրանական հնարավոր պատերազմը եւ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի վրա ազդելու Իրանի փորձերը («1news.az», 29.01.2011):
Բայց գլխավոր մարտահրավեր քաղաքագետը համարում է պատերազմի սպառնալիքը: Ընդ որում, Ադրբեջանը վախենում է Արցախի եւ Հայաստանի դեմ պատերազմ սկսելով Ռուսաստանին զայրացնելուց, քանզի քաջ գիտակցում է, որ դա Ռուսաստանին բոլորովին ձեռնտու չէ: Պատճառներից մեկն էլ այն է, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը մտադիր է դարձյալ դիմել համաշխարհային ահաբեկչական կազմակերպությունների օգնությանը եւ տարածաշրջան «հրավիրել» մահապարտ կրոնախեւների, հանցագործների եւ այլ թափթփուկների, որոնք կարող են լրջորեն ապակայունացնել վիճակը նաեւ Հյուսիսային Կովկասում: Այս վտանգն ակնառու դարձավ հատկապես Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին կատարված արյունալի ահաբեկչությունից հետո: Եւ պատահական չէ, որ ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հենց այս փաստարկն է բերում` հիմնավորելու Արցախի դեմ ռազմական գործողությունների «միակ հնարավոր մոդելը», այն է` «տեղային եւ արագ պատերազմը» («novosti.az», 26.01.2011):
Իհարկե, Արցախի դեմ պատերազմը չի կարող սահմանափակվել ԼՂՀ սահմաններով եւ կարճ տեւել: «Ռազմական գործողություններ կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով»,- համոզված է ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ` Էլհան Շահինօղլուն («novosti.az», 27.01.2011): Ասենք, որ Ահմեդօղլուն ինքն էլ չի հավատում իր ասածին, քանի որ «մի պարբերություն հետո» հայտարարում է. «Ադրբեջանի կողմից է Թուրքիան, որի ցամաքային բանակն ավելի ուժեղ է, քան ռուսականը»:
Հարց է ծագում. եթե ռազմական գործողությունների միակ հնարավոր մոդելը տեղային եւ արագ պատերազմն է, ապա ի՞նչ իմաստ ունի համեմատել Ռուսաստանի եւ Թուրքիայի բանակները: Ուրեմն պատերազմի դեպքում ակնկալվում է դրանց բախումը, չէ՞: Եւ ուրեմն Ադրբեջանը դառնալու է տարածաշրջանային, եթե ոչ համաշխարհային պատերազմի մեղավոր: Դրա համար նրան ոչ ոք չի ների, այդ թվում` Թուրքիան:
Դատելով Ահմեդօղլուի ասածներից` այս պահին Թուրքիան նույնպես չի ցանկանում, որ Արցախում պատերազմ սկսվի, եւ դեմ է Իլհամ Ալիեւի ռազմատենչ հռետորությանը: Չի բացառվում նաեւ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հետաձգեց իր ծրագրված այցը Բաքու, որպեսզի ադրբեջանական քարոզչությունը դա չշահարկի եւ չներկայացնի որպես Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշմանը Թուրքիայի աջակցության վկայություն: «Թուրքիայի վարչապետի այցի հետաձգումը ղարաբաղյան գործընթացը զգուշորեն առաջ մղելու քաղաքականության մի մասն է, որը վարում է Թուրքիան` Ռուսաստանի գիտությամբ»,- ասել է Ահմեդօղլուն: Ակնհայտորեն` նա փորձում է քողարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղած տարաձայնությունները` կապված Ալիեւի հիստերիկ հայտարարությունների նպատակահարմարության հետ:
«Տարօրինակն այն է, որ եթե թուրքերը Կովկասում պատերազմ չեն ուզում, ապա նրանք պետք է աջակցեն Ադրբեջանի ռազմական հռետորությանը, որովհետեւ, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, միայն այդ ճանապարհով կարելի է հայերին համոզել, որ հեռանան Ղարաբաղից»,- ասել է Ահմեդօղլուն` մատնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնության գոյությունը:
Հետաքրքիր է սակայն, թե այդ ի՞նչ իրադարձություններ են ադրբեջանցիներին համոզել, որ ռազմական հռետորությամբ կարելի է հայերին համոզել հեռանալ Ղարաբաղից: Ակնհայտորեն` Ադրբեջանի ղեկավարությանը թվում է, թե հայ հասարակությունը պատրաստ է ավելի մեծ գին վճարել խաղաղության համար, քան ադրբեջանականը: Ինչպիսի՜ մոլորություն:

ԱՆԱՐԴԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

«Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մշտական ռազմատենչ հայտարարությունները սպառնում են ապակայունացնել իրավիճակը բուն Ադրբեջանում»,- կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Նա բերում է այն հովվի օրինակը, որն անընդհատ ահազանգում է գայլերի մոտենալու մասին, եւ երբ գայլերն իսկապես էլ հարձակվում են, նրան արդեն ոչ ոք չի հավատում: Վկայակոչելով ամերիկացի առաջատար փորձագետների կարծիքը` Տրոֆիմչուկն ասել է, որ իրադարձությունների նմանօրինակ զարգացման դեպքում Բաքվին սպառնում է «թունիսյան ախտանիշը», այսինքն` ժողովրդի խռովությունն իշխանության դեմ («regnum.ru», 25.01.2011):
Մանավանդ այն դեպքում, երբ ադրբեջանական հասարակության մեջ հետզհետե ավելանում է ագրեսիվությունը, ինչի դրսեւորումը, ըստ ադրբեջանցի փիլիսոփա Աղալար Մեմմեդովի, ինքնասպանությունների ու ներընտանեկան սպանությունների թվի աճն է: Այս տարվա առաջին 18 օրերի ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է ինքնասպանության 7 եւ ներընտանեկան սպանության 10 դեպք: Վերջիններս շատացել են: «Ենի մուսավաթը» գրում է, որ ըստ մասնագետների` առաջիկա տարիներին նման դեպքերն Ադրբեջանում կհասնեն աղետալի քանակի:
Հոգեբան Դանայաթ Ռզաեւի կարծիքով, ինքնասպանությունների ու ներընտանեկան սպանությունների պատճառներից մեկն էլ Ադրբեջանում ստեղծված անարդար հասարակությունն է. «Անարդար հասարակության մեջ մարդիկ կորցնելու բան չունեն: Ադրբեջանում արմատացել է կոռուպցիոն համակարգը, անարդարացի որոշումներ են ընդունվում, մարդկանց կարծիքը հաշվի չի առնվում, եւ նրանք սեփական «Ես»-ն ու ինքնասիրությունը պաշտպանելու համար ինքնասպան են լինում»,- ասում է նա: Միով բանիվ, ինքնասպանություններն ու ներընտանեկան սպանությունները քաղաքական իշխանության ստեղծած մթնոլորտի հետեւանք են, կարծում են ադրբեջանցի փորձագետները («panorama.am», 26.01.2011):
Դե, իսկ ադրբեջանցի լրագրող Քյամալ Ալին, որն իր ավտոմեքենան հանրապետական պետավտոտեսչությունում գրանցելու եւ այն որպես սեփականություն ձեւակերպելու համար, 15 մանաթ (18 դոլար) պետական տուրքից բացի, ստիպված մի 100 դոլար էլ կաշառք է տվել, բարկացած գրում է, որ ոստիկանները «յուրաքանչյուր աշխատասենյակում 10 մանաթ կլպում են», եւ որ երկիր ներմուծված յուրաքանչյուր ավտոմեքենայի համար առնվազն 500 դոլար են շորթում: Լրագրողը հաշվել է, որ հանրապետական պետավտոտեսչությունում վարորդներից շորթված գումարը տարեկան առնվազն հասնում է 70 մլն դոլարի (!): Սրա հիման վրա նա եզրակացնում է, թե այդ ամենի հետեւում կանգնած է մի «սուպերպաշտոնյա», որի «ագահությունը սասանում է բնակչության հավատը երկրի նկատմամբ եւ արմատախիլ անում ադրբեջանցիների հայրենասիրությունը» («novosti.az», 14.01.2011):
«Թող Ղարաբաղի համար կռվեն նրանք, ովքեր մեզնից կաշառք են վերցնում եւ արքայավայել ապրում. այս պնդումն ամենեւին էլ հազվադեպ չէ Ադրբեջանում»,- գրում է Ք.Ալին, որը ադրբեջանական պաշտոնական քարոզչության առաջամարտիկներից է եւ հայտնի է իր հայատյաց հրապարակումներով: Եթե նա է քննադատում իշխանությանը, ապա ի՞նչ ասենք շարքային ադրբեջանցու մասին, որը բնակարան գնելու համար պետք է 26 տարի կուտակի ամբողջ աշխատավարձը («Էխո», 15.01.2011), որը գիտի՝ որ օլիգարխները ներմուծված ապրանքը տասնապատիկ թանկ են վաճառում («Բիզիմ յոլ», 22.01.2011), որ առաջիկա երեք ամիսներին դարձյալ թանկացումներ են սպասվում («Ենի մուսավաթ», 15.01.2011), որ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 9.5 մլրդ դոլար եւ ըստ փորձագետների` ապագայում կարող է լուրջ խնդրի վերածվել («Էքսպրես», 19.01.2011), եւ որ «անցյալ տարի իշխանությունների սոցիալական քաղաքականության հետեւանքով հարուստներն ավելի են հարստացել, իսկ աղքատները՝ ավելի աղքատացել» («Նովոյե վրեմյա», 18.01.2011):
Ահա թե ինչն է Ադրբեջանի համար գլխավոր մարտահրավերը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ