Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԽՄԲԵԼ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ



Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երաշխավոր» հայրենասեր այրիների» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 19-րդ տարեդարձին։ Միջոցառման նպատակն էր զինծառայողների ընտանիքների հետ համատեղ նշել ազգային տոնը, կանանց ու այրիներին փոքր-ինչ շեղել առօրյա հոգսերից։ Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում՝ ընդլայնելով իր շրջանակները։
Իր ելույթում հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Հովակիմյանը, շնորհավորելով ներկաներին Բանակի տոնի կապակցությամբ, նշեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակն է համախմբել միեւնույն ճակատագրի տեր մարդկանց, նպաստել նրանց շահերի պաշտպանությանը, արտոնությունների եւ իրավունքների իրազեկմանը, օգնել պահպանելու ապրելու եւ ստեղծագործելու ունակությունը։ Նա նաեւ ներկայացրեց կազմակերպության կատարած աշխատանքները զինված ուժերում, նաեւ ԼՂՀ ՊԲ-ում։
Ներկաներն ունկնդրեցին օպերայի եւ բալետի թատրոնի, «Տաղարան» եւ «Զորական» համույթների մեներգիչների ելույթները։ Միջոցառման ընթացքում նրանք վերապրեցին կարեւորված, գնահատված ու պաշտպանված լինելու՝ այդքան անհրաժեշտ զգացումները։
Հուշ-ցերեկույթի անցկացմանն աջակցել են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հավելենք, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդման ոլորտում հասարակական կազմակերպությունն իր ուրույն տեղն ունի։ Նրա անդամները պարբերաբար այցելում են զորամասեր, կազմակերպում համերգաշարեր սիրված երգիչների մասնակցությամբ, համագործակցում են Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետ՝ նպաստելով կուրսանտների հոգեւոր զարգացմանը։

Ա. ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


08/02/2011