Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՎՈՒՄ Է



Բրիտանական BAE Systems ընկերությունը կփակի Մեծ Բրիտանիայում գտնվող մարտական զրահամեքենաներ արտադրող վերջին գործարանը: 1847թ. աշխատող ձեռնարկությունը, երկրի պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն, մինչև 2013թ. ավարտը զինված ուժերին կփոխանցի 60 միավոր Terrier զրահամեքենա և կդադարեցնի իր գործունեությունը: Աշխատանքից կզրկվի շուրջ 330 մարդ: Դրանից հետո Եվրոպայում կմնա BAE Systems ընկերությանը պատկանող զրահամեքենաների արտադրության միայն մեկ գործարան Շվեդիայում:

Ավելի վաղ բրիտանական պաշտպանական գերատեսչությունը հրապարակել էր տասնամյա ծրագիր, որի համաձայն` երկրի զինված ուժերի զրահամեքենաների արդիականացման նպատակով կծախսվի 5,5 միլիարդ ֆունտ ստերլինգ, և խոսք անգամ չկա նոր տեխնիկա գնելու մասին: Մասնագետների կարծիքով, արտադրությունը հնարավոր էր պահպանել, եթե գործարանը ստանար զրահամեքենաների նորոգման պատվերներ: Սակայն Warrior և Scout SV զրահամեքենաների արդիականացման նպատակով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում հաղթող ճանաչվեցին ամերիկյան Lockheed Martin և General Dinamics ընկերությունների բրիտանական մասնաճյուղերը, և BAE Systems-ը զրկվեց ավելի քան մեկ միլիարդ ֆունտ ստերլինգից և գործարանը պահպանելու հեռանկարից:

Նյուքասլում գտնվող գործարանը տարբեր ժամանակներում արտադրել է զենք-զինամթերք, ծանր մարտական մեքենաներ և զրահամեքենաներ: Հենց այս գործարանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է տանկերի զանգվածային արտադրությունը: Լավագույն ժամանակներում այնտեղ աշխատել է 44000 մարդ:

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ռազմական


13/06/2012