Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏՈՄԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԶԻՆԱՆՈՑՆԵՐԸ



Ութ պետություններ` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը. Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, սկսել են արդիականացնել իրենց ատոմային զինանոցները` միաժամանակ կրճատելով դրանք: Այդ մասին նշվել է Ստոկհոլմի` խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) մասնագետների հրապարակած զեկույցում: Զեկույցը հիմնված է ինստիտուտի կողմից ամեն տարի հրատարակվող սպառազինության, զինաթափման և միջազգային անվտանգության հարցերին վերաբերող գրքում զետեղված տվյալների հիման վրա: 17 երկրների 39 փորձագետների գնահատմամբ, վերը նշված պետությունները 2011թ. ունեին 20530 մարտագլխիկ, իսկ այս տարի այդ թիվը նվազել է մինչև 19000: Մշտական մարտական հերթապահության կանգնած է եղել 4,4 հազար մարտագլխիկ: Ատոմային զենքի պաշարների նվազումը առաջնահերթ ապահովել են ԱՄՆ-ը և Ռուսաստանը` ռազմավարական և հարձակողական սպառազինության կրճատման և սահմանափակման պայմանագրի շրջանակներում: Այժմ երկու տերությունների զինված ուժերում մարտական հերթապահությունում ներգրավված է համապատասխանաբար 2150 և 1800 մարտագլխիկ: Պայմանագրով նախատեսվում է 2015թ. այդ թիվը հասցնել 1550-ի:

Իհարկե, ատոմային խոշորագույն զինանոցներ ունեցող այդ պետությունները (ԱՄՆ` 8000, Ռուսաստան` 11000) մտադիր չեն ամբողջովին հրաժարվել ատոմային սպառազինությունից: Կրճատման գործընթացին զուգահեռ անցկացվում են ատոմային սպառազինության թարմացման և արդիականացման երկարաժամկետ ծրագրեր: Այսինքն` մարտագլխիկների նվազմանը զուգահեռ ավելանում է դրանց հզորությունը, խոցման հեռավորությունը և այլն: Ընդ որում, նման աշխատանքներ ծավալվում են գրեթե բոլոր «ատոմային» պետություններում:

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ռազմական


13/06/2012