Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ»` ԱԿՈՒՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ



Գարնանային խաղաղ ու պայծառ օր էր բացվել գյուղի վրա։ Դպրոցը մեղվի փեթակի պես ինքն իր մեջ լուռ բզզում էր։ Բաց պատուհաններից լսվում էր ուսուցիչների և դաս պատասխանող աշակերտների ձայնը։ Հեռվից գալիս էր դաշտերում աշխատող տրակտորի թույլ հռնդյունը… Եվ հանկարծ դպրոցի բարձրախոսով լսվում է զինղեկ Մուշեղ Մնացականյանի ձայնը. «Ուշադրություն, ուշադրություն, օդային տագնապ, օդային տագնապ»։ Բոլորս՝ ուսուցիչներ, աշակերտներ, թողնում ենք դաս ու դասագիրք ու դուրս վազում դասարաններից։ «Ի՞նչ է կատարվել, մի՞թե ռմբակոծում են մեզ»,- տագնապած հարցնում ենք միմյանց՝ երեխաներին դպրոցից դուրս՝ բակ ուղեկցելով… «Խնդրում եմ խուճապի չմատնվել, առանց հրմշտոցի բակ դուրս գալ»,- բարձրաձայնով հուշում է կապիտան Մնացականյանը։

Եվ երբ ըստ դասարանների արդեն շարվել ենք դպրոցից հեռու՝ բաց տարածքում, զինղեկ Մնացականյանը կարճ հստակ բառերով մեզ տեղեկացնում է կատարվածի մասին. «Հայաստանի հարավային շրջաններից մեկի «Զանգակներ» տարածքի վրա պայթել է միջուկային զանգվածային խոցող զենք…»։ Բոլորս սարսափահար միմյանց ենք նայում և փորձում ենք մեր ձեռքերով անտեսանելի թշնամուց պաշտպանել մեր երեխաներին… «Պայթյունի հարվածային ալիքը խարխլել է դպրոցի պատերը և ծածկը, բայց մենք կարողացանք ժամանակին թողնել շենքը»,- շարունակում է բացատրություններ տալ զինղեկը։

Մենք այսօր համոզվեցինք, որ ավելորդ չէին քաղպաշտպանության մեր բազմաթիվ գործնական պարապմունքները… Վտանգը դեռևս վերացված չէ, և մենք պետք է գործենք ըստ նախօրոք մշակված պլանի։

Կապիտանի հրահանգով բոլորս կապում ենք բամբակաթանզիֆային դիմակները՝ պաշտպանվելու ռադիոակտիվ վարակից, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, շուտով հասնելու էր մեր տարածքներ։ Այնուհետև ձեռնամուխ եղանք դպրոցի շուրջ հրդեհի մարմանը, որը ղեկավարում էր ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Նիկոլայ Ավագյանը։ Բոլորս մի մարդու պես աշխատում էինք. բուժանձնակազմը ֆիզիկայի ուսուցչուհի և միաժամանակ բուժքույր Ալետա Հայրապետյանի ղեկավարությամբ առաջին բժշկական օգնություն էր ցույց տալիս վախեցած, պայմանական այրվածքներից և կոտրվածքներից տուժած աշակերտներին։ 11-12-րդ դասարանցի պատանիները փրկարար և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները ղեկավարող մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Սիմոնյանի հետ պատգարակներով վիրավորներին հասցնում էին հարակից շենքում տեղակայված բուժկետ։ Աշակերտության մի մասն արդեն ռմբապաստարանում էր. բուժքույրերից մեկը նրանց հոգեբանական օգնություն էր ցույց տալիս։ Ներսում նույնիսկ պահպանվում էին անվտանգության կանոնները՝ արգելվում էր լուցկու, սուր հոտով հեղուկների օգտագործումը և այլն։ Լավ էր, որ այնտեղ բավարար չափով սննդամթերք և ջուր էր պահեստավորված…

Երբ թվում էր, թե ամեն ինչ ընթանում է նախօրոք ծրագրված հունով, հանկարծ դրսում պաշտպանիչ դիմակներով կանգնած ուսուցիչները օդում ռազմական ինքնաթիռ են նկատում… Քիչ անց պայթյունի ձայն է լսվում։ Զինղեկ Մնացականյանը շատ արագ որոշում է ինքնաթիռի, ռումբի տեսակը… Պարզվում է՝ գերձայնային ինքնաթիռից նետվածը 0,5 տոննա կշռող ռումբ է, և պայթյունի հեռավորությունը մեր դպրոցից կազմում է մոտ 300-400 մ։ Եվ դարձյալ հնչում է բարձրախոսի ձայնը. «Ուշադրություն, միջուկային զենքի պայթյուն ձախից»։ Բոլորս միանգամից պառկում ենք գետնին, ոտքերով դեպի պայթյունը։ Բոլորս սպասում ենք կապիտան Մնացականյանի հաջորդ կարգադրությանը։ Ինչքան է տևում այդ սպասումը, դժվար է ասել։ Մենք տեղներիցս բարձրացանք միայն այն ժամանակ, երբ արդեն մահաբեր ալիքն անցել էր։

Թե «թշնամին» ինչ ավերածություններ էր արել, մենք մանրամասն կիմանանք հետո… Պարզվում է, որ միջուկային հարվածն ուղղված է եղել մեր հարևան Իրանին, սակայն սխալ հաշվարկի պատճառով այն ընկել է Հայաստանի տարածք՝ վնաս պատճառելով բնակչությանը, շինություններին… Շուտով հայտնվում են թևկապերով մի խումբ կանայք, որոնք ներկայացնում էին միջազգային Կարմիր խաչի Մարդասիրական իրավունք կազմակերպությունը։ Նրանց հետ շփումն իրականացվում էր թարգմանչի միջոցով։ Ֆոտոլրագրող, դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Ճաղարյանի համաժամանակյա թարգմանության շնորհիվ մենք պատասխանում ենք նրանց հետաքրքրող հարցերին և ստանում մեր հարցերի պատասխանները։ Զինղեկը մանրամասն ներկայացնում է ստեղծված իրավիճակն ու այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել էին մարդկանց կյանքը փրկելու համար։ Դատելով նրանց գոհ ժպիտներից՝ մենք հասկանում ենք, որ ամեն ինչ արել էինք ընդունված նորմերին համապատասխան, և մեր գործողությունները արժանանում են միջազգային մասնագետների բարձր գնահատականին։ Հյուրերից մեկը հատկապես գովում է կապիտան Մնացականյանի ջանքերն ու պրոֆեսիոնալ պատրաստվածությունը։

Շուտով Կոտայքի մարզի քաղաքացիական պաշտպանության շտաբից հայտնում են, որ ռադիոակտիվ վարակման վտանգը փոքր է եղել, և արդեն կարելի է աշակերտներին դուրս բերել ռմբապաստարանից։

Քիմիայի ուսուցչուհի Աննա Ազիզյանը ռենտգենաչափով զննում է դպրոցը և հետազոտում շրջապատի վարակվածությունը։ Պարզվում է, որ իսկապես վարակի վտանգը փոքր է եղել՝ ընդամենը 20 միլիռենտգեն/ժամ։

Եվ դարձյալ բարձրախոսով հնչում է դպրոցի զինղեկ պարոն Մնացականյանի ձայնը. «Օդային տագնապը վերջացավ»։ Բոլորս թեթևացած շունչ ենք քաշում։ Բայց դեռ անելիքներ ունենք. առաջին հերթին կատարում ենք դպրոցի և շրջակա տարածքի մասնակի և լրիվ սանիտարական մշակման աշխատանքները։ Նրանք, ովքեր դրսում փրկարարական աշխատանքներ էին կատարել, հագուստները հանում ու թափ են տալիս քամու ուղղությամբ՝ ճիշտ այնպես, ինչպես սովորել էին պարապմունքների ժամանակ։

Երբ ամեն ինչ խաղաղվեց, դպրոցի տնօրեն Գոհար Գևորգյանը շնորհակալական և գովեստի խոսքեր ասաց կազմակերպչական գծով փոխտնօրեն Աիդա Սարգսյանի, ուսուցիչներ Աստղիկ Մարկոսյանի, Աիդա Մելքոնյանի, Աիդա Օրդյանի, Սուսաննա Ազիզյանի, Աննա Պարսամյանի և այն աշակերտների հասցեին, որոնք իրենց շրջահայացությամբ և աշխատասիրությամբ նվազագույնի էին հասցրել աշակերտներին և դպրոցին սպառնացող վտանգը։ Իհարկե, գովասանքի մեծ բաժինը հասավ զինղեկ կապիտան Մուշեղ Մնացականյանին, որն ահա քառորդ դար նվիրված ծառայում է իր հայրենիքին։ Կարելի է ասել, որ նրա մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ մենք բոլորս փրկվեցինք մեր գլխին կախված «աղետից»։ Եվ մեկ անգամ էլ համոզվեցինք, թե որքան կարևոր է, երբ խաղաղ պայմաններում սովորում ես տիրապետել հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանվելու միջոցներին։

Այո՛, այս անգամ Կոտայքի մարզի Ակունք գյուղի դպրոցում հնչած տագնապն ուսումնական էր, բայց մենք պարտավոր ենք այս դժվարին ժամանակներում պատրաստ լինել ամեն կարգի անակնկալի…

ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
փոխտնօրեն

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Բանակ և հասարակություն


30/05/2012