Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ԳՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՇԵՐԸ



Մայիսի 17-ին Հայաստանի գրողների միությունում կազմակերպվեց գրական ցերեկույթ, որի ընթացքում Շուշիի ազատագրմանը մասնակցած գրողները պատմեցին պատերազմի իրենց հուշերը: Միջոցառմանը ներկա էր նաև գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը բացման խոսքում նշեց. «Շուշիի հերոսամարտը դարձավ մի հզոր հակակշիռ պատմության ընթացքում մեր կրած հալածանքների, տառապանքների ու զրկանքների: Ցանկանում եմ փառաբանել Արցախի քաջ և հզոր ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներին, ինչպես նաև այն գրողներին, որոնք միանալով Արցախյան պատերազմի կամավորներին` գրիչը զենք դարձրած իրենց մասնակցությունն ունեցան հերոսամարտին»:

Ելույթ ունեցավ լրագրող, գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը եւ հիշեց, որ Շուշիի հաղթանակից հետո մոտեցել էր Արկադի Տեր-Թադեւոսյանին` հարցազրույց վերցնելու, բայց նա հրաժարվել էր. «Ասաց` ի՞նչ լավ բան ենք արել, որ ուզում ես մեր մասին գրել, մարդ ենք սպանել: Ասացի` Արկադի Իվանովիչ, Շուշի եք ազատագրել, հայ ժողովրդին հպարտություն եւ արժանապատվություն եք տվել: Նա էլ կրկնեց` մարդ ենք սպանել: Սա Կոմանդոսին բնորոշում է որպես բարձր անձնավորության, որպես քահանայի թոռան: Երբ առաջին անգամ Հայաստանից Արցախ գնաց, Պարգեւ Սրբազանը նրան հարցրեց, թե ո՞րն է գալու նպատակը: Արկադի Տեր-Թադեւոսյանն էլ պատասխանեց` «Սրբազան, եկել եմ ազատագրելու Արցախը, որ հետո էլ գնամ ու ազատագրեմ իմ հայրենի Կարսը»: Ադրբեջանը Արցախյան պատերազմում պարտվել է, բայց Արցախյան պատերազմի 34 Ազգային հերոս ունի, իսկ մենք ընդամենը` 7: Մենք ունենք ողբի քաղաքներ, օրինակ Ադանան, մտածում եմ` մի՞թե 20-ամյակը այն հրաշալի առիթը չէր, որ Շուշին ստանար հերոս քաղաքի, իսկ Արկադի Տեր-Թադեւոսյանը` ՀՀ Ազգային հերոսի կոչում»:

Արձակագիր Հովիկ Վարդումյանը, մասնակից լինելով Շուշիի հերոսամարտին, իր խոսքում փաստեց, որ քաղաքի ազատագրումը զորավար Արկադի Տեր-Թադեւոսյանի և նրա մարտական ընկերների բացառիկ ռազմական տաղանդի արդյունքն է: Հայերի կիրառած ռազմավարական խորամանկության շնորհիվ հակառակորդը հայտնվեց ծուղակում, եւ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հաջողությամբ իրականացվեց ռազմավարական հարձակման նմանակումը, ինչն էլ խուճապի պատճառ դարձավ ադրբեջանական զորքի համար: Ավելի քան 24 ժամ տևած դիմադրությունից հետո Շուշին ազատագրվեց: Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հերոսամարտին մասնակցած Լևոն Խեչոյանի «Հողի դողը» պատմվածքից հատվածներ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Բանակ և հասարակություն


30/05/2012