Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

33 ՏԱՐԻ` ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ ՄԱՏՆՈՂ ԲԺՇԿԻՆ



Պակիստանի արդարադատությունը, իսկ ավելի ճիշտ՝ լեռնային Հայբեր նահանգի դատարանը, ուր բնակվող ցեղերն ունեն վարչական ու դատական որոշ ինքնավարություն, երեկ 33 տարի ազատազրկման է դատապարտել ԱՄՆ հատուկ ծառայություններին Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրը մատնած բժիշկ Շաքիլ Աֆրիդիին, որը, համագործակցելով Կենտրոնական հետախուզական վարչության հետ և Աբբոտաբադ քաղաքում կազմակերպելով պոլիոմելիտի դեմ բնակչության կեղծ պատվաստումներ՝ կարողացել էր տեղեկություններ հավաքել Բեն Լադենի թաքնվելու վայրի մասին: Նրան հաջողվել էր ոչ միայն ճշտել «աշխարհի թիվ մեկ ահաբեկչի» տունը, այլև հեռախոսով կապվել Բեն Լադենի գլխավոր օգնականներից մեկին, և խոսակցությունը ձայնագրած ԿՀՎ-ն վերջնականապես համոզվել էր, որ իսկապես նշված տանն է բնակվում Բեն Լադենը, որին հատուկ գործողության արդյունքում ոչնչացրին 2011 թվականի մայիսի լույս 11-ի գիշերը:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորի Նուգլանդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները շարունակում են պահանջել Աֆրիդիի ազատ արձակումը, պնդելով, որ նրան ձերբակալելու հիմքեր ընդհանրապես չկան և այդ հարցով բազմիցս դիմել ու վերստին կդիմեն պաշտոնական Իսլամաբադին:

Խորագիր՝ Նորություններ


24/05/2012