Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ



1967թ. «Կոմսոմոլեց» թերթում Հայրենական մեծ պատերազմի վետերան, պահեստի սպա Վլադիմիր Ֆեոդորովը ջերմ տողեր էր գրել հայազգի իր խիզախ մարտընկերոջ մասին. «…Ավստրիայում, Ռաբա գետն անցնելու ժամանակ ես մարտկոցի հրամանատար էի։ Գետափի դիտակետն անցնելու ժամանակ Ալբերտ Նալբանդյանի հետ պետք է առաջ շարժվեինք ուժեղ գնդակոծվող տեղամասով։ Վազքի ընթացքում նկատեցի, որ Աբոն անընդհատ փորձում է ամեն կերպ ինձ մարմնով ծածկել գնդակների տարափից։ Երբ առաջադրանքը բարեհաջող արդեն կատարել էինք, հարցրի Աբոյին, թե ինչո՞ւ էր այդպես վարվում։ Քաջ հայորդին պատասխանեց. «Եթե գնդակն ինձ դիպչեր, միևնույն է, մարտկոցը կկրակեր, իսկ եթե ձեզ դիպչեր՝ կլռեր»… Երբ կապը նորից կտրվեց, Աբոն նույն ճանապարհով, գնդացրային կրակատարափի տակ, շտապեց կապը վերականգնել։ Մարտից հետո իմացա, որ Նալբանդյանը դիտակետ վերադառնալիս ծանր վիրավորվել է…

Տարիներ են անցել, բայց շատ կցանկանայի որևէ տեղեկություն ունենալ Ալբերտ Նալբանդյանի մասին»։

Այսօր էլ, տարիների հեռվից, «Կոմսոմոլեց» թերթը հազարերորդ անգամ կարդալիս, նույն հուզմունքն է վերապրում վետերանը։

-Երբ թերթում կարդացի Վլադիմիրի գրածը, ո՜նց էի հուզվել, ուրախացել, ասես 20 տարով էլ ջահելացել էի։ Գտանք իրար։ Ընտանիքով մեկնեցի Լենինգրադ, հյուրընկալվեցի նրանց տանը։ Ու մեր ընդհատված ընկերությունը շարունակվեց…

Հիմա էլ ծերունազարդ վետերանը, հաղթանակից 67 տարի անց, պարզ ու հստակ հիշում է պատերազմական ամեն մի դրվագ, թերթում է խունացած լուսանկարները, թերթում է իր անցյալի թանկ վավերագրերը։

Ուղիղ 70 տարի առաջ՝ 1942թ. փետրվարին, կիսատ թողնելով ուսումը Երևանի կերպարվեստի ուսումնարանում, կիսատ թողնելով իր կտավները, որտեղ միայն լուսավոր ու վառ գույներ էին, որտեղ միայն կյանքի գեղեցկություններն էին պատկերված, կամավոր մեկնեց ռազմաճակատ. արարելու, ստեղծելու համար պետք է խաղաղ լինի հայրենիքդ, որ կարողանաս խաղաղ հոգով աշխատել և ստեղծագործել։

Ալբերտ Նալբանդյանը մասնակցեց Կովկասի պաշտպանությանը, ուկրաինական N3 զորաջոկատի կազմում հասավ մինչև Ավստրիա. «Կռվում էինք ինքնամոռաց։ Միայն մի նպատակ ունեինք՝ հաղթել անարգ թշնամուն, ջախջախել ֆաշիզմը։ Ավստրիայում պարաշյուտով իջա թշնամու թիկունք և այնտեղ էլ ծանր վիրավորվեցի…»։

1945. մարտի 24-ին Ալբերտ Նալբանդյանը շնորհակալագիր ստացավ` Բուդապեշտ քաղաքի մոտ ֆաշիստական տանկային զորքերի ջախջախմանը և մոտ 350 բնակավայրերի ազատագրմանը ակտիվորեն մասնակցելու համար։ Հետո ավելացան պատվոգրերը, մեդալներն ու շքանշանները՝ Հայրենական պատերազմի I աստիճանի, Փառքի III աստիճանի շքանշաններ, Արիության համար, Վիեննայի գրավման համար մեդալներ։ 1997թ. Մոսկվայում ՌԴ նախագահի ստորագրությամբ ստացավ «Մարշալ Ժուկով- 100» մեդալը, 1998թ.՝ Վ. Սարգսյանը հանդիսավոր պայմաններում վետերանին հանձնեց «Մարշալ Բաղրամյան -100» մեդալը։

Պատերազմից հետո Նալբանդյանն ավարտեց Լենինգրադի մանկավարժական ինստիտուտը։ Երկար տարիներ աշխատեց որպես պատմության ուսուցիչ։ Նվիրված աշխատանքը գնահատվեց. 1963թ. նրան շնորհվեց հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում։

Արցախյան պատերազմի ժամանակ Երևանի ուսումնարաններից մեկում ռազմագիտություն էր դասավանդում, Երևանի մանկավարժների ակումբի անդամ էր, սերտ կապեր էին հաստատել Ղարաբաղի մանկավարժների ակումբի անդամների հետ ու միասին այցելում էին տարբեր զորամասեր, զրուցում, քաջալերում էին հայ զինվորներին։

Միշտ ակտիվ, եռանդով և ավյունով լի, գործին նվիրված. առանց վարանելու այսպես կարելի է բնութագրել 89-ամյա վետերանին։

-Այն զորամասը՝ 351-րդ գունդը, որի կազմում մասնակցել եմ մարտերի, այժմ գտնվում է Տուլայի մարզի Եփրեմով քաղաքում։ Ամեն հանդիսավոր միջոցառման ինձ հրավիրում են, ես միշտ էլ սիրով եմ գնացել։

2012թ. ապրիլին վետերանը կնոջ հետ կրկին մեկնեց Տուլա՝ մասնակցելու ռազմաճակատային ընկերների հետ հանդիպմանը։ Նորից հիշեցին անցյալի քաղցր ու դառն օրերը` զրուցեցին, ծիծաղեցին, թախծեցին ու բաժանվեցին միմյանց «ռազմական հույժ կարևոր առաջադրանք» տալով՝ հաջորդ տարի կրկին հանդիպել։

Տուլայից ամեն մեկը վերադարձավ իր հայրենիք` պատվոգիր և պարգև՝ ճապոնական արտադրության ժամացույց ստացած։ Այս ամենն էլ խնամքով տեղ կզբաղեցնի վետերանի պատերազմական օրերի սուրբ մասունքների կողքին՝ իր հուշերի և հիշողությունների թանգարանում։

-Մայիսի 9-ին կգնամ Հաղթանակի զբոսայգի, կհանդիպեմ պատերազմի վետերան ընկերներիս, գլուխ կխոնարհենք մեր զոհված ընկերների հիշատակի առաջ ու անպայման կգնանք մի տեղ՝ Հաղթանակի տոնը նշելու։

Մեդալների ու բաժակների զրնգոցը կխառնվեն իրար՝ «խաղաղության կենացը, որ միշտ խաղաղ լինեն հողն ու մարդու հոգին…»։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Ճակատագրեր


16/05/2012