ՑԱՎԻ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

ՑԱՎԻ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԱշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր քաղաքներում հուշարձաններ, խաչքարեր, հուշատախտակներ կան՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին. Ամստերդամ, Մարսել, Լիոն, Սիդնեյ, Լառնակա, Մայամի, Թեհրան, Ֆիլադելֆիա, Միչիգան, Սան Ֆրանցիսկո, Ավինյոն… Բոլոր այն վայրերում, որտեղ, կարեւոր չէ` մեծ թե փոքր, հայկական համայնք կա, որտեղ հայի սիրտն է բաբախում։

1965թ. Կալիֆորնիայի Մոնթեբելո հայաշատ քաղաքում ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կառուցվեց (ի դեպ, 2015թ.՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այն կստանա պատմական հուշարձանի կարգավիճակ)։

Կինոփառատոներով հռչակված Կաննում 2008թ. զույգ կոթողներից կազմված հուշարձան տեղադրվեց։ Ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Կաննի քաղաքապետ-պատգամավոր Բեռնար Բրոշան, մարդու իրավունքների լիգայի նախագահ Անդրի Ռոսին եւ այլք։ Ժամանակի հետ տարբեր վայրերում մեծ հանդիսավորությամբ բացվել են հուշարձաններ։ Սակայն պետք է նշել, որ միշտ չէ, որ ամեն ինչ հարթ ու սահուն է ընթացել։

ՑԱՎԻ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԳերմանիայի Շտուտգարդ քաղաքում 1987թ. ապրիլի 24-ին կանգնեցվեց Եղեռնի զոհերի խաչքար-հուշարձանը։ Տեղադրումն ուղեկցվեց մեծ աղմուկով` թուրքերի «արժանապատվությունը խոցվել էր». ԳՖՀ-ում Թուրքիայի դեսպանատունը քաղաքային իշխանություններին պաշտոնական բողոք հայտնեց, դատավարություն տեղի ունեցավ, որի ընթացքում, ըստ հայցի, պատասխանատու էին քաղաքապետարանը եւ գործի «հրահրիչը եւ կազմակերպիչը»՝ Գրիգոր Մինասյանը։ Հենց վերջինիս անձնական միջոցներով էլ եւ տեղի հայ համայնքի աջակցությամբ էր պատրաստվել հուշարձանը։ Եվ, փառք Աստծո, հաջողվեց պահպանել հուշարձան ունենալու իրավունքը։

Այս դեպքից 14 տարի առաջ, երբ Մարսելի հայկական եկեղեցու բակում բացվել էր հուշարձան հետեւյալ մակագրությամբ` «Ի հիշատակ 1915թ. թուրք ղեկավարներու ցեղասպանության զոհ 1,5 միլիոն հայերուն, ի փառս ազատության եւ Ֆրանսիայի համար զոհված դիմադրականներուն», Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը խռովել էր ու հեռացել։ Թուրքիան կրկին շատ էր նեղվել եւ կրկին հիստերիայի նոպա ունեցել։

ՑԱՎԻ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ2006թ. անհետացավ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական այբուբենը պատկերող 300 կգ քաշ ունեցող բրոնզե արձանը։ Ըստ «Ֆրանսպրես» գործակալության` Շավել բնակավայրում տեղադրված արձանն անհետացավ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծի ընդունումից երկու օր անց։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Հ.Գ. -Անցյալ դարի 50-ական թվականներին գերմանական կանցլերը ժամանեց Իսրայել և ի նշան հարգանքի ու վշտակցության՝ խոնարհվեց Լացի պատի առաջ։ Հաջորդ օրը առավոտյան իսրայելական բոլոր թերթերում հետևյալ տողերն էին. «Այն պահին, երբ գերմանական կանցլերը ծնկի եկավ Լացի պատի առաջ, այնժամ գերմանական ժողովուրդը բարձրացավ մեր ժողովրդի աչքին»։ Հուսանք, որ թուրք ժողովուրդը, որ շատ հարցերում է ընդօրինակել գերմանացիներին, այս դրական օրինակը ևս կվերցնի։