Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թ. ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ



Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է, հայոց ազգային ճարտարապետական գիտության հայրը։ Որքան էլ տարողունակ՝ այս բնութագրումները, այնուամենայնիվ, բավարար չեն առավել խորությամբ հասկանալու և գնահատելու այն գործի դերն ու նշանակությունը, որն ստանձնեց և անձնվիրաբար կատարեց այս սքանչելի հայը։ Դրա համար նախ և առաջ փորձենք թեկուզ սեղմ գծերով տեսնել այն վիթխարի հարստությունը, որի գիտական ճանաչմանը նվիրաբերեց նա իր ամբողջ կյանքը։

5-րդ դարը հայ դպրության ոսկեդարն էր` օծված սուրբ Մեսրոպի հանճարով։ Դա ազգային ոգու պոռթկման մի ժամանակաշրջան էր, որն իր հզոր փայլատակումներն ունեցավ հոգևոր ասպարեզում՝ մատենագրության մեջ, և ռազմի դաշտում` Ավարայրում։ Արդեն գրավոր լեզու առած հայ միտքը թափանցեց նոր ոլորտներ՝ փիլիսոփայություն, արվեստներ, գիտություն, որի ռահվիրաները դարձան Դավիթ Անհաղթը` մեծ իմաստասեր, Անանիա Շիրակացին` նույնքան մեծ մտածող։ Հայն սկսեց նորովի՝ գիտականորեն զբաղվել տիեզերքով՝ զարկ տալով աստղագիտությանը, մտավ թվերի աշխարհ՝ հասու դառնալով մաթեմատիկական ու երկրաչափական բարդ հաշվարկներին, կազմեց «Աշխարհացույց»` ընդլայնելով իր գիտելիքներն աշխարհագրությունից, խորամուխ եղավ տարեթվերի ու ժամանակային շրջափուլերի մեջ` ստեղծելով իր ազգային տոմարագիտությունը։ Եվ այսպես՝ կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում։

Հոգևոր-մշակութային և գիտական այս համընդհանուր վերելքը պետք է ներառեր նաև մի այնպիսի կենսական ասպարեզ, ինչպիսին ճարտարապետությունն է, և հայոց կառուցողական ոգին դարձյալ նորանոր արարումների դիմեց։ Այստեղ էլ հայ հանճարը փայլատակեց նոր ուժով։ Դեռևս նախաքրիստոնեական շրջանի հայ ճարտարապետության գլուխգործոցներին (ներկայումս՝ Դվինի, Արտաշատի և այլ հնավայրերի) հաջորդեցին նոր հրաշակերտեր` Էջմիածնի մայր տաճարը, Աշտարակի, Եղվարդի բազիլիկները և այլն, ապա եկավ 7-րդ դարը` մեր ազգային ճարտարապետության ոսկեդարը, որը քարեղեն հրաշալիքներ էր տալու աշխարհին` Գայանեի և Հռիփսիմեի տաճարները Էջմիածնում, Թարգմանչաց վանքը Այգեշատում, Մաստարայի Սուրբ Հովհաննեսի, Հառիճի տաճարները, անգերազանցելի Զվարթնոցը, ապա և Անիի անզուգական եկեղեցիները… Ո՞րը թվել։

Ամենաիսկական հրաշք տեղի ունեցավ հայոց հողում՝ անընդհատ կրկնվող հունա-պարսկական պատերազմի պայմաններում ծաղկեց ճարտարարվեստը, և դրանցից հարյուրամյակներ անց, ո՜վ զարմանք, քաղաքակիրթ Եվրոպայում իշխում էր այն տեսակետը, թե հայը… ինքնուրույն, ազգային ճարտարապետություն չունի։

Ո՞րն էր, ուրեմն, Թորոս Թորամանյանի դերը հայ կյանքում, ո՞րն էր նրա ծառայությունը իր ժողովրդին։

Այս հարցերին պատասխանելիս հարկ է մի խոսուն զուգահեռ անցկացնել հայոց երկու մեծերի միջև, որոնցից մեկը Կոմիտասն է, մյուսը հենց ինքը` Թորամանյանը։

Կոմիտասը մեծագույն առաքելությամբ եկավ լույսաշխարհ՝ շրջեց հայոց գավառներում, եղավ ժողովրդի բուն ընդերքում և գտավ հայ երգը՝ այլևս մաքրված օտարահունչ տարրերից, վերադարձնելով այն իր տիրոջը՝ ժողովրդին և ապացուցեց աշխարհին, որ հայն իր երգն ունի՝ ինքնուրույն, խորապես ազգային երգարվեստը։

Թորամանյանը ևս մեծագույն առաքելությամբ եկավ լույսաշխարհ, շրջեց հայոց գավառներում, եղավ այնտեղ, որտեղ հայ ճարտարարվեստի կոթողներ կային՝ ավերակված կամ դեռևս կանգուն։ Անցյալի փոշուց մաքրելով՝, գծագրեց, չափագրեց դրանք՝ վերակազմելով բազմաթիվ շինություններ՝ վերականգնեց դրանց իրական պատկերը և վերադարձրեց իրենց տիրոջը՝ ժողովրդին՝ ապացուցելով աշխարհին, որ հայն իր ճարտարապետությունն ունի՝ ինքնուրույն, խորապես ազգային ճարտարարվեստը։

Կոմիտասն ու Թորամանյանը գրեթե հասակակիցներ էին, երկուսն էլ ապրեցին նույն ժամանակը՝ հայոց ոգու փրկության նույն ճիգ ու ջանքով, և որքա՜ն նման եղան իրենց կատարած գործով. առաջինը գտավ, հայտնագործեց հայ երգի ձայնը՝ հագագը, երկրորդը՝ հայ ճարտարապետության լեզուն։ Նշանավոր արևելագետ, հնագետ ու հայագետ Նիկողայոս Մառը գրեց. «Ես առավել առողջ լույս եմ սպասում ճարտարապետական հուշարձանների լեզվից, երբ մենք սովորենք հասկանալ այն։ Թորամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզվի առաջին ուսուցչին»։

Մառը գնահատականներ շռայլող չէր. նա իր հայ գործընկերոջը խորապես ճանաչեց Անիում և այլ հնավայրերում՝ համատեղ պեղումների ժամանակ և հանձին Թորամանյանի տեսավ արտակարգ աշխատասիրությամբ և հետազոտողի հմտությամբ օժտված մարդու։ Պատահական չէր, որ հենց Մառը, բարձր գնահատելով Թորամանյանի ուսումնասիրությունները Շիրակի 5-7-րդ դարերում կառուցված հուշարձանների վերաբերյալ, դրանք ներկայացրեց Պետերբուրգի կայսերական ակադեմիայի գիտաժողովին (1909), և առաջնակարգ մասնագետներից կազմված հեղինակավոր հանձնախումբը հայ ճարտարապետին հատկացրեց նյութական օժանդակություն` աշխատանքները շարունակելու համար։

Թորամանյանը վիթխարի ջանքեր գործադրեց` Ռուսաստանի և Եվրոպայի գիտական աշխարհին ապացուցելու հայ ճարտարապետական ոճի ինքնուրույնությունը և ազգային ինքնատիպությունը։ Եվրոպացի նշանավոր գիտնականներից մեկը Թորամանյանի ուսումնասիրությունները համեմատեց թնդանոթների հետ, որոնք բառացիորեն ջարդուփշուր էին անում իշխող տեսակետը, թե հայկական ազգային ճարտարապետություն չկա, և որ այն պարզապես այլ ազգերի ճարտարապետական արվեստների սինթեզ է, խառնուրդ։ Հովհաննես Թումանյանն այդ առիթով գրեց «Թորամանյանի թնդանոթները» վերնագրով հոդվածը (1914), որում մասնավորապես նշում էր. «Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հնարել է մարդը. դրանք իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը»։

Հետաքրքիր է Թումանյանի այն դիտարկումը, թե գործիչները, որ ասպարեզից էլ լինեն, նման են զորավարների, որոնք իրենց հաղթանակն ապահովելու համար պետք է ունենան ամուր թիկունք, զգան «մի ոգևորված ու հավատարիմ բազմության» ներկայությունը իրենց հետևում։ Թորամանյանը, ահա, աշխարհին ներկայացնելով հայոց ճարտարապետության վիթխարի հարստությունը, մեծ արհավիրքների մեջ հայտնված իր ժողովրդի համար այն դարձնում էր ամուր թիկունք՝ արժանապատվորեն և հայրենասիրաբար մղելով իր կռիվը հանուն հարատևման ու նոր կյանքի։ Նա բառացիորեն ավերակներից հանում, ի ցույց էր դնում հայ ազգի մեծությունը՝ ապացուցելով, որ հզոր ճարտարարվեստ ունեցող ժողովուրդն իրավունք չունի տկարանալու, հուսահատվելու, և քաղաքակիրթ Եվրոպան էլ իրավունք չունի չտեսնելու տալ այդ ժողովրդին սպառնացող վտանգները ու պաշտպան չկանգնելու։

Ցավոք, Թորամանյանին վիճակված էր ոչ միայն պայքարել օտարների հայամերժ տեսակետների դեմ, այլև փշրել հին, իրենց դարն ապրած կարծրատիպերը, մտածողության կաղապարները հենց մեզանում։ Ահա թե ինչու էր Թումանյանը կոչ անում ազգովի կանգնել Թորամանյանի թիկունքին, որպեսզի նա իրեն զորավարի պես վստահ զգա ճշմարտության համար իր մղած «ահեղ ճակատամարտերում»։ «Պետք է լսենք ու պաշտպանենք հայոց ճարտարապետության հիշատակարանների լեզվի առաջին ուսուցչին, թև ու թիկունք պետք է լինենք մեր ազգային ստեղծագործական հանճարը հայտնագործող ու վեր հանող վաստակավորին», ասում էր Ամենայն հայոց բանաստեղծը։

Թորամանյանի մեծ հաղթանակն էր, որ կարողացավ ոչ միայն ապացուցել հայկական ինքնուրույն, ազգային ճարտարապետության գոյությունը, այլև նրա ազդեցությունը եվրոպական ճարտարապետության վրա։ Մի՞թե պատահականություն կարելի է համարել՝ 13-րդ դարի կեսերին (1245-48թթ.) կառուցվեց Փարիզի Սեն-Շապել տաճարը` ֆրանսիացի միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը, և նրա բարձրաքանդակներից մեկում պատկերված է Նոյյան տապանը՝ Արարատի վրա, իսկ թիկունքում հայ ճարտարապետության ոսկեդարի գլուխգործոց Զվարթնոցի եռահարկ մանրակերտն է։

Ինչպես չհավատալ Պետերբուրգի կայսերական հնագիտական տեղեկատուին (1912). «Ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանն առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում։ Մինչև նրա աշխատանքների երևան գալը Եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը։ Շնորհիվ Թորամանյանի աշխատությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմության մեջ մի ամբողջ շրջան են կազմում, եվրոպական գիտությունը ճշտում է իր սխալը, որում բացվում է ինքնուրույն էջ` հին հայ ճարտարապետության համար»։

Թորամանյանը, ուրեմն, համաշխարհային ճարտարապետության առանձին մաս կազմող հայկական ճարտարապետության հին և միջնադարյան հուշարձանների սոսկ ուսումնասիրող չէր, այլ միջազգային նշանակության գիտնական։ Նա առաջինն էր, որ դասակարգեց, նկարագրեց և բնութագրեց հայկական ինքնուրույն, ազգային ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտեց նրա ինքնատիպությունը, ոճի առանձնահատկությունները՝ դրանք դիտարկելով որպես մեկ միասնական ամբողջություն։ Այս թեմաներով նրա աշխատությունները, որոնք արժեքավոր ներդրում են ճարտարապետական գիտության մեջ` համաշխարհային չափանիշներով, մի պատկառելի գրադարան կարող են կազմել, թեև նա մեծ ողբերգություն էլ ապրեց. 1913-ին Թորամանյանի աշխատություններն արժանացան Վիեննայի արվեստի պատմության ինստիտուտի առաջին մրցանակին, նրա հետ պայմանագիր կնքվեց նույն ինստիտուտի պրոֆեսոր Յո. Ստրժիգովսկու մասնակցությամբ, որոշվեց առանձին ծավալուն գիրք հրատարակել հայկական ճարտարապետության մասին, և դրա համար նա Վիեննա տարավ համապատասխան նյութեր՝ շուրջ 30 տարվա իր աշխատանքի արդյունքը, հազար թերթից ավելի գծագրեր, չափագրություններ, վերակազմության նախագծեր, լուսանկարներ։ Նոր սկսված Առաջին համաշխարհային պատերազմը խանգարեց նրան նորից Վիեննա մեկնել` կատարելու խմբագրական բնույթի լրացումներ, և 1918-ին, առանց նրա համաձայնության, գիրքը երկու հատորով («Հայկական ճարտարապետությունը և Եվրոպան») գերմաներեն լույս տեսավ… Ստրժիգովսկու հեղինակությամբ։ Պրոֆեսորը «մեծահոգաբար» նշել էր միայն, որ գծագրական նյութերի հեղինակը Թորամանյանն է։ Սրան գումարվեց այն, որ անխոնջ գիտնականը 1918-20թթ. գաղթի ճանապարհներին կորցրեց իր հարուստ արխիվը, հրատարակության պատրաստ ինը աշխատություն, բազմաթիվ փաստաթղթեր…

Թորոս Թորամանյանը Շապին-Գարահիսար գյուղաքաղաքից էր (ծնվել է 1864-ին, մահացել 1934-ին Երևանում), որը նաև զորավար Անդրանիկի ծննդավայրն է։ Տարբեր են նրանց կենսագրությունները, բայց նույնն է ոգին, որը դարձավ հայոց երկու մեծերի կյանքի նշանաբանը՝ ծառայել ժողովրդին։ Թորամանյանը, կյանքում լինելով ծայրահեղ համեստ մարդ (Իսահակյանը պատմում է, որ Գյումրիում շատերը նույնիսկ նրա անունը չգիտեին, պարզապես կոչում էին Ճարտարապետ), մեծ եղավ իր գործում, ինչպես իր գործում մեծ եղավ Անդրանիկը։ Այդպիսին լինում են ժողովրդի նվիրյալ զավակները։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Հոգևոր-մշակութային


18/04/2012