Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ



Դժվար է գերագնահատել մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի նշանակությունը տանկային, մոտոհրաձգային մարտական զորամասերը զինվորական որակյալ մասնագետներով համալրելու գործում։

-Ուսումնական ծրագրից ոչ մի շեղում չի եղել, իսկ ծրագրի կատարումից հետո մենք ստանում ենք նախատեսած արդյունքը, այնպես որ՝ ես հանգիստ եմ և համոզված, որ մարտական զորամասերի հրամանատարները մեր պատրաստած մասնագետներից դժգոհելու առիթ չեն ունենա,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Գ. Ենոքյանը։

Գարնան այս օրերը շատ կարևոր են ուսումնական ծրագրի պահանջները հաղթահարելու համար, որովհետև քսան-քսանհինգ օրից զորամասը պետք է պատրաստ լինի քննություններին։ Ուսուցանվող տասնյոթ առարկայից առավել կարևորվում է տանկի և հետևակի մարտական մեքենաների մասնագետների պատրաստման խնդիրը։ Եվ այս գործում պատասխանատվության բեռը հիմնականում ընկնում է հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Տիգրանյանի ուսերին, որի ենթակայության տակ գտնվող ուսումնական տեխնիկան օգտագործվում է ամեն օր, հաճախ նաև գիշերային ժամերին.

-Ինչպես գիտեք, պատրաստում ենք տանկի և հետևակի մարտական մեքենաների հրամանատարներ, նշանառու-օպերատորներ և մեխանիկ-վարորդներ։ Սկզբնական շրջանում նրանք պարապում են համապատասխան վարժասարքերով։ Որոշակի փորձ ձեռք բերելուց հետո ուսումնառությունը գործնականում շարունակում են մարտական մեքենաներով։ Տեխնիկայի վարումը պարտադիր է բոլորի համար։ Այսինքն, հրամանատարները և նշանառու օպերատորները նույնպես պարտավոր են վարել տանկն ու ՀՄՄ-ները, ինչը նրանց կարող է պետք գալ հնարավոր պատերազմի դեպքում։ Մեխանիկ-վարորդներն իրենց մասնագիտությունը սովորում են լիարժեք ծրագրով։ Փաստորեն, տեխնիկան մշտապես աշխատում է, և մենք էլ պարտավոր ենք ապահովել տեխնիկայի անխափան աշխատանքը։ Վառելիքաքսուքային նյութերով լիովին ապահովված ենք, խափանումներն աշխատում ենք որքան հնարավոր է արագ վերացնել։ Շատ լավ են աշխատում ապահովման գումարտակի վերանորոգման վաշտի անձնակազմերը։ Ձգտում ենք նորոգումները կատարել կուրսանտ մեխանիկ-վարորդների մասնակցությամբ, որպեսզի տեսնեն և սովորեն։ Առանձին դեպքերում, եթե լուրջ խափանում է լինում, դիմում ենք գլխավոր շտաբին, և նրանք համապատասխան կազմակերպություններից մասնագետներ են ուղարկում՝ տեղում աշխատանքները կազմակերպելու,- ասաց փոխգնդապետը և ավելացրեց։ -Քննական հանձնաժողովի անդամները սովորաբար գոհ են մնում մեր կուրսանտների ցույց տված արդյունքներից: Կուրսանտներին քննությունից հետո տրվում է համապատասխան կտրոն՝ վկայական։ Բացառիկ դեպքերում, երբ կուրսանտը հիվանդության պատճառով շատ պարապմունքներ է բաց թողած լինում, նա զրկվում է տանկիստ դառնալու հնարավորությունից և մարտական զորամաս է տեղափոխվում որպես հետևակային ջոկի հրամանատար։

Եթե եղանակն անձրևային է, ուրեմն մարտավարական դաշտում ահավոր ցեխ է, արևոտ օրերին էլ տանկը պարուրվում է փոշու ամպով։ Այդուհանդերձ, եղանակը երբեք չի խանգարում տանկիստների պարապմունքներին։ Մայոր Կ. Վարոսյանը մեխանիկ-վարորդների պատրաստման վաշտի հրամանատարն է։ Մինչ հետևում էինք հեռվում շարժվող փոշու հսկա ամպին, ասել է թե՝ տանկերի հուժկու ընթացքին, նա ներկայացրեց վարժությունների բնույթը.

-Վարումը կատարվում է ցերեկային և գիշերային պայմաններում։ Այսօր ստուգարքային վարման վարժություններ են։ Չորսից վեց կիլոմետր երթուղում կան բազմաթիվ արգելքներ, որոնցից են.

-անվամեջ անցումն ականապայթուցիկ դաշտով,

-անցումը քարքարոտ տեղամասով, լեռնային պայմաններում,

-անցումն անվամեջ կամրջով,

-կանգառը սյուների մեջ վերելքի և վայրէջքի ժամանակ,

-շրջադարձերը վերելքի կամ վայրէջքի պահին և այլն…

Կուրսանտները վարումը կատարում են միայնակ՝ հրահանգիչների հսկողությամբ։ Վարումը կատարվում է Տ-72 տանկերով և քարշակներով։ Կարող եմ երաշխավորել, որ վաշտի բոլոր կուրսանտներն էլ կարողանում են լավ վարել, իհարկե, կան տղաներ, որոնք շատ ավելի լավ են վարում։

Դասակի հրամանատար կապիտան Գ. Պետրոսյանն առանձնացրեց Հայկ Պետրոսյանին և Հովհաննես Թովմասյանին։ Փոշին նստել է տղաների հոնքերին, թարթիչներին, բայց նրանք ժպտում են։ Երկուսն էլ բանակ են եկել ուսումը կիսատ թողնելով։ Հայկը ագրարային համալսարանի ուսանող է, Հովհաննեսը` Հայբուսակի։

-Կարևորը տեխնիկայի լեզուն հասկանալն է, ինչի հիմքը հենց այստեղ է դրվում,- ասաց Հայկը։

Ավագ լեյտենանտ Վ. Հովհաննիսյանն էլ լավագույն կուրսանտների մեջ առանձնացրեց Գևորգ Սարգսյանին, Վարդան Գրիգորյանին, Արա Նահապետյանին, Սամվել Մանուկյանին և Սերյոժա Մկրտչյանին։

-Այժմ մեծ ուշադրություն ենք դարձնում վարման տեխնիկան հղկելուն, կատարելագործելուն,- ասաց Սամվելը։

♦♦♦

Վարումն ավարտելով` կուրսանտ Սարգիս Խաչատրյանը վաշտի հրամանատարին զեկուցեց ջրի ջերմաստիճանի, յուղի ճնշման և մյուս կարևոր ցուցանիշների մասին։ Այնուհետև վարման թույլտվություն ստացավ կուրսանտ Մասիս Ամիրջանյանը, նրանից հետո երթուղի դուրս եկավ Սամվել Մխիթարյանը…

♦♦♦

Վարման իրենց հերթին սպասող ստորաբաժանումները ժամանակն անտեղի չեն վատնում։ Ուսումնական կետերում նախապատրաստվում են, սերտում անվտանգության կանոնները։ Տանկերից մեկը կանգնած էր ստուգողական զննման։ Կրտսեր սերժանտ Սևակ Հովհաննիսյանը պարզաբանեց.

-Կրկնում ենք, թե ինչպես պետք է ստուգել վառելիքաքսուքային նյութերի առկայությունը, այնուհետև կատարվում է տեխնիկայի արտաքին զննում, ինչպես նաև ստուգվում է մեխանիկ-վարորդի բաժանմունքը, ստուգվում են մարտկոցը, օդի հոսքը և այլն։

Այստեղ էին նաև ապահովման գումարտակի զինծառայողներ կրտսեր սերժանտ Դավիթ Մարգարյանը, հրահանգիչներ Արման Սարգսյանը և Գրիգոր Հակոբյանը, որոնք նույնպես մասնակցում էին զննման աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին և խորհուրդներ տալիս կուրսանտներին։ Այս դասակից առաջադիմությամբ առանձնանում են կուրսանտներ Արգիշտի Առաքելյանը, Յուրիկ Սարգսյանը, Մհեր Ալեքսանյանը։

Վաշտի հետ պարապմունքի էր դուրս եկել նաև բժիշկ, բուժծառայության լեյտենանտ Ծերունի Հովհաննիսյանը։

-Ո՞նց են մեր տղաները, ձեզ գործ մնո՞ւմ է, թե՞ ոչ։

-Ամեն ինչ լավ է, առավոտից անգործ նստած եմ, ամեն ինչ կարգին է,- ասաց բժիշկը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/04/2012