Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԵՐԸ` ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ



Անդրադարձ Ալեքսանդր Խրամչիխինի՝ «Տանկի «հուղարկավորության» մասին խոսք անգամ լինել չի կարող» հոդվածին

Իհարկե Ա.Խրամչիխինը որպես փորձագետ մեծ հեղինակություն է վայելում, նրա վերլուծությունները միշտ էլ հետաքրքիր են եւ աչքի են ընկնում իրենց խորությամբ: Սակայն նշված հոդվածում կան վիճահարույց հարցեր, ուստի մոտեցումները հստակեցնելու կարիք կա:

Իրականում՝ հրասայլերի ապագային ուղղված կասկածները անհիմն չեն, և դա չի սկսվել 1973թ. պատերազմից հետո, ինչպես նշում է Խրամչիխինը: Ի դեպ` այդ պատերազմից մի լեգենդ է մնացել, թե իբր արաբները նռնականետներով և հակատանկային հրթիռներով իսրայելական հրասայլերին մեծ կորուստներ են պատճառել: Իրականում՝ դա եղել է երկուստեք, պարզապես խորհրդային զինատեսակների (որոնցով արաբներն էին կռվում) առաջին հաջողությունը մեզանում ուռճացված է ներկայացվել: Ավելին, արաբների կորուստները երկու անգամ ավելի մեծ են եղել:

Նախ` պետք է հասկանանք, թե ինչու էր հրասայլը ստեղծվել և ինչ խնդիրներ էր լուծելու: Հրասայլը ստեղծվեց այն ժամանակ, երբ պաշտպանական բնագծերը դարձան անանցանելի. հրասայլերի հիմնական նշանակությունը խոր ճեղքումներն են, դրանից դուրս բոլոր կիրառությունները էպիզոդիկ ու մասնակի բնույթ ունեն: Էլ չենք ասում, որ ունենում են ցավագին ավարտ (հրասայլի համար): Օրինակ` հրասայլերի կիրառությունը քաղաքներում, զուտ պաշտպանական մարտերում և այլն: Իսկ ճեղքումներն իրականացվում են այն դեպքում և այնտեղ, երբ և որտեղ ճեղքելու բան կա, այսինքն` հիմնականում ամրաշինական կառույցներ կամ հստակ բնագծեր, գրավելու տարածքներ, ընդ որում` հիմնականում հարթավայրային:

Հրասայլերի ապագան հարցականի տակ դրվեց օդային հարձակման միջոցների դերի աննախադեպ աճից և դրանց հիման վրա օդածովային և օդատիեզերական գործողությունների արդյունավետության կտրուկ ավելացումից հետո: Հասարակ լեզվով ասած` այն ժամանակ, երբ ճեղքելու, գրավելու բան արդեն չկար, քանի որ հակառակորդին ոչնչացնում էին հիմնականում օդից. ցամաքային ուժերի` նույնիսկ անվնաս մնալու դեպքում էլ պատերազմը կարող էր տանուլ տրված լինել: Նույն 1973թ. իսրայելական օդուժը ուղղակի կանգնեցրեց քանակապես մի քանի անգամ գերազանցող և Բար-Լեվի բնագիծը հաջողությամբ ճեղքած հրասայլերի «լավան»:

Առաջին Իրաքյան պատերազմի ժամանակ, ըստ ամերիկացիների, տեղի ունեցավ 20-րդ դարի վերջին մեծ տանկային ճակատամարտը: Նրանք մեծ հպարտությամբ են խոսում 1991թ. փետրվարի 24-ից 28-ը տեղի ունեցած մարտերի մասին, որոնց ընթացքում իբր ոչնչացրել են մոտ 500 հրասայլ և այլ զրահատեխնիկա: Իսթինգի ճակատամարտը իրականում մեծ ու առանձին տանկային մարտ չէր և, միևնույն է, դրա, ինչպես և ամբողջ պատերազմի ելքի վրա ազդեց բացարձակ օդային գերազանցությունը: Չէ որ եթե անգամ այդ 500 հրասայլը իսկապես խոցվել է, այն կազմում է Իրաքի կորցրած բոլոր հրասայլերի ընդամենը 12,5 տոկոսը: Մնացածը ոչնչացվել է օդային հարձակման միջոցներով:

Իսկ Բաղդադ հասած ամերիկյան դիվիզիաները, որոնց մասին նշում է Խրամչիխինը, հրասայլերով հիմնականում դուրս էին եկել «զբոսանքի», իհարկե անուղղակի իմաստով, քանի որ ամեն մի դիվիզիային ուղեկցող միայն ուղղաթիռների քանակը հասնում էր մեկ-երկու հարյուրի: Այսինքն` երբ օդային գերազանցությունը լիովին ապահովված էր: Ներկայումս կարելի է գտնել հարյուրավոր այրված ու խոցված հրասայլերի կամ այլ զրահատեխնիկայի լուսանկարներ, որոնցից պարզ երևում է, որ դրանք անգամ լավ քողարկված վիճակում առանց մի կրակոց կատարելու մնացել են տեղում, քանի որ դարձել են տարատեսակ օդային հարձակման միջոցների զոհը: Շարասյուների կազմում եղած զրահատեխնիկան է՛լ ավելի խոցելի էր: 2003թ. պատերազմում AH-1W Super Cobra ուղղաթիռները արձակել են ավելի քան 700 ղեկավարվող հրթիռ և խոցել են ավելի քան 650 նշանակետ, որոնց թվում նաև մոտ 100 զրահամեքենա և հրասայլ: Այլ համանման միջոցները եղել են ոչ պակաս արդյունավետ:

Հրասայլի տեխնիկական հիմնախնդիրները, որոնք օբյեկտիվորեն նշել է ռուս փորձագետը, ընդամենը լրացրին այս ամենը: Եվ չնայած նշված թերություններին, Խրամչիխինը չգիտես ինչու հանգում է այն եզրակացության, որ միևնույն է, ամեն ինչ այդպես էլ մնալու է:

Պատկերացրեք այսպիսի իրադրություն. 1970-1980-ական թթ. մոտոհրաձգային վաշտում մինչև 5-7 զինվորի ձեռքերում կարող էին լինել հակատանկային կրովի հուսալի միջոցներ, որոնք կարող էին հրասայլերը խոցել մինչև 2000-3000 մ հեռավորության վրա: Դրա համար նախ այդ հրասայլերի զրահը հաստացվեց, որի հետևանքով վերջիններիս քաշը հասավ մինչև 60-65 տոննայի: Ընդ որում, կրակային հնարավորությունները մնացին գրեթե նույնը: Եթե շարունակեն հրասայլի պաշտպանվածությունը ավելացնել, նրա զանգվածը կարող է հասնել 100 տոննայի, և միևնույն է, այն նույնքան խոցելի կլինի հակատանկային նոր միջոցների համար: Այսինքն` չի ավելանա հրասայլի «կրակարտադրության» արագությունը, որը անխախտ թերություն կմնա, քանի դեռ հրանոթները կլինեն հիմնական սպառազինություն: Հրասայլի շարժունակությունը չի բարելավվի, եթե չասենք հակառակը: Այսպիսով, հրասայլի կիրառումը հակասում է պատերազմի գլխավոր կանոններից երկուսին` խուսավարել ուժերով և կրակով: Եթե սրան ավելացնենք նաև կրակի ընդհանուր դանդաղությունը, ապա փակուղին ակնհայտ է:

Հրասայլի տեսադաշտի խնդիրը, ինչպես նշում է Խրամչիխինը, միգուցե իսկապես կլուծվի ԱԹՍ-ների կամ արբանյակային ուղղորդման շնորհիվ` ցանցակենտրոն պատերազմի տեսության համաձայն: Թեպետ առաջիկայում ցանցակենտրոն պատերազմ վարելու ունակ չեն լինի նույնիսկ այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են ՌԴ-ն և Չինաստանը: Մինչդեռ միայն մի բաղադրիչի բարելավմամբ ընդհանուր թերությունները չեն վերանում, և բացի դրանից, եթե տեսադաշտի հարցը նույնիսկ լուծվի, ապա դարձյալ` օդային գերազանցության շնորհիվ:

Խնդիրը հայեցակարգային է` կապված պատերազմ վարելու տեսության հետ: Եթե հակամարտող կողմերը երկուսն էլ կիրառում են կառուցվածքային նույնանման թերություններով սարքեր, իհարկե վճռորոշ են դառնում դրանց քանակն ու կիրառման հարցերը: Սակայն, եթե կողմերից մեկը խախտում է պատերազմի ավանդական սկզբունքները և հազարավոր հրասայլերին հակադրում է, օրինակ, իր օդային գերազանցությունը կամ ռազմական տեխնիկայի նոր տեսակ, ապա պատերազմը ծավալվում է, պատկերավոր ասած, տարբեր «սերունդների» միջև, երբ «նորը» հաղթում է «հնին»: Սա է զարգացման տրամաբանությունը. հրասայլերը նախատեսված են անցած պատերազմի համար, և նրանց ապագայի հետ կապված խնդիրը ավելի շուտ տնտեսական ու ռազմավարական է:

Իհարկե, հրասայլերը միանգամից չեն վերանա, քանի որ աշխարհի ռազմական ծանրության կենտրոնը նորից վերադառնում է Եվրասիա մայրցամաք: Այստեղ պատերազմները չեն լինելու օդային բաղադրիչի շեշտված գերազանցությամբ, այլ լինելու են ցամաքային պատերազմներ, երբ, այո, զրահատեխնիկան ընդհանրապես մեծ դեր է խաղալու: Իսկ հրասայլերը դեռ երկար են մնալու, քանի որ այդ տարածաշրջանի ոչ մի պետություն չի գնալու հեղափոխական քայլերի: Այսինքն` չի համարձակվելու հրասայլին փոխարինող բան ստեղծել և արտադրել հազարներով, հետո էլ մարտավարություն ու նույնիսկ ռազմավարություն փոխել դրա համար և մտնել պատերազմի մեջ:

Հեղափոխական քայլերն արվում են Արևմուտքում, սակայն ներկայումս այնտեղ հրասայլերի կիրառման ոլորտում նման բան չանելու հիմնավոր պատճառներ ունեն: Նրանք ունեն օդային գերազանցություն, լավագույն հրասայլերը, որոնք, միևնույն է, կիրառելու են Եվրասիայում, որտեղ էլ (օդային գերազանցության ապահովումից հետո) իրենց մեքենաները հաղթելու են անմիջական շփման մարտերում, որոնց ռազմավարությունը սահմանափակ է: Այսինքն` Արևմուտքը, տվյալ դեպքում` հիմնականում ԱՄՆ-ը, մտադիր չէ Եվրասիայում մեծածավալ մարտական գործողություններ վարել տոտալ պատերազմի սկզբունքներին համապատասխան, այլապես մենք վաղուց կտեսնեինք հրասայլերի փոխարինողին: Հրասայլերն այսօր մոտավորապես 1920-1940- ական թվականների զրահագնացքների ու զրահանավերի վիճակում են, որոնք օդուժի ազդեցության տակ վերացան:

Ինչ վերաբերում է հրասայլին փոխարինող ստեղծելուն, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում ողջ աշխարհում, և հետաքրքիրն այն է, որ գրեթե ոչ մի տեղ չեն կամենում նոր տեսակի հրասայլ ստեղծել, այլ հիմնականում զբաղված են հների կատարելագործմամբ: ԱՄՆ-ում 2011թ. հիմնական հրասայլի կատարելագործման համար հատկացված գումարները 2010թ. համեմատ կրճատվել էին մոտ կեսով, ինչը եղել էր նաև նախորդ տարի: Եվ սա այն դեպքում, երբ ամերիկյան հիմնական M1 Abrams հրասայլը նախատեսվում է սպառազինության մեջ թողնել մինչև 2050թ.: Հետաքրքիր է. մի կողմից ամերիկացիները իրենց հրասայլը չեն փոխում, մյուս կողմից՝ այն չեն կատարելագործում: Այն, որ իրենց հրասայլը շատ հատկանիշներով լավագույնն է աշխարհում, ակնհայտ է, բայցեւայնպես այս քայլերը մեծ հաշվով խոսում են ամերիկյան բանակի համար հրասայլի երկրորդական դերի մասին: Նոր հրասայլերի ծրագրեր չունեն նաև եվրոպական առաջատար երկրները:

Այս պարադոքսի լուծումը թաքնված է զրահամեքենաների հնարավորությունները հրասայլերի հատկություններին մոտեցնելու մեջ: Ժամանակակից զրահատեխնիկան, որը հիմնականում կիրառվում է ոչ ավանդական մարտական գործողությունների ժամանակ, ոմանք անվանում են նաև «օկուպացիոն միջոցներ», որոնք հրասայլերի համար դառնում են սպասարկու միջոցներ: Ինչպես արդեն նշեցինք, պաշտպանության խնդիրը հավերժ չի կարելի լուծել քաշի ավելացման հաշվին: Դա նույնն է, թե կործանիչները զրահավորեն այնքան, որ օդում դիմանան հրթիռների հարվածներին: Նորմալ զրահամեքենաները դիմանում են հրաձգային հիմնական զենքերի հարվածներին, իսկ դրանցից հզոր խոցման միջոցների համար խոցելի են ինչպես զրահամեքենաները, այնպես էլ հրասայլերը: Կրակային խնդիը ևս պետք է լուծվի համակարգային մոտեցմամբ` կրակի արագություն, դիպուկություն, բազմաթիրախ արդյունավետ կրակ և այլն: Զրահատեխնիկան ևս շեշտադրումը պետք է անի առաջինը տեսնելու, խոցելու, հնարավորինս մեծ տեսադաշտ ունենալու և շատ թիրախներ խոցելու վրա: Այսինքն` օդային մարտին բնորոշ սկզբունքների տեղափոխումը զրահամեքենաների ու հրասայլերի կիրառության, մարտավարության ոլորտ:

Նման միջոցներից հետաքրքիր է օրինակ ռուսական ըԾկՁ (ԿոՖպՍՑ 199 ՀՈՎՍՈ) զրահամեքենան, որը պատրաստված է հրասայլի հիմքի վրա, սակայն բոլորովին նոր մակարդակի տեխնիկա է: Մեքենան սպառազինված է երկու 30 մմ-ոց հզոր ավտոմատ հրանոթով, երկու ավտոմատ նռնականետով, հակատանկային հրթիռային բազմալիք համալիրով և սովորական գնդացիրով: Ակնհայտ է մեքենայի կրակային հզորությունը: Եվ եթե նշվածին ավելացնենք, որ անձնակազմում, հրամանատարից բացի, ընդգրկված է երկու նշանառու, և մեքենան կարող է կրակ վարել միանգամից երեք նշանակետերի ուղղությամբ, ապա պարզ կդառնա, որ սա, իրոք, հեղափոխական մեքենա է:

Նմանատիպ մեքենաների հիմնական սպառազինություն կարող են լինել երկու 30 մմ-ոց ավտոմատ հրանոթները` արկերի մեծ պաշարով: Անհրաժեշտ է, որ աշտարակի սպառազինությունը լինի թեթև զրահապատված: Նման համակարգը կարող է զինված լինել նշանակետերի հայտնաբերման ռադիոլոկացիոն, արբանյակային, լազերային և այլ համակարգերով: 30 մմ տրամաչափով երկու ավտոմատ հրանոթները միասին պետք է ունենան րոպեում ոչ պակաս 2500-3000 կրակոց արագաձգություն և պիտի կարողանան կրակել միասին ու առանձին նշանառման գծերով: Դրանք միասին պետք է ունենան մոտ 5000 արկի պաշար: Հարկավոր է, որ մեքենան զինված լինի նաև ավտոմատ նռնականետներով, որոնք ևս պետք է գործեն թե՛ միասին և թե՛ առանձին: Մեքենան պետք է ունենա երկու սովորական 7,62 մմ-ոց գնդացիր և պետք է զինված լինի հրթիռային համալիրով, որը կարող է գործել առնվազն երկու տարբեր նշանակետերի ուղղությամբ և պիտի ունենա առնվազն 8 հրթիռ: Նշվածից զատ` մեքենան պետք է զինված լինի նաև լազերային ճնշման զենքով, տարատեսակ պաշտպանական ժամանակակից համակարգերով և այլն: Համալիրը կարող է սպառազինության որոշ տեսակներ տեղակայել հիմնական իրանում և կիրառման ժամանակ դուրս հանել դրանք: Ինչպես նաև որոշ տեսակներ կարող է կիրառել հենց իրանից: Սակայն ավտոմատ հրանոթները պետք է տեղադրված լինեն աշտարակի վրա և պիտի կիրառվեն շրջանաձև: Գնդացիրները ևս պետք է կիրառվեն շրջանաձև և ավտոմատ հրանոթներից անկախ: Մեքենան պետք է գործի բազմաշտարակ սխեմայով, ինչը ներկայումս տարածված է հատկապես ամերիկյան ավտոմատ ռոբոտների մեջ: Մեքենայի երկու օպերատորները պետք է կարողանան ցանկացած պահի իրենց վրա վերցնել զինատեսակների այս կամ այն խմբի ղեկավարումը: Մեկ այլ խումբ էլ կարող է կիրառել հրամանատարը: Նման մոտեցման դեպքում, երբ ամբողջ գործընթացը կառավարվի նաև էլեկտրոնային սարքերի միջոցով, հնարավոր կլինի միանգամից չորս նշանակետի խոցումը: Այս դեպքում նման մեքենան, հրասայլի համեմատ, կունենա մեկ առավելություն ևս: Այն կարող է օդային նշանակետերի դեմ ավելի արդյունավետ պայքարել, ի դեպ հենց այդ է նշում նաև Խրամչիխինը:

Ապագայում վերը նկարագրված զրահամեքենաները անշուշտ ավելի մեծ տեղ կունենան, իսկ այսօր արդեն նման զենքի ղեկավարման համակարգերը աստիճանաբար ներդրվում են տարբեր զրահամեքենաների վրա: Դրանք, թերևս, հրասայլերին միանգամից չեն փոխարինի, սակայն դրանց ներդրումը անխուսափելի է:

Խրամչիխինը, իհարկե, իրավացի է այն հարցում, որ այլևս անիմաստ է շարունակել T-64 – T-72 – T-80 – T-90 շարքը: Ի դեպ` ՌԴ ԳՇ պետն արդեն հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը 5 տարով հրաժարվում է բոլոր տեսակի զրահատեխնիկայի գնումներից, քանի որ դրանք հնացած են և չեն համապատասխանում ժամանակի պահանջներին: Հարկավոր են հայեցակարգային առումով միանգամայն նոր մեքենաներ: Վերջերս հայտնի դարձավ ռուսական T-90C հրասայլեր գնելու Ադրբեջանի ցանկությունը: Ստացվում է, որ մեր հարևանը նորից գնում է «մերժված» տեխնիկա` այն ներկայացնելով որպես նորագույն: Այլ խնդիր է, երբ գնում ես թեկուզ հին, սակայն հայտնի ու ինչ- որ առումով իրեն արդարացրած մեքենա, սակայն այլ բան է, երբ բոլորին համոզում ես, թե գնում ես նորագույն, ցնցող մեքենա, որը, սակայն, հենց արտադրող երկրում մերժված է: Իրականում` ավելի լավ է գնել հին T-72, քան նոր T-90C: Նախ` առաջինն ընդամենը մի քանի տարրերի վերափոխումով ստանում է այն հնարավորությունները, որոնք ունի երկրորդը: Եւ հետո` փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է խորհրդային արտադրության հին սպառազինությունը, քան ռուսական նորը. որակները կտրուկ տարբերվում են` հօգուտ առաջինի: Սա բազմիցս նշել են հենց ռուսական բանակի բարձրաստիճան զինվորականները:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


04/04/2012