Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՍԻՍԻ ՁՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՀԱԼԵՑՆԵՄ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՎ»



Մարտի 24-ին լրացավ Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկի` «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանի (Սպիտակ Արջ) ծննդյան 50-ամյակը: Այդ առիթով Հայազն միության կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց դասախոսություն: Մտերմիկ զրույցի ընթացքում «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, Կարո Քահքեջյանի մանկության եւ մարտական ընկեր, Հայազն միության կենտրոնական մարմնի անդամ Շահե Աճեմյանը ունկնդիրներին (որոնք հիմնականում երիտասարդներ էին) պատմեց հերոսի մասին:

ԻՆՉՊԵՍ ԱՄԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ…

Կարո Քահքեջյանի նախնիները Մուշից եւ Կիլիկիայի Քիլիս քաղաքից էին: Հայրը զորավար Դրոյի թիկնապահն էր եւ զավակներին դաստիարակել էր հայրենասիրական ոգով: Կարոն ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1962թ., այստեղ է անցկացրել իր պատանեկան տարիները, ապա ծնողների հետ տեղափոխվել է Լիբանանի Բեյրութ քաղաք: «Լիբանանում 16 տարեկանից փոքրերը զենք կրելու իրավունք չունեին, սակայն Կարոն զենքը ձեռքին մասնակցում էր հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը»,-պատմում է Շահեն: Այնուհետեւ նա ընտանիքի հետ տեղափոխվեց Անգլիա, հետո` Նիգերիա. այստեղ հայրը 70-ական թվականներին մետաղի մեծ գործարանի տեր էր: Կարոն Նիգերիայում ստանում է դպրոցական վկայական եւ որոշում ուսումը շարունակել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում. «Նրանց ընտանիքում մի մեծ եռագույն կար, որը Կարոն տանում է Ֆրանկֆուրտ, որտեղ պիտի ձեռք բերեր ճարտարապետի մասնագիտություն: Այստեղ Կարոն մտերմանում է քրդերի հետ եւ մասնակցում թուրքերի դեմ կազմակերպվող ցույցերին ու երթերին` ամենուրեք ծածանելով եռագույնը: Քրդերը նրան կնքում են Քուրդ Կարո: Յոթ լեզուների էր տիրապետում, այդ թվում` թուրքերենին»: Ուսումը ավարտելուց հետո Կարոն ընտանիքի հետ տեղափոխվում է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք: «Նա Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ էր, ակտիվորեն մասնակցում էր կազմակերպվող բոլոր միջոցառումներին, Հայ դատի զինվորագրյալ երիտասարդ էր` տաքարյուն, ըմբոստ, ազատասեր»,-նշում է Շահեն եւ հիշում, որ 1982թ. Լոս-Անջելեսի ավագ թուրք հյուպատոս Քեմալ Արիգանի ահաբեկման կասկածանքով ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձերբակալել էր Կարոյին: Հարցաքննության ժամանակ առանց վարանելու ասում է, թե հպարտ կլիներ, եթե ինքը «զարկած լիներ թուրքին»: Որոշ ժամանակ անց Կարոն ազատ է արձակվում: «Ինչպես յուրաքանչյուր սփյուռքահայի, այնպես էլ նրա սրտում Մեծ հայրենիքի հիշողությունն ու կարոտն էր անթեղված, նրա համար հայրենասիրությունը սկսվում էր ժողովրդի պատմության իմացությունից, նրա երազանքն էր պատմական շղթային օղակ ավելացնելը»,-ասում է ընկերը:

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

1988թ, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Կարոն հետեւում էր իրադարձությունների զարգացմանը, իսկ երկրաշարժից հետո որոշեց շինջոկատի հետ գալ աղետի գոտի: Սակայն միայն 1990թ. է նրան հաջողվում ժամանել Հայաստան. «Կարոն Հայաստան է գալիս իր ընկերուհու` Մարոյի հետ: Նրանք արդեն 7 տարվա սիրահարներ էին, բոլորի ուրախությունն էին, որտեղ Կարոն, այնտեղ էլ Մարոն: Նրանք տեղավորվեցին «Արմենիա» հյուրանոցում, առավոտյան դուրս եկան քաղաք եւ հրապարակում հանդիպեցին մի խումբ ֆիդայիների: Կարոն մոտեցավ, հարցուփորձ արեց եւ իմացավ, որ տղաները շտապում են հասնել սահման, որոշեց միանալ նրանց: Մարոն հանդիմանում է նրան` հիշեցնելով շինջոկատի մասին, բայց Կարոն մատանին վերադարձնում է Մարոյին` ասելով, որ հայրենիքն ավելի է սիրում»,-պատմում է Շահեն:

Կարոն ծանոթանում է թալինցի հրամանատար Աֆոյի (Ալֆրեդ Ներսիսյանի) հետ եւ նրա ջոկատի կազմում մասնակցում Երասխի կռիվներին: Այնուհետեւ Կարոն վերադառնում է ԱՄՆ` հաստատակամ, որ վերադառնալու է Արցախ ու մասնակցելու է ազատագրական պայքարին: Սակայն Ամերիկայում Կարոն վթարի է ենթարկվում, եւ նրա գալը ամիսներով հետաձգվում է: Կարոն տեսաձայնագրել էր սահմանին ծավալվող իրադարձությունները, որոնք հեռարձակեցին ԱՄՆ-ի հայկական հեռուստակայանները, նաեւ` Կարոյի հարցազրույցը. «Ես դիտեցի եւ զանգեցի նրան` ցանկություն հայտնելով միանալ շարժմանը,-պատմում է Շահեն:- Կարոն պատասխանեց, թե շատերն են նման ցանկություն հայտնում ու վերջին պահին հրաժարվում, բայց ես հաստատ էի որոշել: Մեր որոշումը հաճախ էր քննադատվում. ասում էին, թե կռվողները շատ են, զենք չկա, ինչո՞ւ եք գնում, ավելի նպատակահարմար է մնալ եւ նյութապես օգնել, բայց այդ ամենը մեզ համար համոզիչ չէր»:

Կարոյի ոտքն ապաքինվում է, եւ երկու ընկերները դիմում են Ֆրեզնոյի հայկական եկեղեցի` խնդրելով իրենց վկայագիր տալ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան ներկայանալ որպես եկեղեցու վարդապետ: 1992թ. սկզբին, երբ խորհրդային զորքերը դուրս եկան Արցախից, Կարոն Շահե Աճեմյանի հետ վերադարձավ Հայաստան` Արցախ անցնելու նպատակով. «Փարիզում օդանավ փոխեցինք: Պարզվեց՝ նույն օդանավում է նաեւ Պարգեւ Սրբազանը, մոտեցա եւ ներկայացա որպես եկեղեցու վարդապետ, սակայն զրուցելուց հետո մեր իրական նպատակի` Արցախ գնալու մասին ասացի եւ խնդրեցի օգնել, քանի որ Արցախ տանող ոչ մի ցամաքային ճանապարհ չկար: Սրբազանը խոստացավ Երեւան հասնելուց երկու օր անց մեզ ճանապարհ դնել, նաեւ ռուսերեն նամակ գրեց եւ պարտավորեցրեց տեղ հասնելուն պես փոխանցել Արկադի Տեր-Թադեւոսյանին»: Հասնելով Ստեփանակերտ` Շահեն հանդիպում է իր վաղեմի ընկերոջը, որին 12 տարի չէր տեսել, խնդրում է ուղեկցել Արկադի Տեր-Թադեւոսյանի մոտ, փոխանցում են նամակը, որի բովանդակությունից անտեղյակ էին. «Նա կարդաց, գլխով ասես համաձայնության նշան արեց եւ կանչեց Աշոտին (Բեկոր Աշոտ), նա էլ մեզ ուղեկցեց Ժիրայր Սեֆիլյանի ջոկատ»:

«ԽԱՉԱԿԻՐՆԵՐ» ՋՈԿԱՏԻ ՀԻՄՆՈՒՄԸ

Երեք ամիս լավ պատրաստվելուց հետո, դեղորայքով եւ զինմթերքով բեռնավորված, Կարոն եւ Շահեն վերադառնում են հայրենիք: 1992 թ. Կարոն հիմնում է «Խաչակիրներ» ջոկատը, որի կնքահայրն է դառնում Պարգեւ Սրբազանը, իսկ հովանավորը` Արցախի հերոս Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը): «Կարոն ասաց, որ ջոկատում միայն արմատներով սասունցիներ պետք է լինեն: «Ինչո՞ւ» հարցին էլ պատասխանեց. «Որովհետեւ նրանք իրենց պապերի ծնկին նստած` Գեւորգ Չաուշի եւ Անդրանիկի մասին են լսել: Ես չեմ ուզում իմ ջոկատում լինի մեկը, որի պապը խորհրդայնացման տարիներին եկեղեցի է պայթեցրել կամ չեկիստ է եղել»: Նա ասում էր` բոյով կուզեմ, արագաշարժ, կյանք տվող: Ջոկատը 30 անդամ ուներ, երբեք այդ թիվը չի փոփոխվել: Տղաներից ոմանք կուսակցական էին, բայց Կարոն ասում էր, որ կռվի դաշտում այդ մասին պետք չէ հիշել. «Մենք հայ զինվոր ենք եւ վերջ»»: Խստիվ արգելվել էր խմիչքն ու ծխախոտը, ծամոնն ու կուտ չրթելը, ջոկատն առանձնանում էր երկաթյա կարգապահությամբ, ձիգ քայլվածքով ու կեցվածքով, մաքուր ու կոկիկ հագուկապով. «Մի անգամ առավոտյան տղաներն արթնացան եւ տեսան Կարոյին կիսամերկ` ձյան մեջ թավալվելիս: Զարմանքով եւ հիացմունքով բացականչեցին` ոնց որ սպիտակ արջ լինի: Այդտեղից էլ` նրա մականունը»:

Կարոն համագործակցում էր Արցախի պետական անվտանգության կոմիտեի հետ: Առաջին առաջադրանքը Հարությունագոմերի պաշտպանությունն էր: Հակառակորդը արդեն գրավել էր Մարտակերտը եւ առաջ էր գալիս: Ջոկատը` քաջարի հրամանատարի գլխավորությամբ, արդեն դիրքավորվել էր. «Նրա խրոխտ ձայնը քաջալերում, ոգեւորում էր բոլորին: Իզուր չէր, որ գալիս էին տանկերով եւ հակազենիթային քառափող գնդացրով, հետեւակային մեքենաներով, «Էլչիբեյյան նվերներով»: Կարոն ծուղակ էր պատրաստել դրանց համար: Ահա մի պայթյուն, Կարոն ժպտում է… Մի տանկ խոցված իր կեսպտույտն արեց: Երկարատեւ մարտն ավարտվում էր, պետք էր եւս մեկ հարված: Նրա կտրուկ հրամանով ջոկատն արագորեն անցավ հարձակման. հրամանատարը սրընթաց հարվածներով խուճապի մատնեց հակառակորդին: Հակառակորդը փախավ` թողնելով բազմաթիվ գնդացիրներ եւ «Շիլկա»-ներ»,-պատմում է Շահեն: Հակառակորդը 25 զոհ տվեց, իսկ ջոկատի տղաներից երկուսը վիրավորվեցին: Առաջին հաղթանակն էր:

1992թ. վերջին նա նորից վերադառնում է ԱՄՆ. «Այս անգամ ավելացնում է որպես օգնություն բերվող զինվորական պիտույքների քանակը, բերում է անգամ ինքնաձիգի լազերային նշանոցներ, նաեւ` գեներատորներ, ռադիոկապի միջոցներ, դեղորայք, զինվորական հանդերձանք, չոր սնունդ եւ ռազմաճակատում զինվորին անհրաժեշտ այլ իրեր… Եվ ահա նորից ջոկատի հետ է: Նա իր ազնվությամբ ու պարզությամբ միավորում էր բոլորին»:

ԿԱՐՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

Կարոն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունում հանդիպումներ է ունենում եւ ջոկատով ուղեւորվում Մարտակերտի Մաղավուզ գյուղ. պետք էր կարեւոր նշանակություն ունեցող բարձունքներից հեռացնել հակառակորդին, որպեսզի ճանապարհ բացվի դեպի Մարտակերտի շրջկենտրոն. «Իրավիճակն այսպիսին էր. մայիսից մինչեւ հունիսի սկիզբ երեք անգամ` 120, 160 եւ 200 հոգանոց խմբերով փորձել էին ազատագրել բարձունքը, սակայն ձախողել էին, քանի որ հակառակորդը դիրքային առավելություն ուներ, նաեւ օտար վարձկաններ էին կռվում նրա կողմից: Մեր ջոկատի եւ մի քանի ուրիշ ջոկատների համագործակցությամբ հետախուզական գործողություններ կատարվեցին: Տղաները ոգեւորեցին տեղական ուժերին եւ պիտի անցնեին նոր հարձակման, սակայն հորդառատ անձրեւների պատճառով հարձակումը հետաձգվեց»,-հիշում է Շահեն: Կարոն վերադարձավ Ստեփանակերտ, որպեսզի պաշտպանության նախարարությունում համաձայնեցնի ջոկատը այլ թեժ կետ տեղափոխելու որոշումը, սակայն նրան խորհուրդ են տալիս վերադառնալ Մաղավուզ, որտեղ 48 ժամ հետո թեժ մարտեր էին սկսվելու:

Կարոյին նաեւ առաջարկում են ստանձնել նորաստեղծ հետախուզական վաշտի հրամանատարությունը, նա համաձայնում է, բայց չի ստորագրում` ասելով, որ վերադառնալուց հետո կստանձնի պարտականությունները. «Երեկոյան առանց խմիչքի ուրախություն կազմակերպվեց, Կարոն քոչարի պարեց: Ի՞նչ իմանայինք, որ նա պարում է իր անմահության պարը»,-ասում է Շահեն: Հունիսի 24-ը խաղաղ անցավ, գիշերը ջոկատը բարձր տրամադրությամբ շարժվեց դեպի առաջին գիծ. «Այդտեղ` մեր եւ հակառակորդի միջեւ 2 կմ չեզոք գոտում ճանապարհ էր պետք կտրել առանց նշմարվելու: Ժամը մեկին մոտեցանք հակառակորդի դիրքերին: Ամբողջ դաշտն ականապատված էր: «Գրադներով» թշնամու դիրքերը ուժգին հրետակոծելուց հետո պետք է գրոհի անցնեինք ուղիղ ժամը 2-ին: Մյուս ջոկատները խոստացել էին աջից եւ ձախից օգնության հասնել: Հրամանատարն իր պարտականությունը կատարեց մեկ ժամվա ընթացքում: Թշնամու առաջին դիրքերը գրավված էին, տղաները գործի էին դրել անգամ վերջին փամփուշտը, մնացել էին մի քանի ձեռնառումբեր: Մինչեւ լուսաբաց սպասում էինք օգնության` առանց նահանջի մասին մտածելու: Տղաներ էին վիրավորվել, մյուսները մնացել էին ականապատված դաշտում` շրջափակման մեջ: Հինգ անց կեսին թշնամու գնդակը խոցեց հերոսին: Այդ օրը գուցե ոչ մեկը չփրկվեր, եթե վերջին րոպեին չհասնեին Շուշիի առանձնակի գումարտակի տղաները` Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ»:

Շահեն, որ 12 ժամ կորած էր մնացել հակառակորդի ականապատված դաշտում, մենակ, առանց կապի, հրաշքով փրկվեց մահից և գերությունից: Կարոյի դիակը տեղափոխվեց Դրմբոնի հոսպիտալ, ապա Ստեփանակերտ: 1993թ. հուլիսի 3-ին Կարոյի կրտսեր եղբայրը` Դրոն կարողացավ ԱՄՆ-ից հասնել հուղարկավորման արարողությանը: Ներկա էին ջոկատի բոլոր տղաները, Հայաստանում բնակվող հարազատները, Արցախի թեմի առաջնորդը, ջոկատի հովանավորը, բարձրաստիճան սպաներ եւ մտավորականներ, Մոնթեի այրին եւ ծնողները, բազում հայորդիներ: Սպայի տնից Կարո Քահքեջյանին ճանապարհեցին Եռաբլուր: Պարգեւ Սրբազանը հիշեց Կարոյի երազանքը. «Սրբազան, իմ այս ձեռքերով Մասիսի ձյունը պիտի հալեցնեմ»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Ճակատագրեր


04/04/2012