Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՆՏԱՌ»



«Ասոցիատիվ թեստը» բառային ասոցիացիաների հավաքածու է, որը որպես մեթոդ առաջարկվել և կիրառվել է հոգեվերլուծության կարկառուն ներկայացուցիչներից մեկի` Զ.Ֆրոյդի աշակերտ Կարլ Յունգի կողմից: Ասոցիատիվ թեստի միջոցով Յունգը բացահայտում էր մարդու անգիտակցական բարդույթները: Հետագայում ասոցիատիվ թեստի ձևերն ու օգտագործման շրջանակներն ընդլայնվեցին: Այդպիսի թեստերից է հայտնի «Անտառ» ասոցիատիվ թեստը, որի արդյունքը նպաստում է մարդու ինքնաճանաչմանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:

3. Թեստն արտացոլում է Ձեր ինքնահասկացման «այսօրվա» պատկերը, քանի որ վաղը Դուք կարող եք լրիվ այլ կերպ ընկալել աշխարհը:

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. Դուք անտառում եք: Զբոսնում եք ինչ-որ մեկի ուղեկցությամբ: Փորձեք պատկերացնել, թե ո՞վ է այդ «ինչ-որ մեկը»:

Այնուհետև զբոսանքի ժամանակ Ձեզ կենդանի է հանդիպում. ի՞նչ կենդանի է դա, ի՞նչ չափեր ունի: Որքանո՞վ է վտանգավոր այդ կենդանին Ձեզ համար: Ի՞նչ է կատարվում հանդիպումից հետո` Դուք վախենո՞ւմ եք, փախչո՞ւմ, թե՞ միգուցե ընկերանում:

Դուք շարունակում եք քայլել անտառով, ապա հանդիպում եք Ձեր երազանքների տանը: Ի՞նչ չափի է այն` մե՞ծ է, թե փոքր: Ձեր տունը ցանկապատվա՞ծ է:

Դուք մտնում եք տուն: Նայեք սեղանին, ին՞չ եք տեսնում դրա վրա:

Ապա դուք տանից դուրս եք գալիս, այգում` խոտերի մեջ, տեսնում եք ընկած բաժակ: Ի՞նչ նյութից է այդ բաժակը, օրինակ՝ կավից է, կամ արծաթից կամ ապակուց: Ի՞նչ կանեք այդ բաժակը, կթողնե՞ք խոտերի մեջ, թե կվերցնեք, գուցե դե՞ն կնետեք:

Այնուհետև Դուք անցնում եք այգի և կանգնում եք ջրածածկ տարածքի կողքին: Ի՞նչ չափի է այդ ջրամբարը: Խո՞րն է: Հանկարծ թեթև ամառային քամին Ձեր գլխարկը նետում է ջրի մեջ, ինչպես կհանեք այն ջրից, օրինակ՝ հանգիստ կլողաք և կվերցնեք, թե՞ հնարավորինս կփորձեք չթրջվել:

Արդյունքների մեկնաբանում

Այն մարդը, ում հետ Դուք անտառում զբոսնում եք, ներկայումս Ձեզ համար էական նշանակություն ունի և կարևոր, հնարավոր է նաև ամենակարևոր դերակատարումը:

Կենդանին և նրա չափը Ձեր կյանքի խնդիրների և պրոբլեմների մասին Ձեր իսկ պատկերացումն է: Իսկ այն, թե ինչպես եք Դուք վարվում այդ կենդանու հետ, խոսում է Ձեր խնդիրների հանդեպ Ձեր իսկ վերաբերմունքի մասին: Օրինակ, փորձում եք ընկերանալ, սա նշանակում է, որ պրոբլեմների արդյունավետ լուծումներ եք փնտրում, կամ եթե փորձում եք բռնել նրան, ապա Դուք ձգտում եք վերահսկողություն սահմանել Ձեր խնդիրների հանդեպ և փուլ առ փուլ լուծել դրանք: Մյուս տարբերակները, կարծում եք, արդեն պարզ կլինեն Ձեզ:

Եթե Ձեր տունը մեծ է, ուրեմն Դուք ներկայումս ունեք կենսական ակտիվության բավարար մակարդակ, ինչպես նաև ձգտումներ և դրանք իրականացնելու էներգիա: Իսկ փոքր տունը նշանակում է, որ այժմ Դուք գտնվում եք էներգիայի կուտակման և ուժերի զարգացման փուլում` մտածելով, որ դրանց օգտագործման ժամանակը դեռ չի եկել: Եթե Ձեր տունը ցանկապատ չունի, ապա Դուք բաց մարդ եք, առհասարակ ձգտում եք շփման և դրանից կարողանում եք դրական արդյունք ստանալ: Իսկ եթե ցանկապատված է, ուրեմն Դուք զգուշավոր եք շփման մեջ, որևէ մեկին Ձեր «ցանկապատից ներս թողնելու» համար Դուք պետք է նախևառաջ վստահեք նրան:

Եթե Ձեր սեղանին չկա որևէ խմիչք կամ ուտելիք, դա նշանակում է, որ Ձեր կյանքում առկա դժվարությունները խանգարում են Ձեզ լիարժեք երջանիկ զգալու համար: Սակայն Դուք գիտակցում եք, որ այդ դժվարությունները խոչընդոտներ են, որոնք ժամանակի ընթացքում անպայմանորեն հաղթահարվում են, ինչին և Դուք ձգտում եք: Իսկ որևէ խմիչքի կամ ուտելիքի առկայությունը վկայում է, որ Դուք Ձեզ երջանիկ մարդ եք համարում:

Այն նյութը, որից պատրաստված է բաժակը, արտացոլում է այսօր Ձեզ անտառում ուղեկցող մարդու հետ հարաբերությունների ամրության ընկալումը Ձեր կողմից: Օրինակ, ապակե կամ արծաթյա բաժակների նյութերն ամուր են, ինչից երևում է, որ Ձեր հարաբերությունները ևս: Այն, թե դուք ինչպես եք վարվում բաժակի հետ, խոսում է Ձեզ ուղեկցող մարդու նկատմամբ Ձեր վերաբերմունքի մասին: Եթե, օրինակ՝ Դուք բաժակը չեք վերցնում և շրջանցում եք, դա նշանակում է, որ Ձեր հարաբերությունների կայունությանը այնքան էլ վստահ չեք, իսկ վերցնելու և հետո ինչ-որ կերպ վարվելու դեպքում Դուք գնահատում եք Ձեր հարաբերությունները, հոգում եք դրանց պահպանման ու զարգացման մասին:

Իսկ ջրամբարը վկայում է ինտիմ կյանքին Ձեր տված նշանակության մասին: Որքան մեծ է ջրամբարը, և որքան շատ եք Դուք թրջվում գլխարկը վերցնելու համար, այնքան այդ նշանակությունը մեծ է:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Ռազմական


28/03/2012