Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Փետրվարի 10-ին Այգեզարդ համայնքի Արարատ Ղարիբյանի անվան դպրոցը և Արտաշատի ԵԿՄ-ն նշեցին Արցախյան պատերազմի ազատամարտիկ Կոստան-Ավետիս Հարությունյանի մահվան 20-րդ տարելիցը: Հիշատակի օրվա առիթով Այգեզարդում էին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ԵԿՄ անդամներ:

Մարզպետը, հյուրերը, համագյուղացիները, դպրոցականները այցելեցին այգեզարդցի նահատակների՝ Կոստան-Ավետիսի, Անաստասի, Խաչիկի հիշատակին կառուցված հուշահամալիր: Ծաղիկներով խոնարհումից ու խնկարկումից հետո միջոցառումը շարունակվեց դպրոցում:

Բացելով միջոցառումն և ողջունելով հյուրերին՝ դպրոցի տնօրեն Մարատ Մնացականյանը ներկայացրեց Կոստան-Ավետիսի անցած մարտական ուղին, խոսեց այն անմնացորդ նվիրումի մասին, որ նա դրսեւորեց Մայր հողի, հայրենիքի նկատմամբ:

Երախտապարտ այգեզարդցիները Կոստան-Ավետիսի անունով կոչեցին այն փողոցը, որտեղ նա մեծացել էր, իսկ գյուղի երիտասարդները լեռների գրկում գտնվող անդնդախոր ձորը, որը Կոստանի սիրելի վայրն էր, անվանեցին Կոստանի անունով:

Գյուղապետ Արթուր Մանուկյանը, խոսելով Կոստանի մասին, վերհիշեց այն հերոսական դրվագը, երբ թշնամին Կոստանին և իր ընկերներին շուրջկալի մեջ էր վերցրել: Անհավասար մարտում Կոստանը չուզեց հանձնվել ադրբեջանցիներին և գործի դրեց պարանոցից կախված նռնակը, որ պահել էր իր համար: Նշենք, որ թշնամին Կոստանի համար 200 հազար դոլար գլխագին էր խոստացել:

Միջոցառումը համեմված էր գուսան Հայկազունի ռազմական ու հայրենասիրական երգերով: Դպրոցականները խանդավառությամբ էին կատարում Կոստանին նվիրված բանաստեղծություններն ու երգերը: Տարելիցի կապակցությամբ Կոստանը հետմահու պարգևատրվեց «Զորավար Անդրանիկ» մեդալով, որը մարզպետը հանձնեց նրա տիկնոջը՝ Ժաննա Հարությունյանին: ԵԿՄ պատվոգրեր ստացան դպրոցի տնօրեն Մարատ Մնացականյանը, գյուղապետ Արթուր Մանուկյանը, դպրոցի մի խումբ ուսուցիչներ:

Էդիկ Բարսեղյանն իր ամփոփիչ ելույթում մեկ անգամ ևս կարևորեց Արցախյան ազատամարտի մասնակիցների պատմական դերը, Արցախյան ազատամարտի ռազմական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Դիմելով Կոստանի տիկնոջը՝ նա ասաց, որ նաև հայ մայրերի զրկանքների, համբերատարության, դիմացկունության շնորհիվ է, որ մենք կարողացանք հաղթել:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Բանակ և հասարակություն


07/03/2012