Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԱԿԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՆ



XII դարում խաչակրաց արշավանքների հետեւանքով ստեղծվել էին լատինական իշխանությունները Մերձավոր Արեւելքում (Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դքսությունը, Երուսաղեմի թագավորությունը)։ Սրանք Կիլիկիայի հայկական իշխանությունների հետ բազմակողմանի կապերի մեջ էին, տնտեսական, քաղաքական, ռազմական ու նաեւ խնամիական։ Հայ աղջիկները համարվում էին լավագույն հարսնացուները. «Որ տունը հայ աղջիկ, այնտեղ բերք ու բարիք»,- այդպես էր համընդհանուրի կարծիքը։

Միաժամանակ մի ցավալի ավանդույթով հայ աղջիկները, բացի հարուստ օժիտից, նաեւ անշարժ գույք (կալվածք, բերդ) էին տանում որպես օժիտ։ Մասնատվում էր հայ իշխանների ուժն ու հարստությունը։ Իրենց հերթին հայ իշխանները ամուսնանում էին լատին իշխանուհիների հետ, որպես կանոն անօժիտ եւ, ինչն ավելի մեծ ցավ էր, մեծ մասամբ անպտուղ… Միակ ակնկալիքը խաչակիրների զինակցությունն էր, այն էլ ոչ միշտ հուսալի։ Կարծես թե այս ամենը քիչ էր, այդ խաչակիր փեսաները մտածում էին իրենց աներհայրերին կողոպտելու նոր ձեւեր։ Ահա մի օրինակ:

…1103թ. Եդեսիայի կոմս Բոլդուինը ամուսնանում է Մելիտենեի հայ իշխան Գաբրիելի դուստր Մորֆիայի հետ։ Հարուստ օժիտը, հրաշալի դաստիարակված աղջիկը կարծես քիչ էին ընչաքաղց փեսային…

…Օրերից մի օր իշխան Գաբրիելի մոտ հյուրընկալվում է փեսան։ Խնջույքի թեժ պահին ներս են խուժում Բոլդուինի հետ եկած նրա ասպետները եւ պահանջում կա՛մ իրենց ռոճիկը, կա՛մ էլ գրավը, այլապես սպառնում են ավերել Եդեսիայի կոմսությունը։

Իշխան Գաբրիելի այն հարցին, թե ի՞նչ գրավի մասին է խոսքը, Բոլդուինը ամոթահար պատասխանում է, որ գրավ է դրված իր մորուքը (ռոճիկը չվնասելու դեպքում պետք է ածիլեր իր մորուքը), իսկ դա այն ժամանակ ամենամեծ անպատվությունն էր, ամորձատվելու պես մի բան։

Սարսափահար աները ստիպված վճարում է 30000 բյուզանդական ոսկի՝ փրկելով անհաջող փեսային անպատվությունից ու պատվիրելով մյուս անգամ մորուքը գրավ չդնել։

Ահա թե ովքեր էին «Տիրոջ գերեզմանը» փրկողները։

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Պատմության էջերից


07/03/2012