Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ



Վերջերս նշանակալիորեն մեծացել է համակարգչի դիմաց օրվա մեծ մասն անցկացնող մարդկանց քանակը. շատերը համակարգչից օգտվում են նաև տանը: Եւ այստեղ ծառանում է առողջության վրա համակարգչի ազդեցության հարցը:

Իր կենսագործունեության ընթացքում մարդն անընդհատ գտնվում է Երկրի էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ: Այս ֆոնային դաշտի հզորության որոշակի աստիճանը մարդու առողջությանը վնաս չի հասցնում և համարվում է նորմալ: Էլեկտրահաղորդիչ գծերը, ռադիոհաղորդիչ հզոր համակարգերը այդ թույլատրելի մակարդակը բազմիցս գերազանցող էլեկտրամագնիսական դաշտեր են ստեղծում: Դրանցից մարդուն պաշտպանելու համար մշակված են հատուկ սանիտարական նորմեր, որոնց համաձայն արգելվում է ճառագայթման ուժեղ աղբյուրների մոտ բնակելի շենքեր և այլ օբյեկտներ կառուցել:

Սակայն հաճախ առավել վտանգավոր կարող են լինել ճառագայթման թույլ աղբյուրները, եթե դրանց ազդեցությունը երկարատև է: Թույլ աղբյուրներից է աուդիո-վիդեո տեխնիկան: Առավել ուժեղ են մարդու օրգանիզմի վրա ազդում բջջային հեռախոսը, միկրոալիքային վառարանը, համակարգիչն ու հեռուստացույցը: Միկրոալիքային վառարանների ազդեցությունը երկարատև չէ (միջինում 1-7 րոպե), հեռուստացույցն էլ նշանակալի վնաս է հասցնում միայն մոտ հեռավորության վրա: Իսկ համակարգչի էլեկտրամագնիսական ճառագայթման հարցը բավականին լուրջ է:

Բանն այն է, որ համակարգիչն ունի էլեկտրամագնիսական ճառագայթման միանգամից երկու աղբյուր` մոնիտորը և CPU unit-ը` համակարգչի այն տուփը, որում գտնվում են բոլոր հիմնական հանգույցները: Համակարգչից օգտվողը զուրկ է անվտանգ հեռավորության վրա աշխատելու հնարավորությունից: Բացի դրանից, համակարգչի ազդեցությունը երկարաժամկետ է, ժամանակակից օգտվողների համար` 12 ժամից էլ շատ: Պաշտոնական նորմերը թույլ չեն տալիս համակարգչով աշխատել 6 ժամից ավելի, իհարկե, քննարկումից դուրս են մնում IBM-ի դիմաց անցկացվող երեկոյան ժամերը:

Մոնիտորը և հատկապես կողային ու հետևի պատերը էլեկտրամագնիսական ճառագայթման շատ հզոր աղբյուր են: Թեպետ տարեցտարի նվազեցվում է մոնիտորի ճառագայթման հզորությունը, կատարելագործվում է միայն էկրանի դիմային մասը, որի պաշտպանական ծածկույթը որակյալ է: Իսկ կողքի և ետևի պատերը մնում են ճառագայթման նույնքան հզոր աղբյուր:

Վերջին հետազոտությունների համաձայն` մարդու օրգանիզմն առավել զգայուն է 40-70 ԳՀց հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ: Սենյակում առավել անվտանգ է համակարգիչը տեղադրել կա՛մ անկյունում, կա՛մ էլ այնպես, որպեսզի աշխատելու ընթացքում ոչ ոք չհայտնվի դրա ետևում կամ կողքը: Իսկ «Macworld» ամսագրի կատարած հետազոտությունների համաձայն` բարենպաստ է մոնիտորը տեղադրել նստած վիճակում պարզած ձեռքի հեռավորության վրա:

Միանշանակ է, որ համակարգիչների հզոր էլեկտրամագնիսական ճառագայթումն ազդում է մարդկանց առողջության վրա: Համակարգչի առջև մի քանի օր շարունակ երկարատև (ժամեր տևող) աշխատանքի արդյունքում մարդն սկսում է իրեն հոգնած զգալ, դառնում է լարված, հանգստանալու, պառկելու անհրաժեշտություն է զգում: Այսօրվա հասարակությունում այս երևույթը ստացել է «քրոնիկական հոգնածության ախտանիշ» անվանումը: Պաշտոնական բժշկության տվյալների համաձայն` դա բուժման ենթակա չէ:

Էլեկտրամագնիսական ճառագայթումը ամենից շատ ազդում է իմունային, նյարդային, էնդոկրին և սեռական համակարգի վրա: Իմունային համակարգը պակասեցնում է արյան մեջ պաշտպանական ֆունկցիա կատարող հատուկ ֆերմենտների քանակը, թուլացնում է բջջային դիմադրողականության համակարգը:

Էնդոկրին համակարգը արյան մեջ ավելցուկային ադրենալին է ներմուծում և որպես հետևանք` ճնշվում է սիրտ-անոթային համակարգը: Տեղի է ունենում արյան խտացում, ինչի հետևանքով բջիջները անբավարար թթվածին են ստանում, նյարդային համակարգի փոփոխություններն էլ անզեն աչքով են երևում:

Մխիթարիչ է այն հանգամանքը, որ համակարգիչները օրեցօր կատարելագործվում են ոչ միայն գործունեության արագության և ֆունկցիոնալ բազմազանության առումով, այլև` անվտանգության պահանջների տեսանկյունից: Արդյունքում` այսօրվա համակարգիչը տասնյակ անգամներ ավելի անվտանգ է 10-20 տարի առաջվա իր նախատիպերից:

Սակայն, ցավոք, համակարգչով աշխատելն առաջացնում է մի շարք «մասնագիտական» հիվանդություններ` օստեոխոնդրոզ, ձեռքերի մանր հոդերի և ջլային պարկերի հիվանդացում, աստիգմատիզմ, լուսաֆոբիա, կարճատեսություն, փոքր տազի օրգանների հիվանդություններ, թութք և այլն: Այս տհաճություններից խուսափելն այնքան էլ հեշտ չէ:

Իրականում, ժամանակակից համակարգիչը վնասակար է դառնում աշխատանքի սխալ կազմակերպման պատճառով: Աշխատանքային ճիշտ ռեժիմի պահպանումը թույլ է տալիս ոչ միայն կասեցնել բոլոր բացասական գործոնների ազդեցությունը, այլև ամրապնդել առողջությունը:

Հայտնի է, որ ճիշտ կեցվածքը մարմնի բոլոր մասերի և ներքին օրգանների միջև ներդաշնակ փոխկապվածության գրավականն է, որի դեպքում չեն խանգարվում կենսական գործառույթները: Համակարգչով աշխատանքի չարաշահումը նպաստում է սխալ մարմնի կեցվածքի ձևավորմանը` հանգեցնելով ներքին օրգանների և մկանային համակարգի հետևյալ խանգարումների.

– ողնաշարի մկանների թուլացման պատճառով ողերի միջև հեռավորության փոքրացում, ողնուղեղային արմատիկների նեղացում: Ի հայտ է գալիս բավականին տհաճ ցավ կրծքային և գոտկային հատվածներում, ճնշվում է ներքին օրգանների աշխատանքը, բերելով անգամ քրոնիկ հիվանդությունների;

– անշարժ վիճակում աշխատանքի պատճառով ստորին վերջույթներում տեղի է ունենում երակային արյան հոսքի դանդաղեցում: Խանգարվում է արյան շրջանառությունը ստամոքսի հատվածում, ինչն անչափ վնաս է օրգանիզմին:

– վզի և ուսագոտու մկանների կրճատում` երկարատև նստած դրությունից: Մկանների այդ լարումը խանգարում է արյան ազատ հոսքին դեպի գլուխ և ձեռքեր: Դա բերում է հիշողության, ուշադրության, կենտրոնացման վատթարացմանը, թուլանում է աշխատունակությունը, թմրում և արագ հոգնում են ձեռքերը:

– մարդը շարունակ չի կտրում հայացքը էկրանից, որի լույսը, աչքի նյարդերը պահում է լարված վիճակում, ինչն էլ փոխանցվում է ամբողջ օրգանիզմին: Եվ առաջ է գալիս ապատիա, քրոնիկ հոգնածություն:

Մինչդեռ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ հետևյալը`

– աշխատանքային ամեն կես ժամից հետո մի քանի րոպե փակել աչքերը, թուլացնել դեմքի մկանները;

– դուրս գալ աշխատանքային սեղանից և կատարել ոչ բարդ մարզանք կամ պարզապես ժամը մեկ քայլել միջանցքում;

– չի խանգարի և ձեռքերի դաստակների մերսումը` մատների ծայրերից – վերև: Արյան երակային հոսքի բարելավման համար հոգնած ձեռքերը ժամանակ առ ժամանակ բարձրացնել վեր, շարժել մատները:

ՄԱՐԻ ԱՏՈՄՅԱՆ

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Ռազմական


22/02/2012