Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻԻ ԿԱՆԱՆՑ ՋՈԿԱՏԸ



Ազատամարտիկ կանայք զինադադարից հետո տուն վերադարձան՝ լեռներում թողնելով իրենց սիրտը…

Հիշում եմ՝ 1992թ. սկզբներին ե՛ւ հայերենով, ե՛ւ ռուսերենով գրված մի հայտարարություն կարդացի Ստեփանակերտի նախկին մարզգործկոմի շենքի պատին. «Աղջիկների եւ կանանց կամավորականների ջոկատին անդամագրվել ցանկացողներին խնդրվում է դիմել պաշտպանության կոմիտե (5-րդ սենյակ)»։ Այդ սենյակի դիմաց, ինչ խոսք, խռնված ամբոխ չկար, բայց կամավոր կանանց թիվը կամաց-կամաց մեկ-երկուսից աճել էր՝ հասնելով մի քանի տասնյակի… Դժվարին ու ծանր օրեր էին սպասում հայրենիքի փրկության գործին անդամագրված այդ հայուհիներին. նրանց սպասում էր ռազմի դաշտը, նրանք գնում էին իրենց եղբայրների հետ կռվելու ու հաղթելու։

Ցուրտը, անձրեւը, շոգը, թշնամու արկերի ահարկու ոռնոցը չէին վախեցնում նրանց։ Արհամարհելով մահը՝ նրանք գնում էին թշնամուն ընդառաջ։ Ատում էին մահը։ Նրանցից յուրաքանչյուրը կորցրած հարազատ ուներ, ամուսին, եղբայր, ընկեր։ Գնացին եւ տղամարդկանց հետ հավասարապես կիսեցին մի պատառ հացը, մի ումպ ջուրը, մութ գիշերվա սարսափները։ Այլեւս նրանք ո՛չ տարիք ունեին, ո՛չ էլ սեռ. Նրանք զինվոր էին։ Եվ հենց նրանց մասին է ասված. «Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ»…

Այս տողերը գրելիս մեկ-մեկ աչքիս առջեւով անցնում են Շուշիի կանանց ջոկատի մարտիկների՝ իմ հերոսական քույրերի գեղեցիկ դեմքերը… Որքա՜ն երազանք, որքա՜ն սեր կար նրանց հոգում եւ աչքերում, որքա՜ն ատելություն թշնամու նկատմամբ։ Նրանցից շատերը, այո՛, արդեն ամուսին էին կորցրել, եղբայր, բայց իրենց հոգու խորքում անթեղված պահում էին երջանիկ ու լավ օրերի երազանքը։

Ես գլուխ եմ խոնարհում ձեր հերոսական կերպարների առջեւ, իմ լավ քույրեր՝ Կարինե Դանիելյան, Վարդուհի Գեւորգյան, Անահիտ Պետրոսյան, Ծովինար Շամիրյան, Անահիտ Թամրազյան, Գայանե Առուստամյան, Արգեա Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան եւ ուրիշներ։ Դուք կրակե շապիկ հագած ֆիդայիներ էիք, որ տղամարդկանց հետ հավասար կռվեցիք, եւ ձեր նուրբ, բայց ուժեղ ձեռքերով վճռեցիք հաղթանակի ելքը ու սեփական ժողովրդի հետագա՝ անկախ ընթացքը։ Անգնահատելի է ձեր ներդրումը մեր հերոսամարտում եւ անբասիր ծառայությունը հայրենիքին։

Դուք կռվեցիք հայ զինվորին վայել եւ փառաբանեցիք հայ կնոջ անունը։ Դուք տառապեցիք ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, եւ ձեր տառապանքը սուրբ տառապանք էր։

Որքան ծանր տարանք քո կորուստը, սիրելի Մարգո, մեր քնքուշ Մարգարիտա։ Մենք չէինք հավատում, որ կարող է զոհվել մեզնից ամենաքաջը, ամենահամարձակը, ամենաուժեղը, նա, ով կատարելապես տիրապետում էր իր ձեռքի զենքին եւ տղամարդու պես գիտեր մարտական բոլոր հնարքները… Ախր, մենք քեզ անխոցելի էինք համարում, մեր պաշտպանը, մեր հույսը…

Պատերազմ էր, եւ պատերազմական կյանքը մեզ համար էլ աննկատ կոպտացրել էր մեզ։ Բայց մենք ծիծաղում էինք, ուրախանում, նույնիսկ փորձում էինք կատակել… Այո՛, փորձում էինք, բայց մեր կատակները հաճախ կոպիտ էին լինում, ճիշտ այնպես, ինչպես կյանքն ինքն էր։ Հիշում եմ՝ մի օր, երբ զորանոցում նստած մեր հագուստներն էինք կարգի բերում, ես նայեցի լուռ ու մտախոհ աղջիկներին, նաեւ Մարգոյին եւ նրանց տրամադրությունը բարձրացնելու համար ասացի.

-Մարգո, կռվի ժամանակ դու միշտ իմ կողքին եղիր, չհեռանաս ինձնից…

-Ինչի՞,- զարմացավ Մարգարիտան։

-…որ եթե հանկարծ զոհվես, ոսկի ատամներդ ինձ վերցնեմ. հո թուրքերին չե՞նք թողնելու, ափսոս են…

Եվ զորանոցը պայթեց աղջիկների ծիծաղի պոռթկումից։ Բոլորը ծիծաղից արտասվում էին, բայց բոլորից բարձրը հենց Մարգարիտան էր ծիծաղում։

Այո՛, դաժան էր մեր կյանքը, եւ դաժան էին մեր կատակները։ Եվ Մարգոն զոհվեց։ Մեր քույրը, մեր լավագույն դիպուկահարը ընկավ անհավասար մարտում՝ հերոսի մահով։ Այդ օրը ես երբեք չեմ մոռանա։ 1993 թվականի օգոստոսի 23-ն էր։

Տարիներ են անցել այն օրից, բայց իմ մարտական ընկերուհու մահը դեռ խոր կսկիծ ու վիշտ է պատճառում ինձ, եւ ամեն անգամ այդ վշտի ու ցավի միջից ականջիս է հասնում նրա զրնգուն ծիծաղի ձայնը…

Շուշիի կանանց ջոկատի աղջիկների համար հանուն հայրենիքի մեռնելը խնդություն էր եւ մեծագույն պատիվ։ Այստեղ էլ Մարգոն, ինչպես կյանքում, առաջինը եղավ։

Այո՛, զինադադարից հետո կին-ազատամարտիկները մեկ-մեկ տուն վերադարձան, սակայն նրանց սիրտը մնաց Արցախ անառիկ աշխարհի բարձր լեռներում…

ՍԻԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Ճակատագրեր


08/02/2012